Անընդհատ երկարացվում է վարորդական իրավունքների վավեր լինելու ժամկետը. խնդիրը միանշանակ չէ նաև ՌԴ իշխանությունների համար

Մեր զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել է, որ ՌԴ-ում Հայաստանի վարորդական իրավունքների խնդրի հետ կապված Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ ընդունել է խտրական օրենք: Այս խնդիրը եկել է նախորդ իշխանություններից և արդեն երեք տարի իր հանգուցալուծումը չի ստանում նաև այս իշխանությունների օրոք: Դուք սա ինչո՞վ եք պայմանավորում, երբ Հայաստանը լինելով ԵԱՏՄ անդամ, չի կարողանում լիարժեքորեն օգտվել իր իրավունքներից: Այս տխրահռչակ օրենքն ընդունվել է 2015 թվականին և ուժի մեջ է մտել 2017 թվականին: Այդ օրենքն ընդունվել է այն ժամանակ, երբ ԵԱՏՄ-ն որպես կառույց նոր էր կայանում և մինչև այսօր էլ միությունը դեռ կայացման փուլում է: Այդ օրենքը արտահայտում է 2015-ին Ռուսաստանի կողմից ԵԱՏՄ-ի կարևորության կշիռը: Այսինքն՝ ԵԱՏՄ-ն չէր դիտարկվում այն խորությամբ, որով այս պահին այն սկսում է նոր ձևավորվել որպես միջազգային տնտեսական միություն, որը չպետք է խտրական լինի իր անդամ երկրների համար: Շավարշ Քոչարյանը հստակ ասաց, որ այդ օրենքը հակասության մեջ է ԵԱՏՄ պայմանագրի հետ, որը փաստում է, որ անդամ երկրները աշխատանքային իրավունքների և վճարովի աշխատանքի իրականացման համար որևէ խտրականություն չպետք է իրականացնեն մյուս անդամ երկրների աշխատողների նկատմամբ: Այս հարցը մեր խորհրդարանի հենց առաջին օրվանից համապատասխան հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է: Պրոակտիվ և հետևողական քաղաքականությունը, որ տանում է այս խորհրդարանը, բերում է նրան, որ այդ խնդիրը սկսել է արդիական լինել: Այս պահին նույնիսկ ռուսական մասնագիտացված կայքերը նշում են, որ այս խնդիրը դեռևս լուծված չէ: Ինչո՞ւ այս խնդիրը լուծում չի ստանում: Նախորդ իշխանությունների ժամանակ նշվում էր, որ խնդիրը չի լուծվում, որովհետև ՀՀ իշխանությունները չունեն լեգիտիմություն, Հայաստանը չունի սուվերենություն, Ռուսաստանն ինչպես ուզում, վարվում է: Հիմա, երբ Հայաստանի իշխանությունն ունի լեգիտիմություն, ի՞նչն է խանգարում, որ հարցը լուծում ստանա: Ես չէի ասի, որ միայն այն փաստարկը, որ այսօր Հայաստանն ունի լեգիտիմ իշխանություն, դա երաշխիք է, որ խնդիրը լուծվի: Նախ՝ ՌԴ իշխանությունները, որոշելով իրենց ներքին ու արտաքին քաղաքական խնդիրները, 2015-ին ԵԱՏՄ-ն չեն դիտարկել որպես այնպիսի կառույց, որի առկայությունը կարող է և պետք է հաշվի առնվի: Այն կշիռն ու նշանակությունը, որ ԵԱՏՄ-ն ունեցել է 2015-ին, տարբեր է այս պահին եղած կշռից: Այս պահին խնդիրը դարձավ էլ ավելի արդիական: Նախկին իշխանությունների ժամանակ այս խնդրին նման կարևորություն չէինք տալիս: Շավարշ Քոչարյանի հայտարարությունը և այս կես տարվա ընթացքում տեղի ունեցող զարգացումները ավելի ու ավելի ծանրակշիռ են դարձնում այս խնդիրը: Այս պահին մեր դիրքորոշումն է շարունակել ԵԱՏՄ նշանակության մեծացման շնորհիվ այս խնդիրը բարձրացնել ու մատնանշել այն հակասությունները, որ ունի ՌԴ գործող օրենքը Հայաստանի քաղաքացիների նկատմամբ: Տեսեք ինչ է տեղի ունենում. Անընդհատ երկարացվում է վարորդական իրավունքների վավեր լինելու ժամկետը: Դա ցույց է տալիս, որ այդ խնդիրը միանշանակ չէ նաև ՌԴ իշխանությունների համար: Որոշ շրջանակներ դա փորձում են շահարկել, բայց այն փաստը, որ վավերացման ժամկետն անընդհատ երկարացվում է, նշանակում է, որ ի վերջո, խնդիրը պետք է ստանա իր հանգուցալուծումը: ՀՀ իշխանության անկարողության նշանը կլիներ, եթե այդ պրոցեսը կանգներ: Այդ ժամանակ մենք էլ մեր համապատասխան եզրակացությունը կանեինք, թե արդյոք ԵԱՏՄ կարևորությունը և այդ պայմանագրի ծանրակշիռ լինելը Ռուսաստանի իշխանությունների համար որքանով է ակնհայտ, և արդյոք այն նշանակությունը, որ մենք ենք տալիս ԵԱՏՄ պայմանագրին, որքանով է նույն կերպ հասկացվում նաև Ռուսաստանի իշխանությունների կողմից: Այս պահին դա չկա, որովհետև խնդիրը լուծված չէ, բայց նաև չկա այդպիսի նշան, որ խնդիրը վերջնականապես փակվել է: Սրանով Ռուսաստանը փորձում է ինչ-որ բա՞ն հասկացնել Հայաստանին՝ հաշվի առնելով, որ սա միակ քայլը չէ, Մոսկվան նաև չարտահանձնեց Միհրան Պողոսյանին, Միքայել Հարությունյանին: Ես բացարձակապես չէի ցանկանա մութ սենյակում կատու փնտրել և կապել այս բոլոր իրադարձություններն իրար հետ: Միհրան Պողոսյանի հարցով Ռուսաստանում ՀՀ դեսպան Տողանյանը հայտարարել է, որ պրոցեսը դեռևս ավարտված չէ, դեռ շարունակվում է, այսինքն՝ հարցը դեռ չի ստացել իր լուծումը: Ինչ վերաբերում է տարբեր հակասություններին, ես չէի ասի, որ երբ առհասարակ որևէ քննարկում, հաղորդակցություն կամ որևէ անհամաձայնություն չկա, դա առողջ հարաբերությունների նշան է: Այսինքն յուրաքանչյուր քննարկում, այդ թվում՝ աշխատանքային պրոցես, տեսակետների փոխանակում ես չէի անվանի հակասություն: Դա առողջ գործընթաց է, երբ պետությունները, այդ թվում ԵԱՏՄ անդամները սովորում են երկխոսությանը, բազմակարծությանը, որոշումներ կայացնելուն և միմյանց շահերը հաշվի առնելուն: Այնպես որ, ոչ, դրանք հակասություններ չեն, այլ առողջ հարաբերություններ են ի տարբերություն այն մեռյալ վիճակի, որը մենք ունեինք, երբ մեր նախորդ իշխանությունների կարծիքը որևէ մեկին հետաքրքիր չէր: Այնպես որ, քննարկումները, անհամաձայնությունները և ի վերջո որոշումների կայացումն ավելի առողջ, ավելի հավասար և ավելի արդյունավետ հարաբերությունների նշան է:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
06-09-2019 21:55