Հասարակությունը պետք է տեղյակ լինի, թե ով է ֆինանսավորում այս կամ այն քաղաքական ուժին

Մեր զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ԱԺ-ում մեկնարկել են Կուսակցությունների մասին օրենքի և Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ աշխատանքային քննարկումները: Որքանո՞վ է ուշացած այս գործընթացը՝ հաշվի առնելով, որ թե ընտրություններից առաջ, թե հետո այս մասին բազմիցս խոսվեց: Տեքստ կա՞, որի շուրջ քննարկումներն սկսվել են: Ես կարծում եմ, որ այս աշխատանքները բնավ ուշացած չեն, հենց ժամանակն է մեկնարկել այս երկու նախաձեռնությունների քննարկումները: Իհարկե, շատ լավ կլիներ, եթե ԸՕ-ն փոփոխության ենթարկվեր նախքան անցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները, բայց հանրությունը շատ լավ տեղյակ է, որ մենք արեցինք հնարավոր ամեն ինչ նոր Ընտրական օրենսգրքով ընտրություններ կազմակերպելու համար: Դրա համար ձևավորվել էր աշխատանքային խումբ, որում ներգրավված էին թե կառավարության ներկայացուցիչները, թե քաղհասարակությունից ներկայացուցիչներ: Անձինք, որոնք երկար տարիներ զբաղվել են ընտրություններով և փորձագիտական մակարդակով լավագույնս տիրապետում են ընտրական գործընթացների բոլոր նրբություններին և այն հնարավոր իրավակարգավորումներին, որոնց առկայության դեպքում հնարավոր է ունենալ լավ, արդար, ազատ ու թափանցիկ ընտրություններ: Նորություն ասած չեմ լինի, եթե հիշեցնեմ, որ նախկին կառավարող ուժն իր արբանյակներով մեկտեղ տապալեց Ընտրական օրենսգրքի նախագծի քվեարկությունը: Եվ մենք ստիպված եղանք արտահերթ ընտրությունների գնալ եղած Ընտրական օրենսգրքով: Դրանից հետո արդեն առաջնահերթությունների մեջ Ընտրական օրենսգրքի փոփոխությունը չկար, քանի որ մոտակա ժամանակներում նոր ընտրություններ չկային: Մենք որոշեցինք, որ մեզ ժամանակ է պետք է ավելի լուրջ ուսումնասիրություններ անելու համար, որովհետև Ընտրական օրենսգրքի փոփոխված տարբերակը կազմվել էր շատ հրատապ: Դրա նպատակն էր հասցնել այդ փոփոխություններն անել նախքան արտահերթ ընտրությունները: Հաշվի առնելով այդ հրատապությունը, նաև այն, որ մենք ստիպված էինք եղել գնալ փոխզիջումների, որպեսզի հնարավոր լիներ անցկացնել այդ օրինագիծը այդ ժամանակվա գործող խորհրդարանում, հետևաբար դա բավարար չէր ունենալու լավ ընտրական օրենսգիրք, այն ընտրական օրենսգիրքը, որը հարիր կլիներ ժողովրդավար, ազատ, արդար ընտրություններ անցկացնելու համար: Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումները դեռևս գարնանն են սկսվել: Հունիսին եղել է լայն քննարկում, որին հրավիրված են եղել խորհրդարանական բոլոր ուժերից ներկայացուցիչներ, նաև քաղհասարակության ներկայացուցիչներ: Առաջնահերթությունը տրվել է ընտրությունների ֆինանսավորմանը և կուսակցությունների մասին օրենքին: Վերջինս ընտրական օրենսգրքին փոխկապակցված է և, առանց փոխելու կուսակցությունների մասին օրենքը, լավ ընտրական օրենսգիրք ունենալ հնարավոր չէ: Հետևաբար որոշում է կայացվել առաջնահերթ կարգով անդրադառնալ կուսակցությունների մասին օրենքին, դրան զուգահեռ անդրադառնալ ընտրությունների ֆինանսավորմանը: Այդ օրենքներում ի՞նչ առանցքային դրույթներ են փոխվում: Պետք է արվի ամեն ինչ, որ թե ֆինանսավորումը, թե ծախսերը, որ իրականացվելու են ընտրությունների ժամանակ, լինեն առավելագույնս թափանցիկ, և հանրությունը հնարավորություն ունենա տեսնել, թե ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր քաղաքական ուժ ինչ ֆինանսական աղբյուրներից է օգտվում և ինչպես է ծախսում և ինչի վրա է ծախսում այդ գումարները: Ավելին ասել չեմ կարող, որովհետև դեռ լրացուցիչ քննարկումների անհրաժեշտություն կա: Հաջորդ առաջնահերթությունը լինելու է Ընտրական օրենսգրքի տեղական ինքնակառավարման մարմիններին վերաբերող հատվածը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ արդեն 2020-ին, ինչպես նաև 2021-ին ունենալու ենք ՏԻՄ կարևոր ընտրություններ, մասնավորապես հիշում ենք, թե ինչ խնդիրներ էին առաջանում Վանաձորի և Գյումրիի ընտրությունների ժամանակ, առաջնահերթությունը դրանով է կարևորվում: Մասնավորապես, պետք է անդրադարձ արվի բոնուսային այդ անհեթեթ դրույթին: Իսկ դրանից հետո արդեն անդրադարձ կարվի ամբողջ Ընտրական օրենսգրքին, նաև խորհրդարանական ընտրություններին: Ամենաշատը քննարկվել է ռեյտինգային ընտրակարգը, ներկայացվել են դրա բացերը: Նոր ընտրական օրենսգրքում բացառվելո՞ւ է այդ ընտրակարգը: Այն օրինագիծը, որի մասին ես խոսում էի, մշակվել էր նախքան խորհրդարանական ընտրությունները, ամբողջական խորհրդարանական ընտրակարգ էր նախատեսում, որտեղ բացակայում էին ռեյտինգային համակարգը, տարածքային ցուցակները: Ես կարծում եմ, որ մենք շարունակելու ենք այդ ուղիով գնալ: Եթե խոսում ենք համամասնական ընտրակարգի մասին, դա իրոք պետք է լինի համամասնական ընտրակարգ, այլ ոչ թե համամասնականի տակ քողարկված այս ռեյտինգային համակարգը: Մենք նույնպես ժամանակին շատ ենք քննադատել ռեյտինգային համակարգը, այն անհեթեթ համակարգ է, որն ուղղակի չպետք է լինի մեր օրենսդրության մեջ: Մենք ունենք կուսակցություններ, որոնց ղեկավարները խոշոր սեփականատերեր են, և գաղտնիք չէ, թե ովքեր են ֆինանսավորում այդ կուսակցությունները: Մասնավորապես ԲՀԿ-ն ունի նախկինում օլիգարխ, հիմա արդեն, իշխանության ձևակերպմամբ, սեփականատեր հովանավոր: Այս առումով ի՞նչ է տալու ֆինանսավորման թափանցիկությունը, որն ամրագրվելու է օրենսդրության մեջ: Հասարակությունը պետք է տեղյակ լինի, թե ով է ֆինանսավորում այս կամ այն քաղաքական ուժին: Կոնկրետ ԲՀԿ-ի դեպքում կարծես թե հստակ է՝ որտեղից են այդ ֆինանսները և երբ մարդիկ ձայն են տալիս այդ ուժին, նրանք գիտեն ֆինանսավորման աղբյուրները: Բայց մենք գիտենք, որ կան նաև այլ դեպքեր, երբ քաղաքական ուժերը, որոնք գուցե հանդես են գալիս այս կամ այն ընդդիմադիր դիմակի ներքո, իրենք ֆինանսավորվում են ոչ այնքան ընդդիմադիր և ոչ այնքան ժողովրդավարության ձգտող շրջանակների կողմից: Սա է, որ քաղաքացու համար պետք է հստակ լինի, թե ում է ձայն տալիս, ինչ աղբյուրներից է սնվում այդ ուժը: Խոսքը թե ներսի, թե դրսի ֆինանսավորման մասին է: Պետք է ամեն ինչ արվի, որ քաղաքացին իմանա, թե որտեղից է գալիս ֆինանսավորումը: Իսկ եթե քաղաքացին խաբված է և չգիտի, թե որտեղից է այս կամ այն ուժի ֆինանսավորումը, որին ինքը ձայն է տալիս, այդտեղ արդեն մենք ունենում ենք լուրջ խնդիր:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
06-09-2019 10:45