ԵՏՄ ղեկավարները պետք է հաշտվեն, որ երկիրը վարչապետն է ներկայացնում, այլ ոչ թե նախագահը. Շավարշ Քոչարյան

10-09-2019 00:25

Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը շարունակում է պնդել, որ հայկական վարորդական իրավունքի վկայականների հարցում Ռուսաստանը խտրական մոտեցում է ցուցաբերում Հայաստանի նկատմամբ: Նրա խոսքով՝ երբ  ԵՏՄ անդամ երկրներից սահմանափակումը վերաբերում է միայն Հայաստանին, ամեն ինչ պարզ է: «Իրենք դա բացատրում են լեզվի կարգավիճակով: Ուղղակի դրա մասին շատ է խոսվել, հիմնավորումներ եղել են, որ  կարգավիճակը լեզվի և անձի իմացությունը տարբեր բաներ են: Այսինքն՝ կարող է լեզուն ունենալ այլ կարգավյճակ, բայց կոնկրետ անձը չտիրապետի և հակառակը: Առավել ևս, որ Հայաստանում ռուսաց լեզուն պարտադիր առարկա է: Ճիշտ այնպես, ինչպես հայոց լեզուն, մաթեմատիկան: Այդ տեսակետից մենք խնդիր չունենք»,- ասաց նա՝ հավելելով, որ հայկական կողմն ունի բոլոր փաստարկները և այդ ուղղությամբ աշխատում է: Հարցին, թե կարո՞ղ ենք արձանագրել, որ հայ-ռուսական հարաբերություններում նահանջ ունենք, Շավարշ Քոչարյանը պատասխանեց․ «Այնքան բազմաոլորտ  ու բազմաշերտ են հարաբերությունները, որ առանձին դրվագներով չի կարելի ասել: Հեղափոխությունից հետո հասկանալի է, որ Ռուսաստանի համար դա այն չէ, որն իրենք պետք է ողջունեին: Շատ պարզ պատճառով՝ արդեն երկրի կառուցվածքն է փոխվել, պառլամենտական․․․ Տեսեք այսօր ինչի էի ներկայացնում, իրենք արդեն պետք է հաշտվեն նրա հետ, որ բարձրագույն խորհուրդը վարչապետն է: Իսկ մինչ այդ իրենց հոգեբանությունն ուրիշ էր, որ նախագահն է: Ժամանակ է պահանջվում: Իրենց համար, որ սովոր են, որ երկիրը ներկայացնում են նախագահներ, հիմա արդեն հաշտվում են նրան հետ, որ՝ ոչ»: Շավարշ Քոչարյանն անդրադարձավ նաև տեղեկություններին, թե հնարավոր է հոկտեմբերին ՌԴ նախագահը չգա Հայաստան: «Որոշումը, որ հոկտեմբերի 1-ին Հայաստանում լինելու է ԵՏՄ բարձրագույն խորհրդի նիստը, կայացրել են բոլոր անդամ երկրների ղեկավարները, այդ թվում՝ Ռուստաստանը: Սա այն դեպքը չէ, որ իրեն մենք հրավիրել ենք, ինքը պետք է ասի՝ կգամ, թե չէ: Գալ-չգալն արհեստական է, որը քննարկվում է մամուլում, ինչի՞ համար»,- ասաց Շավարշ Քոչարյանը:

Lragir.am,
10-09-2019 00:25