Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը կխաղա Փյունիկում

31-08-2019 15:12

Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին հարձակվող Դմիտրի Սիչյովը որոշել է վերսկսել պրոֆեսիոնալ կարիերան և պայմանագիր է ստորագրել Երևանի «Փյունիկ»-ի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ռուսական championat.com կայքը: Նշվում է, որ ֆուտբոլիստը երևանյան ակումբի հետ մեկ տարվա պայմանագիր է կնքել՝ ևս մեկ տարով այն երկարացնելու հնարավորությամբ: Կայքը հրապարակել է նաև լուսանկարներ, որոնցից պարզ է դառնում, որ ռուս հարձակվողը «Փյունիկ»-ի կազմում հանդես կգա 19 համարի մարզաշապիկով: Դմիտրի Սիչյովը ֆուտբոլային կարիերայի ընթացքում  հանդես է եկել այնպիսի թիմերում, ինչպիսիք են Մոսկվայի «Սպարտակ»-ը, Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ը, ֆրանսիական «Մարսել»-ը: Նա 2002-2010թթ հանդես է եկել Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում:  

Lragir.am,
31-08-2019 15:12