Արտակ Բեգլարյանն ու Դանիել Իոաննիսյանը քննարկել են ՏԻՄ ընտրություններում դիտորդական առաքելության արդյունքները

09-09-2019 21:30

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը սեպտեմբերի 9-ին ընդունել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի գլխավորած պատվիրակությանը: Դանիել Իոաննիսյանը ներկայացրել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում իր կազմակերպության դիտորդական առաքելության ընդհանուր գնահատականը և արձանագրած խնդիրները: Նա շեշտադրել է, որ ընտրություններն ընդհանուր առմամբ համապատասխանել են միջազգային չափանիշներին, իսկ արձանագրված խախտումները եղել են գլխավորապես տեղային, տեխնիկական ու ոչ դիտավորյալ բնույթի, որոնք չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա: Դ. Իոաննիսյանն ընդգծել է, որ խնդիրների պատճառներից են առկա մարդկային ու նյութական ռեսուրսների սղությունը, ընտրական գործընթացներում ընդգրկված որոշ անձանց ոչ լրիվ պատրաստվածությունը և քվեարկության գաղտնիության որոշ լրացուցիչ պայմանների բացակայությունը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել վերհանված խնդիրների կարգավորման և ընտրական համակարգի կատարելագործման հարցում: Պաշտպանը բարձր է գնահատել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ դիտորդական առաքելության դերը Արցախի ժողովրդավարական գործընթացների արհեստավարժ գնահատման և ընտրական իրավունքների իրացման մեխանիզմների շարունակական բարելավման գործում: Ա. Բեգլարյանը շեշտադրել է, որ Արցախում կայացել է ընտրական համակարգը, և այժմ դրա զարգացման հաջորդ փուլն ապահովելու խնդիր կա: Նա հայտնել է, որ իր իրավասությունների սահմաններում նպաստելու է ընտրությունների ժամանակ արձանագրված խնդիրների և դրանց պատճառների վերացման աշխատանքներին՝ նշելով, որ բոլոր սրտացավ ու մասնագիտացած կազմակերպություններն ու անձինք պետք է իրենց լուման բերեն այդ գործին:

Lragir.am,
09-09-2019 21:30