Հայաստան-Իրան երկաթուղու նոր շու՞նչ. Թեհրանի ազդակը

Իրանն արդիականացնում է Հայաստան-Իրան երկաթուղու հարցը, գրել էր իրանագետ Վարդան Ոսկանյանը, արձանագրելով, որ թեմային օրերս անդրադարձել է իրանցի հեղինակավոր փորձագետներից մեկը՝ արտահայտվելով Հայաստան-Իրան-Չինաստան աշխատանքային խումբ ստեղծելու անհրաժեշտության մասին: Իրանագետը նաեւ նկատել է, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին օրերս հայտարարել էր ենթակառուցվածքների կատարելագործման եւ ընդլայնման կարեւորության մասին, ինչը Վարդան Ոսկանյանի գնահատմամբ դարձյալ խոսում է հայ-իրանական երկաթուղու ծրագիրն արդիականացնելու Իրանի մտադրության մասին: Հայաստան-Իրան երկաթուղու շինարարություն սկսելու մասին Սերժ Սարգսյանը հայտարարեց 2008 թվականի հոկտեմբերի 2-ին, իր մի քանի մեգանախագծերի շարքում: Տասը նախագահական տարիների ընթացքում այդ նախագծերից որեւէ մեկը, այդ թվում երկաթուղին, չմտան գործնական իրագործման փուլ: Իրան-Հայաստան երկաթուղու վերաբերյալ տարիներ անց կնքվեց կասկածելի մի համաձայնագիր՝ ՌԱՍԻԱ ՖԶԷ մի կազմակերպության հետ, որը տեղակայված էր Դուբայում: Ըստ այդ պայմանագրի, կազմակերպությունը պետք է աշխատեր ծրագրի իրականացման ուղղությամբ: Սակայն, հինգ տարի անց՝ 2017 թվականին, Կարեն Կարապետյանի կառավարությունը չեղարկեց այդ պայմանագիրը, հայտարարելով նաեւ, որ այդ ընկերությունը չի կատարել իր պայմանագրային պարտավորությունները: Միաժամանակ, Կարեն Կարապետյանի կառավարության շրջանում լուծարվեց կապի ու տրանսպորտի նախարարության կառույցը, որը դե ֆակտո զբաղվում էր Հայաստան-Իրան երկաթուղու հարցով: Այդ տարիների ընթացքում տեղի ունեցած հնչեղ իրողություններից մեկն էլ Հայաստանի երկաթուղին 2008 թվականից երեսուն տարով հավատարմագրային կառավարման ստացած Ռուսական երկաթուղիներ ընկերության այդ տարիների ղեկավար Յակունինի հայտարարությունն էր, որ իրենց համար հայ-իրանական երկաթուղին ոչ մի տեղ չտանող պատ է: Մի՞շտ է Ռուսաստանը մտածել այդպես, դժվար է ասել, քանի որ Սերժ Սարգսյանը Հայաստան-Իրան երկաթուղու մասին հայտարարել էր «ֆուտբոլային դիվանագիտությանը» զուգահեռ, որի մեկնարկն էլ տվել էր հունիսին նախագահի կարգավիճակում Մոսկվա կատարած առաջին այցի ընթացքում: Եթե դրան ավելացնենք 2008-ին հայկական երկաթուղու հավատարմագրային կառավարման ստանձնումը, ապա կարող է հիմք լինել եզրակացնելու, որ Ռուսաստանն ըստ երեւույթին ակնկալում էր «ֆուտբոլային դիվանագիտության» միջոցով հասնել մի իրավիճակի, երբ Թուրքիան եւ հետո Ադրբեջանը կապաարգելափակեին ռեգիոնալ ենթակառուցվածքները, կբացվեր հայ-թուրքական սահմանը, կգործեր Կարս-Գյումրի երկաթուղին եւ այդ պարագայում Ռուսական երկաթուղիները Հայաստանում հավատարմագրային կառավարման իրավունքի պայմաններում փաստացի կտնօրինեին «խաչմերուկը»: Այդ ամենն իհարկե պետք է տեղի ունենար Արցախի հարցում Հայաստանի զիջման պայմաններում, ինչն ակնհայտ էր թե ռուսաստանցի, թե թուրք եւ ադրբեջանցի դիվանագետների հայտարարություններից: Սերժ Սարգսյանը մի կողմից մտավ այդ խաղի մեջ՝ 2008-ի մարտի 1-ից հետո նա չուներ չմտնելու հնարավորություն, մյուս կողմից կարողացավ Եվրասոցացման գործընթացի մեջ ներգրավվելով ստանալ Հայաստանի եւ Արցախի համար վտանգավոր «ֆուտբոլային դիվանագիտությունը» չեզոքացնելու հարցում Արեւմուտքի աջակցությունը: Այդ ամենով հանդերձ, Հայաստանի ապաշրջափակումը տեղի չունեցավ, ինչն էլ թերեւս ապաարդիականացրեց Հայաստան-Իրան երկաթուղու գաղափարը: Առավել եւս, որ 2013-ին տեղի ունեցավ սեպտեմբերի 3-ը, լրջորեն կասկածի տակ դնելով Հայաստանի ինքնիշխան քաղաքականության կարողությունը: Ի վերջո, միլիարդավոր դոլարի ներդրում պահանջող նախագիծը պետք է ենթադրի շարունակություն Հայաստանից անդին, եւ առաջին հերթին իհարկե այդ նախագծի նկատմամբ Հայաստանի ինքնիշխան կարողություն: Եթե այդ ամենը չկա, ապա հազիվ թե ներդրումները լինեն արդարացված որեւէ մեկի համար՝ Հայաստանից բացի: Այդ իսկ պատճառով Իրանը հայտարարել է մի քանի անգամ, որ պատրաստ է իր տարածքում անհրաժեշտ ներդրումը կատարել, եթե Հայաստանը լուծի հայկական տարածքով ներդրումների հարցը: Մինչդեռ այստեղ է ամենաթանկ հատվածը, որ կարժենա, ըստ նախնական գնահատման, առնվազն 3 միլիարդ դոլար: Ի՞նչ է փոխվել այժմ, եթե Իրանն իրապես մտադիր է արդիականացնել հարցը: Եվ ու՞ր է գնալու երկաթուղին Հայաստանից հետո: Իրանից այս ազդակը նշմարվում է Հայաստանում հոկտեմբերի 1-ին սպասվող ԵՏՄ Վեհաժողովին ընդառաջ, որի շրջանակում սպասվում է ՌԴ նախագահի եւ Իրանի նախագահի այցը: Նրան հրավիրել է Նիկոլ Փաշինյանը: Ի դեպ, այդ իմաստով խորհրդանշական կլինի, որ հարցը քննարկվի հոկտեմբերի 1-2-ին, նկատի ունենալով հենց այն, որ նախագծի մասին Սերժ Սարգսյանն էլ հռչակել էր 11 տարի առաջ հոկտեմբերի 2-ին: Նախագահները Երեւանում մասնակցելու են բիզնես համաժողովի: Արդյոք Իրանը Հայաստանում Ռուսաստանի մասնակցությամբ կշոշափի երկաթուղու հարցը: Այդ դեպքում սակայն առկա է Վրաստանի հարցը: Հետաքրքիր է, որ օրերս այնտեղ տեղի ունեցավ վարչապետի անսպասելի փոփոխություն, եւ այդ պաշտոնին նշանակվեց ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիան, որին մի քանի ամիս առաջ մեղադրում էին Վրաստանում հակառուսական ցույցերը ցրելիս ուժի անհամաչափ կիրառման համար:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
09-09-2019 17:42