Կառավարությունը միջազգային շատ մեծ սկանդալի առաջ կկանգնի

Մեր զրուցակիցն է բնապահպան, իրավաբան Նազելի Վարդանյանը Տիկին Վարդանյան, նախորդ շաբաթ վարչապետը հանդիպել է Ձեզ և ջերմուկցիներին: Վարչապետն ասե՞լ էր, որ նոր ՇՄԱԳ չի լինելու: Մեր հանդիպումը մի քիչ այլ ֆորմատով է եղել: Ես որքան հասկացա, վարչապետը ամբողջ օրը նվիրել է  Ամուլսարին և տարբեր հանդիպումներ ունեցել: Մեր ֆորմատն այն է, որ նա ուզում էր լսել հասարակության կարծիքը, հատկապես ջերմուկցիներին, քանի որ իրենք են ազդակիր և իրենց իրավունքներն են տարիներ շարունակ ոտնահարվել: Ես այնտեղ էի որպես իրավաբան, ով 10 տարի այս գործով է զբաղվում: Ես ներկայացրեցի ամբողջ իրավական դաշտը, ներկայացրեցի, որ այս պայմաններում մեր օրենսդրությամբ որևէ իրավունք չկա, որ թույլ տան այդ ընկերությանը Ամուլսարի հետ կապված որևէ գործողություն իրականացնել: Ցանկացած որոշում կլինի անօրինական: Ներկայացրեցի բոլոր այն օրենքները, որոնք խախտվել են թույլտվություններ տալուց, փորձաքննություններ անելիս: Վարչապետը շատ համբերատար լսեց, ջերմուկցիները հայտնեցին իրենց կարծիքը, որ անկոտրում ու հաստատակամ են, իրենց դիրքորոշումը չեն փոխել, և ճանապարհները չեն բացվելու, քանի դեռ վերջնական որոշում չի կայացվել: Հնարավո՞ր է լինի փոխզիջումային տարբերակ, օրինակ՝ հանքը դեռ չեն շահագործելու, թողեք շինարարություն արվի, և այդ ընթացքում եթե տեսնեն, որ շրջակա միջավայրի վրա ազդեցություն կա, հանքը չի շահագործվի: Այդ վնասները ակումուլյատիվ են, այնպես չէ, որ հենց այսօր վնաս է լինելու: Բայց հիմնական վնասը, թե ճառագայթումը, թե թթվային դրենաժը, մեկ օրում չի լինելու, կուտակային հավաքվելու է: Բոլոր դեպքերում, պայթեցումներն ազդելու են ջերմուկցիների վրա: Այդ փոշին մենք տեսել ենք մի քանի տարի առաջ: Եվ պայթեցումները, ցնցումները, այդ գարշահոտը ազդել են ջերմուկցիների վրա: Նրանք ասում են՝ չենք ուզում այդ պայմաններում ապրել, մենք գործ չունենք ոչ բնապահպանական, ոչ սոցիալական ու տնտեսական հարցերի հետ: Մենք մեր գլուխը պահում ենք այդ քաղաքում, լավ ենք զգում այդ քաղաքում, կառավարությունից ուրիշ ոչ մի բան չենք ուզում, մեր բնական միջավայրը մի փոխեք: Սա հիմնարար, պոզիտիվ իրավունք է և չի կարելի այն խախտել: Այս ամենը վարչապետին ներկայացվեց: Ես ասացի, որ հեղափոխությունից հետո կարծում եմ՝ պետք է ներկայանանք որպես իրավական պետություն, և անթույլատրելի է ցանկացած օրենքի խախտում, ամեն ինչ պետք է լինի մեր օրենսդրության և ՀՀ-ի վավերացրած կոնվենցիաների համապատասխան: Վարչապետի հանդիպումը «Լիդիան»-ի ներկայացուցիչների, «Իմ քայլի» պատգամավորների հետ հուշո՞ւմ են, որ որոշում արդեն կա: Ես չգիտեմ, թե ինչ է քննարկվել այդ հանդիպումների ժամանակ, տարբեր բաներ են գրում: Իսկ այն հանդիպմանը, որին ես ներկա եմ եղել, վարչապետը շատ ուշադիր լսեց և ջերմուկցիներին, և ինձ: Կա տպավորություն, որ էլի շարունակվում է վարչապետին կեղծ տեղեկատվության տրամադրումը՝ շեղելով բուն խնդրից: Մի քանի օրենքների մասին ինքը լրիվ ուրիշ պատկերացում ուներ: Ես փորձեցի այդ ամենը ներկայացնել և ասել, թե լուծումն ինչպիսին պետք է լինի: Այս պայմաններում ցանկացած այլ լուծում կլինի ոչ իրավական, որովհետև սա այն հարցը չի, որ քաղաքական, տնտեսական, բնապահպանական լուծում ունենա, բոլորը պետք է ստորադասվեն իրավականին, իրավունքի գերակայության սկզբունքին: Օրենքներն այդ ամենը կարգավորում են և պետք է միայն օրենքներով առաջնորդվել: Եթե կառավարությանը գնա Ամուլսարի շահագործման տարբերակով և ՇՄԱԳ չիրականացվի, ի՞նչ է սպասվում՝ հաշվի առնելով, որ ջերմուկցիները շատ վճռական են: Ջերմուկցիներն իսկապես վճռական են և թույլ չեն տալու, որ այդտեղ որևէ բան շահագործվի կամ շինարարություն սկսվի, որովհետև սա հակասահմանադրական է, հակաօրինական է: Ես կարծում եմ՝ դա արդեն լուրջ խնդիր կլինի: Եթե կառավարությունը գնա այդ ճանապարհով, նշանակում է, որ մեր ամբողջ բնապահպանական օրենսդրությունը, նաև միջազգային կոնվենցիաները պետք է ոտնահարեն: Այդ ժամանակ արդեն միջազգային շատ մեծ սկանդալի առաջ կկանգնեն: Եթե այսօր ճնշումներ կան, հիմա այդ ճնշումները մի ուրիշ կողմից մի ուրիշ ձևի կլինեն: Պետք է, ի վերջո, լինենք անկախ պետություն և մեր որոշումները կայացնենք: Պարոն վարչապետը մարտի 28-ին ԱԺ-ում շատ հստակ ասաց, որ մենք որևէ մեկից կախված չենք որոշումներ կայացնելիս, մենք չենք կարող որոշումներ կայացնել ի վնաս մարդկանց առողջության, որ հետագայում կարող են քաղցկեղով մարդիկ լինել: Այդ ելույթը կա, կարող եք լսել: Խմբ. կողմից. Հարցազրույցն արվել է սեպտեմբերի 8-ին: Սեպտեմբերի 9-ին վարչապետը ելույթ ունեցավ եւ կոչ արեց բացել հանք տանող ճանապարհները, նշելով, որ մինչեւ 2020 թ. կեսերը հանքը չի շահագործվելու:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
09-09-2019 21:41