Հայաստանի պատասխան օրենքը ՌԴ-ում ընդունված խտրական օրենքին

10-09-2019 14:51

Ի պատասխան Ռուսաստանի քայլերի՝ կարգելվի բիզնես գործունեության նպատակով ռուսական վարորդական իրավունքի վկայականների գործածությունը Հայաստանում: Այս մասին նախագիծը խորհրդարանում այսօր ներկայացնում է փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Հովհաննես Քոչարյանն ասաց, որ ըստ նախագծի՝ ԵՏՄ երկրներից տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձինք Հայաստանում տրանպորտային միջոցի օգտագործմամբ ձեռնարկատիրական գործունեություն կարող են իրականացնել միայն փոխադարձության սկզբունքի հիման վրա: «Այսինքն՝ եթե Ռուսաստանի Դաշնությունում մեր կողմից տրված տրանպորտային միջոցներ վարելու իրավունքի վկայականները ճանաչվեն և հնարավորություն տրվի դրանցով, օրինակ, տաքսի վարել, մենք փոխադարձության հիմունքներով նույն հնարավորությունը կտանք նաև ՌԴ քաղաքացիներին»,- ասաց փոխոստիկանապետը: Հարցին, թե սա Հայաստանի պատասխա՞նն է Ռուսաստանին, Հովհաննես Քոչարյանը պատասխանեց․ «Սա պատասխան չէ, նույն կարգավորման նախատեսումն է մեր օրենսդրության մեջ՝ միասնականացում ապահովելու համար»: Նա նշեց՝ երբ Ռուսաստանն իր օրենսդրությունը կհամապատասխանեցնի ԵՏՄ օրենսդրությանը, Հայաստանն էլ նույնը կանի: Հարցին, թե եթե ՌԴ քաղաքացին ուզում է գալ Հայաստան ու տաքսի վարել, ի՞նչ է սպասվում նրան, փոխոստիկանապետը պատասխանեց․ «Այս օրենքի ընդունումից հետո կարգելվի»: Հիշեցնենք, որ Ռուսաստանում հայ վարորդները հայկական վարորդական իրավունքի վկայականներով չեն կարողանում ձեռնարկատիրական նպատակով տրանսպորտ վարել: Հարցը տևական ժամանակ քննարկվում է, բայց լուծումներ չեն տրվում: ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել էր, որ ՌԴ-ն խտրական օրեսնդրություն է ընդունել Հայաստանի համար, քանի որ ԵՏՄ մյուս երկրներին այս սահամանափակումը չի վերաբերում:

Lragir.am,
10-09-2019 14:51