Կոշտ արձագանք վարչապետին. օղակը սեղմվում է

Ամուլսարի հանքի ճանապարհը բացելու Նիկոլ Փաշինյանի կոչին եղել է բավականին հատու արձագանք, եւ ճանապարհ փակող բնակիչները հայտարարել են, որ կկանգնեն ընտանիքներով: Համացանցում եղել է նաեւ արձագանք շրջանակներից, որոնք ճանապարհը փակողներից չեն, սակայն հայտարարել են, որ կմիանան նրանց: Ավելի վաղ եղել էր Սասնա ծռեր կուսակցության առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանի հայտարարությունը, որ ծռերն էլ լինելու են Ամուլսարի շահագործում թույլ չտվող սկզբունքային դիրքում: Սէֆիլյանը միաժամանակ ասել էր, որ հանքը շահագործելու որոշման են սպասում «հինգերորդ շարասյան» ուժերը, որպեսզի հանքի դեմ դիմադրությունն օգտագործեն բախում հրահրելու եւ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը գցելու համար: Փաշինյանը սեպտեմբերի 9-ին անելով հանքի ճանապարհը բացելու կոչը, հանրությանը հավաստիացրեց, որ աշխատանքը լինելու է մշտական մոնիտորինգի ներքո, առաջին իսկ վտանգի դեպքում այն կկասեցվի, իսկ չշտկվելու դեպքում հանքը կփակվի: Ըստ Փաշինյանի, առանց իրավական հիմքի հանքի շահագործումից հրաժարվելն եւ ճանապարհը փակ պահելը հարվածում է Հայաստանի միջազգային վարկին: Դատելով առաջին արձագանքներից, համենայն դեպս դիմադրության մասնակիցների մի զգալի մասին վարչապետի փաստարկն ու կոչը չի համոզել: Անկասկած է, որ Հայաստանում կան շրջանակներ, որոնք ամենեւին չխորհելով Ամուլսարի կամ Հայաստանի մասին, առիթը օգտագործելու են դիմադրությունը հնարավորինս մարդաշատ դարձնելու, ըստ այդմ բախմանն այլընտրանք չթողնելու համար: Մյուս կողմից, եթե վարչապետը նահանջում է իր սեպտեմբերի 9-ի ելույթի տրամաբանությունից, այդ նահանջը գնահատվելու է որպես քաղաքական նահանջ: Ակնառու է, որ այն բերելու է ոչ միայն Հայաստանի միջազգային վարկի, այլ նաեւ անձամբ Նիկոլ Փաշինյանի միջազգային վարկի անկման: Փաստ է, որ առանց վարկի որեւէ անկման Փաշինյանը չի կարողանալու լուծել Ամուլսարի հարցը: Բայց անձնական վարկի խնդիրը տվյալ պարագայում պարզապես ծուղակ է, որովհետեւ քաղաքական եւ պետական գործչի համար անձնական վարկի կամ վարկանիշի կառուցվածքը բավականին բարդ ու բազմաշերտ հանգամանք է: Ըստ այդմ, գլխավոր խնդիրը այստեղ այն է, թե ինչ է շահում կամ կորցնում Հայաստանը՝ այս կամ այն որոշումից, եւ ինչ ռիսկեր կան այս կամ այն որոշման դեպքում, որոնք պետք է կառավարվեն: Իսկ այդ հարցում ամբողջական տեղեկատվության պարունակում է թերեւս վարչապետ Փաշինյանը, կամ բավականին սահմանափակ թվով անձանց շրջանակ: Ընդ որում, խոսքը ամենեւին ներկայիս ընթացքի մասին չէ, այլ հարցի գործնականում ամբողջ պատմության, որը ամենեւին հարթ չի զարգացել անգամ նախկին իշխանության շրջանում: Ավելին, ներկայիս դիմադրության գործընթացում թերեւս առկա են ոչ միայն «նոր ի հայտ եկած» քաղաքական շահեր, որոնք նախկինում լռություն կամ էապես զսպվածություն ունեցող ուժերին ներկայում բերել են դիմադրության փուլ: Շատերը պարզապես նախկին փուլում տանուլ են տվել եւ ներկայում ձգտում են ռեւանշի: Ընդ որում, խոսքը ամենեւին իշխանության հարցի կամ այլ քաղաքական ռեւանշի մասին չէ, այլ Ամուլսարի հարցում աշխարհա-տնտեսական-քաղաքական: Խնդրի քաղաքական ասպեկտն այդ առումով չունի լոկ իշխանության դեմ օգտագործելու գին, այլ նաեւ պարզապես Հայաստանում գեոտնտեսական ստատուս-քվոյի էական փոփոխություն թույլ չտալու, ինչպիսին կարող է լինել շահագործվող Ամուլսարը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
09-09-2019 22:42