Արմեն Աշոտյանն ամեն ինչ դրեց իր տեղը. սառը ցնցուղ եւ դառը իրականություն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հոդված է հրապարակել Հայաստանի ընթացիկ ներքաղաքական իրավիճակի առնչությամբ, այն բնորոշելով «հետհեղափոխական պախմելի վերջին փուլ»: ՀՀԿ փոխնախագահը գնահատում է ստեղծված իրավիճակն ու արձանագրում, որ ներքաղաքական դիրքավորման կամ հետհեղափոխական վերադիրքավորման ընթացիկ փուլի որեւէ մասնակից «նոր» չէ, ընդհուպ կառավարող ուժը: ՀՀԿ փոխնախագահը խոսում է քաղաքական արդիականացման անհրաժեշտության մասին եւ ներկայացնում որոշակի առաջարկներ, որոնք առանձնապես նորարարություն չեն եւ տարբեր ամբիոններից հնչած մտքեր են, անշուշտ քննարկելի եւ դիտարկելի: Արմեն Աշոտյանի գրառման առանցքային արձանագրումը թերեւս այլ է. «Ժամանակին մենք միամտաբար ու մեծամտաբար ասում էինք, որ «իշխանությունը պետք է անցնի Մելիք Ադամյան փողոցով»: Իհարկե, ֆորմալ առումով ճիշտ ենք, քանզի ամեն օր տեսնում ենք Կառավարական շենքի ետնամասից բակ մտնող վարչապետական շարասյունը: Բայց այսօր նորովի նայենք ստեղծված իրավիճակին եւ … փաստենք, որ առանց Հանրապետականի ընդհանուր ընդդիմադիր բեւեռ կայանալ չի կարող»: ՀՀԿ փոխնախագահի հոդվածն ըստ երեւույթին հնարավոր է որակել սառը ցնցուղ եւ դառը իրականություն միաժամանակ, կամ՝ դառը իրականության սառը ցնցուղ: Արմեն Աշոտյանն արձանագրում է անբեկանելին, պարզապես փոքր ինչ «քաղաքագիտորեն» ձեւակերպված՝ Հայաստանում չի կարող լինել ինստիտուցիոնալ եւ համակարգված ընդդիմություն, քանի դեռ կա Հանրապետականը: Միաժամանակ, Հայաստանում Հանրապետականը չի կարող չլինել, քանի դեռ չկա քաղաքական նոր համակարգ, իր ինստիտուցիոնալ եւ բովանդակային նորարարությամբ: Արմեն Աշոտյանը գործնականում արձանագրում է, որ Հանրապետական կուսակցությունը պարզապես քաղաքական ուժ չէր: Այն գործնականում վերածվել էր հայկական նորագույն պետականության «բազային ծրագրի», ընդ որում՝ «սխալ կոդավորված» ծրագրի: Ըստ այդմ նա արձանագրում է, որ սխալը «ծրագրային» էր, ոչ թե «անվանական»: Քաղաքական համակարգի իմաստով հեղափոխությունից հետո Հայաստանում առկա ծրագրային սխալը հաղթահարված չէ: Միաժամանակ, այստեղ է նաեւ հետհեղափոխական դիմադրության առանցքային կետը՝ թույլ չտալ ծրագրային սխալի հաղթահարում: Սրան զուգահեռ, Հանրապետականն իր գոյությամբ այդ իրավիճակում լուծում է ծրագրային սխալի առկայության պայմաններում դրա «բազային» կարգավիճակի վերականգնում թույլ չտալու հարցը: Այդտեղ է հետհեղափոխական իրավիճակի երկիմաստությունը, որը «Ձուկը դեռ ջրում է» արտահայտությամբ ներկայիս բավականին հանգուցային փուլում պարզաջրում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ընդ որում ոչ այնքան կառավարող ուժի, որքան նախորդ իշխանությանը կամ իշխող համակարգին «հարազատության» կամ «յուրայինության» տարբեր աստիճանի առնչություն ունեցած քաղաքական շրջանակների կամ հավակնորդների համար, կամ առնվազն երկուստեք՝ հավասարապես: Հատկապես այն իրավիճակում, երբ ներքաղաքական խաղը Ամուլսարի «գեներատիվ» ազդեցությամբ բավական բացվել է, արդեն ոչ թե թափանցիկ, այլ գործնականում բաց հայտերի տեսքով:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
10-09-2019 17:49