Հադրութի անակնկալը. Դանիելն Արցախում հասկացել է ամենակարեւորը

10-09-2019 10:30

Մելիք Եգանի ապարանքը Տող գյուղում «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էսօր շատ պտտվեցինք Արցախով: Բայց իմ տեսած ամենագրագետ ընտրական հանձնաժողովը, ամենագրագետ ոստիկանն ու ամենագրագետ ընտրողները Հադրութում էին: Մանրից հասկանում եմ, թե ինչու է Ղարաբաղյան շարժումն սկսվել Հադրութում»: Հադրութում ոչ միայն Ղարաբաղյան շարժումն է սկսվել, այլեւ տեղի է ունեցել պատերազմի բեկումը այն շրջանում, երբ հայկական կողմը կորցրել էր Շահումյանը, ապա Մարտակերտը: Եթե Հադրութում կրկնվեր Շահումյանի ու Մարտակերտի սխեման, կիրագործվեր ռուս-ադրբեջանական պլանը, այսինքն՝ Արցախն այլեւս հայկական չէր լինի: Հադրութում դիմադրությունը կազմակերպվեց եւ հաջողվեց կանգնեցնել թշնամուն: Դա նաեւ այն բանի շնորհիվ էր, որ Հադրութում Հայաստանի ու Արցախի որոշ շրջանակների չհաջողվեց գլխատել շարժման ու ռազմական դիմադրության կորիզը: Օրինակ, Ռոբերտ Քոչարյանը կարող էր իր գրքում շարադրել Տողում իր «պատմական» հանդիպումը հադրութցի հրամանատարներից մեկի հետ: Շմայսն ու մանվել Գրիգորյանն էլ կարող էին անկեղծանալ հանուն ազգի: Արցախի առաջին նախագահն էլ հադրութից էր՝ Արթուր Մկրտչյանը: Ընդհանրապես, Հադրութի վճռական դերը գնում է պատմության խորքեր, երբ Դիզակի մելիքները կարողացան ստեղծել ու պահել Արցախի պետականությունը եւ այդպիսով Հայկական պետականության նուրբ թելը: Դիզակի մելիքի իշխանության սահմանները ձգվում էին Արաքսի հովտից մինչեւ Գեղարքունիք եւ Տավուշ: Հայաստան աշխարհս եսիր չթողի, գրված է Մելիք Եգանի արձանագրության մեջ: Դիզակի մելիքները հետագայում 30 տարի կռվեցին ռուսների աջակցությամբ Շուշիում հաստատված մահմեդական խաների դեմ, թույլ չտալով Արցախի հայաթափումը: Հադրութցիները համեստ մարդիկ են, փիառ չեն սիրում եւ չեն անում, այդ պատճառով շատ քիչ բան է հայտնի: Եվ Դանիել Իոաննիսյանի առաքելության ամենակարեւոր կողմերից մեկն այն է, որ նա իր եւ շատերի համար բացահայտել է Հադրութ-Դիզակը: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ Թրանսփարենսի ինթերնեշնլ կազմակերպության հետ դիտորդական առաքելություն է իրականացրել Արցախի ՏԻՄ ընտրություններում: Այս կապակցությամբ Հայաստանի ու Արցախի «հայտնի շրջանակներում» աղմուկ բարձրացավ, որի իմաստը հասկանալի է եւ ընդամենը նախկին ավանդույթներից եկող իներցիան է: Այս կազմակերպություններն արձանագրել են ընտրությունների ազատ ու մրցակցային բնույթը, ինչը զեկույցների տեսքով դրվելու է միջազգային տարբեր ատյանների սեղանին, արձանագրելով Արցախում ժողովրդավարական գործընթացների առկայությունը եւ զարգացումը: Ի՞նչ վատ բան կա դրանում: Միով բանիվ, այս կազմակերպությունների դիտորդական առաքելությունը երկու կարեւոր նշանակություն ունեցավ՝ բացահայտվեց Հադրութի առանցքային դերը եւ արձանագրվեց ազատ ու մրցակցային ընտրությունը, որը պետք է շարունակություն ունենա հաջորդ տարի նախատեսված համապետական ընտրություններին:

Lragir.am,
10-09-2019 10:30