ԱԺ-ն քննարկում է ճանապարհային երթևեկության բալային համակարգի ներդրման մասին նախագիծը

10-09-2019 15:23

Ազգային ժողովում այսօր քննարկվում է ճանապարհային երթևեկության բալային համակարգի ներդրման մասին նախագիծը: Փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը լրագրողների հետ  զրույցում ասաց․ «Մեր թիվ մեկ նպատակը մահերը կրճատելն է, սա մեր անվտանգությանը ռեալ սպառնալիք է»: Ըստ փոխոստիկանապետի՝ տուգանքների բարձրացումը մահերը չի կանխարգելում, մեզ պետք է նոր գործիքակազմ: Բալային համակարգը, նրա խոսքով, 20 իրավախախտման համար է նախատեսված: Դրանք այն իրավախախտումներն են, որոնք ավելի շատ են դառնում մահերի պատճառ: «Հիմնականում դրանք են՝ հանդիպակաց գոտի դուրս գալը, կարմիր լույս արգելքի նշանի տակով երթևեկելը, արագության գերազանցումը, ոչ սթափ վիճակում երթևեկելը: Այսինքն՝ խախտումներ, որոնց հետևանքով մարդիկ զոհվում կամ վիրավորվում են»,- ասաց փոխոստիկանապետը: Ըստ Հովհաննես Քոչարյանի՝ ԱԺ կողմից ընդունվելու դեպքում օրենքը միանգամից ուժի մեջ չի մտնի: «Վեց ամիս ժամկետ ենք խնդրել՝ օրենքն ուժի մեջ մտնելու համար: Ինչո՞ւ վեց ամիս, չենք ուզում շտապել, այդ վեց ամսվա ընթացքում մենք կապահովենք իրավական իրազեկման աշխատանքներ, այնուհետև ըստ հնարավորության՝ ճանապարհների կահավորանքը կբարելավենք և կապահովենք իրավական քարոզչություն»,- հավելեց նա: Ըստ փոխոստիկանապետի՝ 1 մլրդ դրամից ավելի ֆինանսական միջոցներ են հատկացվել կառավարության կողմից, որպեսզի գործող պարեկային մեքենաներն ապահովվեն համապատասխան կահավորանքով:

Lragir.am,
10-09-2019 15:23