Հայաստանի ԱԳ նախարարն ընդունել է Գերմանիայի նորանշանակ դեսպանին

09-09-2019 19:44

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 9-ին ընդունել է Գերմանիայի նորանշանակ դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, նախարար Մնացականյանը շնորհավորել է Միխայել Յոհաննես Բանցհաֆին՝ պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր ներդրումը կունենա հայ-գերմանական քաղաքական երկխոսության դինամիկան ամրապնդելու գործում: Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Գերմանիայի միջև առկա երկկողմ օրակարգն առավել խորացնելու և հարստացնելու ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի շուրջ: ԱԳ նախարարն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների գործընթացին և երկրի արտաքին քաղաքական առաջնահերթություններին: ԱԳ նախարարը նաև ներկայացրել է ՀՀ-ԵՄ գործընկերության շուրջ զարգացումները՝ մասնավորապես ՀԸԳՀ-ի և վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի համատեքստում: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի:

Lragir.am,
09-09-2019 19:44