ՍԴ 5-6 անդամներ չեն կարող մասնակցել Քոչարյանի գործի քննությանը. Նիստը չպետք է տեղի ունենա

26-08-2019 21:45

Մեր զրուցակիցն է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը Շատերը նշում են, որ Ամուլսարի խնդիրը կարող է հանգեցնել արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Ձեր կարծիքով, չափազանցվա՞ծ են այս տեսակետները: Բացառել դա որպես հնարավոր զարգացում, անհնար է, բայց նաև այս պահին տեսնել դրա հնարավորությունը ևս անհնար է: Որովհետև ընտրությունները նոր են տեղի ունեցել, իշխանության ակնհայտ ճգնաժամ չկա: Իհարկե, «Իմ քայլի» ներսում նկատելի են տարակարծություններ, բայց իշխող կուսակցության թիմի խնդիրն է՝ թույլ տալ ազատորեն տեսակետներ հայտնել, թե գալ փոխզիջումային որոշման և դա հրապարակային հայտնել: Ընդհանուր առմամբ, ինձ համար տակավին պարզ չէ, թե ինչ է արվելու Ամուլսարի հետ, որովհետև զուտ հանրային շահի տեսանկյունից, կարծեք թե, տեսանելի է հանրության զգալի հատվածի դիրքորոշումը: Իհարկե, կան նաև հանքի շահագործմանը կողմ արտահայտվողներ, բայց նկատելի է, որ դեմերն ավելի շատ են: Մենք բոլորս էլ հասկանում ենք, որ այստեղ մի քանի խնդիր կա. դա միայն հանրային շահի խնդիրը չէ, որի հետ կապված հնարավոր է վեճեր լինեն, բայց հնարավոր էր արագ որոշումներ կայացնել: Կա նաև Հայաստանի գործընկերների, միջազգային հարաբերություններում երկրի իմիջի, տնտեսության կառուցվածքի խնդիրը: Ակնհայտ է, որ կառավարությունը այդ դաշտում է դժվարանում որոշում կայացնել, ոչ թե այն առումով, թե հանրային շահն ինչ է պահանջում: Կա կարծիք, որ եթե Ամուլսարի հանքը շահագործվի, շատ տարբեր խմբեր կմիանան պայքարին, ընդհուպ մինչև գործի կդրվի «կոնսենսուս մինուս մեկ» սկզբունքը, որի մասին հայտարարել էր Ռոբերտ Քոչարյանը: Տեսանելի է, որ հանրության այն շերտը, որ առաջնորդվում է հանրային շահով, բայց ոչ քաղաքական խնդիրներով, ոգեշնչված չէ ձեր նշած ուժերի աջակցությունից: Նրանք խնդիրներ ունեն միասին լինելու, շատ բարդ է նրանց տեսնել միասին նույն դաշտում: Կարծում եմ՝ այդպիսի միասնականություն չենք ունենա, նրանք հարթակ չեն թողնի քոչարյանական և այլ ռևանշիստական խմբակներին: Տեսակետ կա, որ եթե բողոքի ելած քաղաքացիների թիվը մի քանի հազարի հասնի, ուժի կիրառումն անխուսափելի կդառնա: Կարծում եմ՝ Երևանում ուժ չի կիրառվի: Եթե շահագործման թույլտվություն լինի և եթե Ամուլսարի մոտ դրված քաղաքացիական սահմանապահ կետերը հեռացնելու խնդիր լինի, այդ դեպքում հնարավոր է ուժ կիրառվի: Վերջին դեպքերը մի փոքր մտորելու հիմքեր են տալիս, երբ ոստիկանության պահվածքն ամենևին օրինակելի դաշտում չէ, բայց բոլոր դեպքերում չեմ կարծում, որ կվերաճի լուրջ խնդրի: Վենետիկի հանձնաժողովը հայտարարել է, որ պատրաստ է խորհրդատվական կարծիք տրամադրել ՍԴ-ին՝ Քոչարյանի գործով: Ես կասկած ունեմ, որ Վենետիկի հանձնաժողովը դեմ գնա մեր Սահմանադրությանը, որտեղ գրված է, որ զինված ուժերը չեն կարող ներգրավվել քաղաքական գործընթացների մեջ և նման խնդրահարույց կարծիք ներկայացնի: Եթե նման բան տեղի ունենա, Հայաստանը պետք է դիտարկի իր մասնակցության հարցն այդ կառույցի աշխատանքներին իր անդամավճարներով, որովհետև դա չափազանց ճչացող կլինի, թե ինչով են զբաղված Վենետիկի հանձնաժողովում: Ես շարունակում եմ հույսեր փայփայել, որ Եվրոպայի խորհրդի այդ կառույցը նման քայլի չի գնա: Նման տեսակետի համար հիմք են նաև ՄԻԵԴ-ի կայացրած վճիռնե՞րը Քոչարյանի օրոք տեղի ունեցած իրադարձությունների, այդ թվում մարտի 1-ի հետ կապված: Իհարկե, նաև դա նկատի ունեմ, ՄԻԵԴ-ը մի քանի  առանցքային գործերով որոշումներ է կայացրել, նաև ԵԽԽՎ-ն ճանաչել է Հայաստանում թե քաղբանտարկյալների, քաղաքական շարժառիթներով ձերբակալված անձանց առկայությունը, թե ուժային կառույցների գործողությունների անհամաչափությունը, թե արտակարգ դրություն մտցնելն է վիճարկելի համարել, քանի որ դա իրականացվել է Հայաստանի պարտավորությունների խախտումով, իրավունքների սահմանափակման մասին չի ծանուցվել ԵԽ-ին, փաստացի սահմանափակումները վերաբերվել են ոչ միայն Երևան քաղաքին, այլ ամբողջ հանրապետությանը և այսպես շարունակ: Այսքանից հետո չեմ կարծում, որ եվրոպական կառույցները դեմ կգնան իրենց նախկին դիրքորոշումներին: ՍԴ-ի շուրջ առաջացած խնդիրը դեռ չի լուծվել, իսկ ՍԴ-ն արդեն օգոստոսի 29-ին քննելու է Ռոբերտ Քոչարյանի դիմումը: Ի՞նչ կարող ենք ակնկալել ՍԴ-ից: Ես կարծում եմ, որ այդ գործով ՍԴ բոլոր անդամները կհրաժարվեն մասնակցել, քանի որ ավելի վաղ աշխատանքային որոշում էր ընդունվել, որ այն դատավորները, որոնք նախկինում որևէ կերպ առնչվել են «մարտի 1»-ի գործին, իրավունք չպետք է ունենան մասնակցել դրան, իսկ ես դեռ ամիսներ առաջ ներկայացրել եմ, որ ՍԴ 5-6 անդամներ սերտ առնչություն են ունեցել «մարտի 1»-ի իրավաքաղաքական գնահատականների ձևակերպումները տալիս և ունեն կանխակալ մոտեցում: Հետևաբար, նրանք չեն կարող մասնակցել այդ գործի քննությանը: Իհարկե, սա ճգնաժամային իրավիճակ է ստեղծում, բայց այդ նիստը չպետք է տեղի ունենա:

Lragir.am,
26-08-2019 21:45