Չար կատակ Ռոբերտ Քոչարյանի հետ

Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն արդեն մի քանի օր դատարանից պահանջում են փոխել նրա խափանման միջոցը եւ ազատել կալանքից, հղում անելով ՍԴ հայտնի որոշման վրա: Երկրորդ նախագահի պաշտպաններն էլ պնդում են, որ ՍԴ որոշման համաձայն պետք է փոխվի նրա խափանման միջոցը: Դատախազությունը, արդարադատության նախարարությունը, այսպես ասած հակառակ ճամբարի ներկայացուցիչները պնդում են հակառակը՝ որ ՍԴ որոշումը չի առաջացնում խափանման միջոցի փոփոխության անհրաժեշտություն: Սահմանադրական դատարանն իր որոշումով փաստորեն չար կատակ խաղաց երկրորդ նախագահի հետ: Դատարանի որոշումը թողնում է մեկնաբանությունների կամ պարզապես իրավական վեճի մեծ տեղիք, թեեւ ընդհանուր առմամբ այդպիսին են այդօրինակ հարցերում գրեթե բոլոր որոշումները: Սակայն, տվյալ դեպքում հասկանալի է, որ Ռոբերտ Քոչարյանը Հրայր Թովմասյանից ակնկալում էր առավել միարժեք իրավիճակ, որը երկրորդ նախագահի ձեռքին կտար «երկաթյա փաստարկ»: Բայց, դրա փոխարեն Հրայր Թովմասյանը Ռոբերտ Քոչարյանին մատուցեց այնպիսի մի «չար կատակ», ինչպես Գագիկ Հարությունյանը 2003 թվականի նախագահի ընտրությունից հետո՝ «վստահության հանրաքվեի» մասին խորհրդով՝ Ռոբերտ Քոչարյանի արձագանքը ՍԴ որոշմանը. այլ իրավիճակ, ինչը ընտրությունից մեկ տարի անց Ռոբերտ Քոչարյանին ստիպեց իշխանությունը եւ դիրքերը պահելու համար դիմել ուժի: Ներկայում Հրայր Թովմասյանը «լճացրել» է Ռոբերտ Քոչարյանի գործի շուրջ իրավիճակը: Այդպիսով իհարկե նա գուցե փորձել է ժամանակ շահել իր համար, նույն Քոչարյանի գործի առնչությամբ ՍԴ-ում գտնվող մյուս, եւ թերեւս ամենակարեւոր հարցի քննարկմանն ընդառաջ ժամանակ շահելու եւ իրավիճակը գնահատելու, հասկանալու, կողմնորոշվելու նկատառումով: Խոսքը երկրորդ նախագահի անձեռնմխելիության հարցի մասին է, որի վերաբերյալ խորհրդատվական կարծիքի համար ՍԴ-ն դիմել է նաեւ Վենետիկի հանձնաժողով եւ ՄԻԵԴ:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
10-09-2019 00:19