Սեպտեմբերի 1. ոստիկանությունն անցել է ուժեղացված ծառայության

01-09-2019 13:02

Այսօր սեպտեմբերի 1-ն է՝ գիտելիքի և դպրության օրը: Առաջին դասարանցիները շտապում են դպրոց՝ հանդիպելու և ծանոթանալու ուսուցիչների ու դասընկերների հետ: Օրը տոնական է: Բոլորը շնորհավորում են միմյանց: Ոստիկանները նույնպես պատրաստված են՝ զինված ծաղիկներով, փուչիկներով: Նրանք պատրաստ են ու պատրաստակամ առաջիկա օրերին անել ամեն ինչ, որպեսզի տոնը տոն մնա: Բոլորի, նաև մեր երեխաների անվտանգությունը ապահովում է ոստիկանությունը: Ապահովում է միշտ, բայց սեպտեմբերի առաջին օրերին ոստիկանության հատուկ աշխատանքն արդեն ավանդական է դարձել: Հանգստի անհոգ օրերից հետո հատկապես երեխաները դեռ չեն հարմարվել, չեն ադապտացվել քաղաքի ռիթմին, դրա համար ժամանակ է պետք: Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարականով՝ գրեթե ողջ համակարգն այսօրվանից մեկ ամսով անցել է ուժեղացված ծառայության: Բոլոր ուսումնական հաստատությունների մոտ կլինեն ճանապարհային ոստիկաններ, պարեկապահակետային ծառայողներ, դպրոցական ու անչափահասների գծով տեսուչներ, օպերլիազորներ ու համայնքային ոստիկաններ: Նպատակը՝ մեր քաղաքացիների անվտանգությունն ապահովելն է: Սիրելի՛ աշակերտներ, ուսուցիչներ, ծնողներ, ուսանողներ ու դասախոսներ, շնորհավորում ենք ամենապայծառ տոներից մեկի՝ գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ: Մաղթում ենք արդյունավետ դասաժամեր, գիտելիքի մեծ պաշար և իհարկե՝ անվտանգ ու ապահով օրեր: ՀՀ ոստիկանություն

Lragir.am,
01-09-2019 13:02