Նոր մանրամասներ 28-ամյա կնոջ սպանությունից. Տեսանյութ

03-09-2019 13:04

Սեպտեմբերի 2-ին ոստիկանությունում տեղեկություն ստացվեց, որ Երևանի Բրյուսովի փողոցի 23-րդ շենքի բնակարաններից մեկում կնոջ դի կա՝ բռնության հետքերով ու վնասվածքներով: Դեպքի վայր մեկնեցին ոստիկանության մի շարք ստորաբաժանումների, ինչպես և իրավապահ այլ մարմինների ծառայողներ: Դիակի զննությամբ պարանոցին ու մարմնի տարբեր մասերին բռնության հետքեր հայտնաբերվեցին: Պարզվեց, որ սպանվածը  28 տարեկան էր և այդ բնակարանում վարձով էր ապրում: Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց, նշանակվեցին փորձաքննություններ: Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ-հետախուզական համատեղ միջոցառումների արդյունքում կարճ ժամանակում պարզվեցին կատարվածի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ առանձնապես ծանր հանցագործությունը կատարելու մեջ կասկածվողի ինքնությունը: Սեպտեմբերի լույս 3-ի գիշերը՝ ժամը 2-ն անց 50-ի սահմաններում, վանաձորի հյուրանոցներից մեկում 35-ամյա տղամարդը հայտնաբերվեց ու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին: Նա ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու տվեց խոստովանական ցուցմունք: Կասկածյալի անձնական խուզարկությամբ հայտնբերվեցին բջջային հեռախոս ու բանկային քարտեր, որոնք, նախնական տվյալներով՝ սպանված աղջկանն են: Տղամարդը ձերբակալվել է, տեղեկացնում են ոստիկանությունից:

Lragir.am,
03-09-2019 13:04