Հիմա խոսում ենք միայն Ամուլսարի մասին, բայց գործող հանքերը հենց այսօր անդառնալի վնաս են հասցնում շրջակա միջավայրին

Lragir.am-ի զրուցակիցն է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը Պարոն Խաչատրյան, Ամուլսարի հանքավայրի շահագործման հարցի քննարկման ֆոնին նաև ընդհանրապես առաջանում է այն հարցը, թե ինչպե՞ս պետք է պետությունն անվտանգ ու արդյունավետ հանքարդյունաբերություն կազմակերպի: Ընդհանրապես, հանքարդյունաբերությունն անվտանգ չի լինում՝ լինի դա ամենազարգացած թե ամենաաղքատ երկրում: Ուղղակի տարբերությունն այն է, թե այդ երկրներում տարիների ընթացքում ինչպես է փոխվել պետության ու քաղաքացիների վերաբերմունքը հանքարդյունաբերության նկատմամբ: Եվ տարիների ընթացքում այդ վերաբերմունքի արդյունքում խստացվել են բնապահպանական և շրջակա միջավայրի վնասի նկատմամբ պահանջները: Այն, որ ասում են՝ ցանկացած հանքի շահագործում կարելի է կառավարելի դարձնել, դա համեմատության մեջ է, բացարձակ առումով դա հնարավոր չէ իրականացնել: Բայց կա մյուս կողմն էլ: Ի վերջո, մարդկությունը հենց հանքարդյունաբերության ճանապարհով է նաև իր առաջընթացն ապահովել: Այսինքն՝  հարցը, թե հանքարդյունաբերությունը հարկավոր է, թե ոչ, միանշանակ՝ այո: Հիմա անդրադառնանք Հայաստանին, որովհետև Հայաստանի դեպքում էլ հանքարդյունաբերությունը միշտ յուրահատուկ դեր է ունեցել: Խնդիրն այն է, թե արդյոք Հայաստանում հաշվարկ կա՞, թե մեր այս 30 հազար քմ տարածքն ինչքանով կարող է տանել հանքարդյունաբերության բեռը: Հավասարակշռվածության հարցն է այստեղ, որովհետև մեր անհանգստությունն այն է, որ տարիներ շարունակ մասշտաբային շահագործման են ենթարկել Հայաստանի ընդերքը: Խոսքը 1998 թվականից հետոյի իրավիճակի մասին է, որովհետև մինչև այդ ՀՀ-ում հանքարդյունաբերության ոլորտում նոր թույլտվություններ չեն տրվել: Խնդիրը դա է, որը մինչև օրս կա, որ պետք է ճշգրտվի, մասնագիտորեն հաշվարկվի, թե Հայաստանի բնությունը, շրջակա միջավայրը, մենք՝ ՀՀ քաղաքացիները, ի վիճակի՞ են այդ մկիջավայրում ապրել, թե ոչ: Երկրորդը, միշտ օրակարգում բարձրացվել է Հանքարդյունաբերոթյան զարգացման ռազմավարության մշակման հարցը: Բայց մինչ օրս այս ռազմավարությունը չկա: Եթե այդ ռազմավարությունն ունենայինք, Ամուլսարի և  հանքարդյունաբերության հետ կապված այլ  խնդիրները չէի լինի: Մարդիկ կունենային փաստաթուղթ, որի հիման վրա կասեինք, որ զարգանում է Հայաստանի հանքարդյունաբերությունը: Այսինքն՝ Հայաստանի նոր իշխանությունների առաջ այդ ռազմավարությունն ստեղծելու հա՞րցն է դրված: Եվ այդ ռազմավարության կարևոր սկզբունքը ո՞րը պետք է լինի: Միանշանակ: Ես կարծում եմ, որ կառավարությունը պետք է մեկ տարի առաջ դա աներ, երբ որոշում կայացվեց, որ Ամուլսարի հարցով պետք է ուսումնասիրություն կատարվեր: Պետք էր օրակարգում դրվեր նաև այդ ռազմավարության հարցը: Բայց գուցե շատ պահանջներ ենք դնում կառավարության առաջ, որովհետև, երբ նայում ենք, թե մեկ տարվա ընթացքում ինչ ծանրաբեռնվածությամբ ու ինչ քաղաքական իրավիճակներում է գործել կառավարությունը, հասկանում ենք ինչ-որ տեղ: Մենք հիմա ունենք այն, ինչ ունենք, բայց շարունակությունն ինչպե՞ս է լինելու: Կառավարությունն այս հարցերը պետք է պարզաբանի: Օրինակ՝ նույն Թեղուտի, Ալավերդու պնղձաձուլարանի հետ ի՞նչ ենք անելու, Քաջարանի լեռնամետալուրգիական համալիրի, Սոթքի հանքավայրի հետ ի՞նչ ենք անելու: Մենք հիմա խոսում ենք միայն Ամուլսարի մասին, բայց մոռանում ենք, որ գործող հանքերը հենց այսօր ահռելի ու անդառնալի վնաս են հասցնում շրջակա միջավայրին: Այս խնդիրները համալիր լուծում են պահանջում, և այստեղ մեծ անելիք ունի հատկապես Շրջակա միջավայրի նախարարությունը, որը նախկինում կրելով “բնապահպանություն” անունը, հակառակ գործն է արել, նպաստել է բնության քանդմանը: Երբ մենք հիմա ամփոփում ենք ՀՀ կառավարության՝ այդ ուղղությամբ 2000-2018 թվականների գործունեությունը, կարող ենք ասել, որ ուղղակի բնությունը քանդել ու ավերել են: Եվ այսօրվա կառավարությանը թողել են անհեռանկար ծրագրերով ուղղակի ոչ մի պատասխանատվություն չկրող մի համակարգ: Աշխարհը հիմա հետևյալ ուղղությամբ է գնում՝ բնության վնասների փոխհատուցման գումար է ուզում: Այսինքն՝ այն, ինչ այսօր խոսվում է Ամուլսարի հանքավայրը շահագործող Լիդիան ընկերության կողմից, դա պետք է փաստերով ներկայացվի և նաև ֆինանսական որոշակի պահանջներով լինի: Ամենամեծ խնդիրն աշխարհում եղել է այն, թե հանքարդյունաբերության ավարտից, հանքերը շահագործելուց հետո ինչ է լինելու: Այդ տարածքներում ավերածություն է գնում, շահագործումից հետո ընդհանրապես անիմաստ է դառնում այդ տարածքները որևէ կերպ օգտագործելը: Հիմա, որպեսզի նման խնդիր չլինի, աշխարհում հանքարդյունաբերողների առաջ խնդիր են դնում դեպոզիտ հաշիվներում գումարներ դնել, որոնցով հետագայում կվերականգնվեն, ռեկուլտիվացիայի կենթարկվեն այդ տարածքները: Այսինքն՝ հիմա հանքարդյունաբերության նկատմամբ վերաբերմունքը փոխվել է: Ոչ ոք դեմ չէ, որ հանքարդյունաբերություն լինի աշխարհում: Ես կարծում եմ՝ շատերիս  անհանգստացնում է այդ ապագան՝ ի՞նչ է լինելու հանքերը շահագործելուց հետո: Նույնը վերաբերում է Ամուլսարին: Ոչ այդ հանքավայրի դեմ բողոքողներն են Հայաստանի թշնամիները, ոչ էլ նրանք, ովքեր ուզում են, որ հանքը շահագործվի: Ես կարծում եմ, որ պետք է հավասարակշռված միջինը գտնել ու իմ բարձրացրած հարցերի պատասխանները փնտրել: Տասը տարի հետո ի՞նչ է լինելու Ամուլսարում: Երբ Թողուտն սկսում էին շահագործել, մեզ ասում էին՝ ժամանակակից տեխնոլոգիաներով շահագործում, անվտանգ պոչամբար, Ալավերդին որոշ ժամանակ անց կդառնա Լաս Վեգաս և այլն: Ի՞նչ ունենք այսօր: Եվ ամենակարևորն այն է, որ այս ամենի համար պատասխան տվող չկա: Ամուլսարի դեպքում ինձ համար կարևոր խնդիրն այն է, որ այն մարդիկ, ովքեր ժամանակին այդ ծրագիրն սկսել են, հիմա փորձում են քաղաքական դիվիդենտներ շահել: Այսինքն՝ այս հարցն օգտագործում են իրենց քաղաքական վերակենդանացման կամ նորից քաղաքական կյանք մտնելու համար: Սա ինձ համար անընդունելի է: Նկատելի է, որ իշխանությունը Ամուլսարի հարցով դժվար խնդրի առաջ է կանգնած, քանի որ մյուս կողմից խոշոր ներդրման հարց կա: Ինչպե՞ս ճիշտ որոշում կայացնել: Ժողովրդավարությունը հենց այն է, որ իշխանությունն ընտրվում է որոշակի քանակի ձայներով, բայց հետո ինքը պետք է կատարի ոչ միայն այդ մեծամասնության, այլ երկրի բոլոր քաղաքացիների ցանկությունները: Եվ այստեղ հակասությունների առաջ է կանգնում իշխանությունը, որովհետև իր առջև կանգնում են նաև մարդիկ, ովքեր իրեն ձայն չեն տվել, բայց տվյալ երկրի քաղաքացիներն են, ունեն պահանջներ: Եվ այստեղ հենց հավասարակշռված լուծում պետք է գտնի տվյալ իշխանությունը, որի համար քաղաքական ու պետությանը չվնասող որոշումներ պետք է լինեն: Տվյալ քաղաքական ուժի գնահատականը նաև այն է, որ ինքը կարողանա գտնել այդ հավասարակշված որոշումը: Ինձ թվում է՝ իշխանությունը պատասխանատվություն է վերցրել նաև նախկինում արած-չարածների համար՝ որպես պետություն: Առավել ևս այդ պատասխանատվությունն ստանձնել է միջազգային արենայում: Բացի ֆինանսական վճարներից, այստեղ նաև երկրի իմիջի խնդիր կա: Եվ կառավարությունն ու իշխանությունը պետք է որոշի, թե իր իմիջը ոնց է ձևավորում: Ինչն է իր իմիջի վրա դրական ազդելու, որը կնպաստի երկրում ներդրումների աճին: Իմիջիայլոց, երկու տարբերակն էլ ընդունելի է, իշխանությունը կարող է և որպես հանքարդյունաբերության ջատագով հանդես գալ, և հակառակը: Երկու դեպքում էլ ինքը իմիջ կձևավորի, բայց պետք է հավասարակշռի, թե որն է կարևոր, նաև տնտեսության զարգացման համար: Այն խնդիրը, որը դրել էին 2011 թվականին Լիդիան ընկերության առաջ, այդ խնդիրը մեր քաղաքացիների բարեկեցության համար չէր: Այն ժամանակ մեզ չեն հարցրել, մեր կարծիքն իրենց չի հետաքրքրել: Սա նախիկինի ժառանգությունն է, իսկ նախկին գրեթե բոլոր ծրագրերն ուղղված չեն եղել մեր քաղաքացիների շահին, մեր դեմ են եղել: Բայց հիմա եկել է այնպիսի իրավիճակ, որ ժողովուրդն ունի իշխանություն, որին վստահում է, ձայներ է տվել: Բայց այդ իշխանությունն էլ որոշակի սահմանափակումների մեջ է, որովհետև արդեն պետություն է ներկայացնում, պետություն, որն ունի իր խաղի կանոնները, պետք է օրենք, կարգ ու կանոն պահպանի, միջազգային ատյաններում ներկայանա, որ այդ սկզբունքների կրողն է: Բայց, մյուս կողմից էլ, լրջագույն ներքին պրոբլեմների առաջ է կանգնում, որովհետև մարդիկ վախենում են, որ Ամուլսարի շահագործումը վտանգներ կարող է առաջացնել: Հիմա իշխանությունը քաղաքական ուժերի հետ, եթե կան այդպիսի ուժեր, պետք է կարողանա իր երկրի քաղաքացիներին ուղղակի ներկայացնել իր մոտեցումները և դրանք բոլորինը դարձնի: Հավասարակշռված քննարկում պետք է լինի, եթե խնդիր կգտնեն, որ հանքի շահագործումն անհամատեղելի է, ես համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանը որոշում կընդունի: Ես չեմ կարծում, որ ինքը կախվածություն ունի որևէ մեկից, սա իր և այս իշխանության ամենամեծ առավելությունն է:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
27-08-2019 18:53