Հայաստանի առաջընթացի դռներ են բացվում

09-09-2019 11:01

Մոսկվան հեռանում է: Եվ տրամաբանական հարցը, թե որտեղի՞ց է այն հեռանում՝ ունի բազմաշերտ պատասխան: Մոսկվան հեռանում է նախ ինքն իրենից: Այն համակարգը, որն ապահովում էր սոցիալական ներդաշնակությունը Ռուսաստանում, այլևս ունակ չէ կատարել այդ դերը: Այդ անծայրածիր երկրի տարբեր հատվածներում մարդիկ կորցրել են սոցիալական արդարության զգացումն ու չեն վստահում համակարգին: Մոսկվան հեռանում է գլոբալ աշխարհակարգում իր զսպող դիրքից՝ վերածվելով քաղաքակիրթ աշխարհի թիրախների մատակարարի: Մոսկվան հեռանում է տարածաշրջանից՝ տապալելով, նույնիսկ, տարածաշրջանային հակամարտությունները զսպողի ժամանակավոր առաքելությունը: Այսպիսով՝ Մոսկվան սպառել է իր դերն աշխարհում և պետք է նոր դեր ստանձնի, ջանալով առավելագույնս բարձր գին պահանջել այդ նորի համար: Ենթադրաբար, նրան վերապահվելու է կայացման փուլում գտնվող պետական սուբյեկտներին օժանդակելու գործառույթ, վերջիններիս աշխարհի հետ ներդաշնակվելու և  հնարավոր մարտահրավերներին ինքնուրույնաբար դիմագրավելու հարցերում: Հայաստանը նախորդ տարի ինքնիշխանությունն ամրացնելու և ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու հնարավորություն նվաճեց, ինչը քաղաքական առաջընթացի նկատելի քայլ դիտարկվեց աշխարհում: Եվ այսօր ունի շոշափելի շանսեր ազատվելու ոչ միայն ռուսական ավանդական ճնշումներից, որոնք ենթադրաբար վերանալու են Մոսկվայի նոր դերի ստանձնմանը զուգահեռ, այլև դուրս մնալու Մոսկվայի նոր դերի շրջանակներից: Այս առումով՝ մեզ չափազանց մոտիկ և գլոբալ փոփոխություններին համարժեք արձագանքելը կարող է իրական նպաստավոր պայմաններ ձևավորել ինքնիշխանությունն ամրացնելու և ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու ճանապարհին: Իսկ անհամարժեք արձագանքը, բնականաբար, աղետալի հետևանքներ կունենա: Ընդ որում՝ անհամարժեքությունը ոչ միայն փոփոխություններից առաջ անցնելն է, այլև դրանցից հետ մնալը: Եթե տարածաշրջանի փոփոխություններից փոքր ինչ առաջ անցնելը հղի է չափելի կորուստներով, ապա հետ մնալու պարագայում կորուստներն անկանխատեսելի են, նույնիսկ, անվերականգնելի կարող են լինել: Հարկ է արձանագրել, որ Հայաստանի քաղաքական համակարգը ամբողջական իշխանափոխությունից հետո ապագայի անորոշության նկատմամբ վախի պատճառով դրսևորում է ծայրահեղ դանդաղկոտություն: Իշխանությունը հեռացող կայսրության ականջները շոյելու գծից չի շեղվում, չի առաջարկում որևէ առաջանցիկ նպատակ, սահմանում է տնտեսությունը ԵԱՏՄ-ում զարգացնելու անհեռանկար ուղենիշ, անվտանգության դիվերսիֆիկացման մասին նույնիսկ հեռակա բանավեճ չի ծավալում, իսկ խորհրդարանական ընդդիմությունը չի բարձրանում ՌԴ-ում հայ վարորդների իրավունքները պաշտպանելու խնդրի մակարդակից: Մինչդեռ, առաջիկայում Մոսկվայում ընտրություններ են: Չի բացառվում, որ դրանք լինեն աշխարհում Ռուսաստանի նոր դերի ստանձնման մեկնակետը: Եվ ուրեմն՝ պետք է համարժեք արձագանքել այդ իրողությանը: Այս համատեքստում ողջունելի է ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի նախաձեռնությունը, որի հաջողության դեպքում հնարավոր կլինի համախմբել անկախությունը գերնպատակ համարող ուժերին, որոնք կկրեն առաջանցիկ գաղափարների իրականացման կառավարելի ռիսկերը, նպաստավոր միջավայր ձևավորվել եռացող տարածաշրջանի փոփոխություններին Հայաստանի համարժեքության վերականգնման, արտաքին քաղաքական ուղենիշների վերանայման, հետևաբար՝ պետության առաջընթացի իրական հնարավորությունների իրացման համար: Իսկ եթե քաղաքական համայնքը մնա ավանդական վախերի, կարծրատիպերի և իռացիոնալ մտածողության փոսի մեջ, ապա կհասունանա նոր հեղափոխություն, որը կարող է և թավշյա չլինել: Հայկ Միրզոյան, Պահպանողական կուսակցության անդամ

Lragir.am,
09-09-2019 11:01