Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով

10-09-2019 16:05

2019 թ.սեպտեմբերի 10-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 5.5%: 2019թ. օգոստոսին գրանցվել է 0.4% գնանկում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 0.6% գնաճի դիմաց, ինչին շարունակել է մեծապես նպաստել   գյուղմթերքների գների սեզոնային ավելի մեծ նվազումը: Արդյունքում, 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել՝ ամսվա վերջին կազմելով 0.6%: Ի տարբերություն ընդհանուր գնաճի, բնականոն գնաճը վերջին ամիսներին ցուցաբերել է համեմատաբար կայուն վարքագիծ՝ տատանվելով 1.5%-ի շրջանում: Արտաքին հատվածում համաշխարհային տնտեսության զարգացումների վերաբերյալ անորոշության ավելացման ներքո գրանցվում են տնտեսական աճի, պահանջարկի և գնաճի զգալի դանդաղման միտումներ, որոնք արտահայտվում են նաև միջազգային ապրանքահումքային շուկաներում: Ելնելով նշվածից՝ ԿԲ խորհուրդը գնահատում է, որ ընդհանուր առմամբ արտաքին հատվածից ակնկալվում է հիմնականում գնանկումային ազդեցություն: Խորհուրդն արձանագրում է, որ երրորդ եռամսյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը շարունակում է մնալ բարձր, որն հիմնականում պայմանավորված է առաջարկի մասով ծառայությունների և վերամշակող արդյունաբերության աճերով, իսկ պահանջարկի մասով` մասնավոր սպառման աճով: Միաժամանակ, հարկաբյուջետային քաղաքականությունը դեռևս շարունակում է զսպող ազդեցություն ունենալ համախառն պահանջարկի վրա: Հաշվի առնելով արտաքին հատվածում ձևավորված գնանկումային միջավայրը և հարկաբյուջետային քաղաքականության ընթացքը, ինչպես նաև շարունակելով նախապատվությունը տալ գնաճի աստիճանական վերականգնմանը, ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում ավելացնել դրամավարկային պայմանների խթանման չափը՝ նվազեցնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ինչպես նաև քննարկում է միջոցառումներ՝ ֆինանսական միջոցները տնտեսության ներուժի զարգացմանն ուղղորդելու նպատակով: Խորհուրդը նաև գտնում է, որ կանխատեսվող մակրոտնտեսական զարգացումների պարագայում անհրաժեշտ կլինի խթանող դիրքը պահպանել նաև միջնաժամկետում՝ գնաճի նպատակի իրագործման համար: Արդյունքում ակնկալվում է, որ գնաճն առաջիկա ամիսներին կպահպանվի նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում՝ միջինժամկետ հատվածում կայունանալով դրա շուրջ: Նշենք, որ ներկայումս շարունակում են գերակշռել գնաճի կանխատեսված հետագծից դեպի ներքև շեղման ռիսկերը՝ հիմնականում պայմանավորված արտաքին աշխարհի զարգացումներով, որոնց դրսևորման պարագայում Կենտրոնական բանկը պատրաստ է համապատասխանորեն արձագանքել՝ ապահովելով գների կայունությունը միջնաժամկետ հատվածում:

Lragir.am,
10-09-2019 16:05