«Մենք այնպիսի զինատեսակ ենք ստացել, որը բացառիկ է»

10-09-2019 00:01

Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի գործարքներին: «Չկա որևէ երկկողմանի կամ բազմակողմանի դրույթ, որը դա արգելում է անել: Իհարկե, շատ հաճախ հարց են տալիս՝ բա էլ ի՞նչ դաշնակցային հարաբերություններ: Բայց մյուս կողմից, չէ՞ որ մենք անհամեմատ մատչելի գնով ենք մենք ստանում զենքը: Ավելին, մենք այնպիսի զինատեսակ ենք ստացել, որը բացառիկ է»,- ասաց Քոչարյանը: Այսինքն, նրա խոսքով, այդ քայլերով Ռուսաստանը փորձում է հավասարակշռել վիճակը: «Իհարկե, այն, որ ինքը մեզ ավելի մատչելի գներով է մատակարարում, դա նաև պարտավորություն է, որը ամրագրված է և երկկողմ պայմանագրով, և ՀԱՊԿ շրջանակներում: Սա է իրավիճակը, ավելին, ես պետք է ավելացնեմ, որ ամեն ինչի բանալին երկրի ներսում է: Դա տնտեսական վիճակն է ու հնարավորությունները: Եվ հաճախ, երբ մենք զենք ենք գնում, այդ թվում՝ ժամանակակից, մենք նույնիսկ Ռուսաստանից ենք վարկը վերցնում, այդ զենքը գնում: Այսինքն՝ Ռուսաստանն իր տեսակետից համարում է, որ կատարել է իր պարտավորությունները: Բայց դա չի նշանակում, որ մենք, այսպես ասած, անտարբեր ենք և արձանագրում ենք, որ որևէ խնդիր չկա Ադրբեջանին զենք մատակարարելու հետ կապված: Մենք այդ հարցը պարբերաբար բարձրացնում ենք»,- ասաց նա:

Lragir.am,
10-09-2019 00:01