Քաղաքացիական խաղաղ անհնազանդությունը այն ճանապարհն է, որ կարող է Ամուլսարի խնդիրը լուծել կարճ ժամանակում

Մեր զրուցակիցն է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը Պարոն Միսկարյան, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այս պահի դրությամբ մենք չունենք Ամուլսարի հանքի շահագործումը արգելելու որևէ իրավական հիմնավորում և կոչ արեց ջերմուկցիներին բացել Ամուլսար տանող ճանապարհը: Իշխանական պատգամավորներն էլ նշում են, որ կայացվել է Ամուլսարի հանքավայրի շահագործման հարցում միանշանակ ճիշտ որոշում: Ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու: Ես համաձայն չեմ Նիկոլ Փաշինյանի հետ: ՇՄԱԳ-ը ուժը կորցրած ճանաչելու բազմաթիվ հիմքեր կային և կան: Ես կարծում եմ հանքը շահագործելու քաղաքական որոշում է կայացվել, ավելին՝ այն նոր չի կայացվել, այլ նախքան ընտրությունները, և Փաշինյանի կողմից այս քայլի նպատակը պարզապես ժամանակ շահելն է: Երկրորդ հիմքը, որ նա նշեց, տնտեսական բաղադրիչն էր, ինչը նույնպես կեղծ թեզ է, որովհետև միանշանակ է, որ հանքի շահագործումը երկարաժամկետ պլանում ավելի մեծ վնասներ է հասցնելու մեր երկրի տնտեսությանը, քան կլինեն այն ենթադրյալ, բայց խիստ կասկածելի օգուտները, որ կստանա կառավարությունը հանքի շահագործումից: Մեր նախորդ զրույցում Դուք հույս էիք հայտնում, որ լրացուցիչ ՇՄԱԳ կհայտարարվի այս փուլում, սակայն դա տեղի չի ունենա գոնե հիմա: Ինչպե՞ս պետք է հասնել խնդրի լուծմանը՝ բացառելով բախումները: Խնդրի լուծումը շատ պարզ է. ՇՄԱԳ-ը ուժը կորցրած ճանաչելը այլընտրանք չունի: Դրա համար պարզապես խիզախություն էր պետք սթափ գնահատել իրականությունը: Ցավոք, կառավարությունը՝ ի դեմս վարչապետի, ամեն ինչ անում է լղոզելու համար իր տված խոստումը, այն է` հանքը չշահագործել բնապահպանական ռիսկերի դեպքում: Ինչպես տեսանք երեկ, կառավարությունը, փոխանակ հենվեր Էլարդի եզրակացության վրա, նստել Լիդիանի բանավոր խոստումներն է հիմք ընդունում: Տեսեք, Էլարդը ասում է, որ ՇՄԱԳ-ը թերի է, կիսատ է, բավարար տեղեկատվություն չկա վստահ լինելու համար, որ ռիսկերը կառավարելի են: Իսկ երեկ Լիդիանի ղեկավարը ասաց, որ իրենք շարժվելու են բացառապես ՇՄԱԳ-ով: Պարզ է, չէ՞, որ երկուսն էլ ճիշտ են, բայց Փաշինյանը չգիտես ինչու որոշել է, որ հանքի շահագործումը վտանգ չի ներկայացնում: Պարոն Միսկարյան, արդյոք այս հարցի կապակցությամբ իշխանությունում վերադասավորումներ կլինեն: Հայտնի է, որ կառավարող ուժի մեջ նույնպես կան մարդիկ, որոնք դեմ են հանքի շահագործմանը, բայց թե նրանք կգտնվե՞ն այնքան սկզբունքային, որպեսզի հանուն իրենց գաղափարների դուրս գան ԻՔ դաշինքից, դառնան անկախ պատգամավորներ, կամ գտնվեն նախարարներ, որոնք հրաժարական կտան, դժվարանում եմ ասել: Քաղաքացիական անհնազանդության ալի՞ք է բարձրանալու: Այս պահին, իմ գնահատմամբ, հարցի հանգուցալուծման արդյունավետ քաղաքական ճանապարհները սպառված են և, այո, քաղաքացիական խաղաղ անհնազանդությունը այն ճանապարհն է, որ կարող է խնդիրը լուծել կարճ ժամանակում և առանց մեծ ցնցումների: Գործիքները շատ տարբեր են, ներկայում քննարկում ենք դրանց ընտրության, նախապատվության հարցը:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
10-09-2019 11:19