Նոր իրավիճակ եւ Հայաստանի ռազմական անակնկալը

Չկա Ադրբեջանին ռուսական սպառազինության վաճառքի որեւէ իրավական արգելք, լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, խոսելով ռուսական սպառազինության ձեռքբերման եւ այն մասին, որ Մոսկվան զենք է մատակարարում նաեւ Ադրբեջանին: Իհարկե, ապրիլյան քառօրյայից հետո այդ մատակարարումների ծավալն ու որակը ենթարկվել է փոփոխության, այն բանից հետո, երբ հայկական բանակը ռեգիոնը դրեց նոր իրողությունների առաջ եւ միաժամանակ պայթեցրեց Հայաստանի սուբյեկտության ոչնչացման ռուսական քաղաքականությունը: Ռուսաստանը ստիպված էր քայլեր կատարել իր հայաստանյան վարկը քիչ թե շատ վերականգնելու, միաժամանակ ռեգիոնալ երերացած դիրքը կայունացնելու համար: Դրա համար նվազեցվեց ռազմա-տեխնիկական գործակցությունն Ադրբեջանի հետ, միաժամանակ Հայաստանին տրամադրվեց Իսկանդերը: Մյուս կողմից, սակայն, ապրիլյան քառօրյան նվազեցրեց նաեւ ռուսական սպառազինություն ձեռք բերելու Ադրբեջանի մոտիվացիան: Ռուսական զենքը Բաքվին անհրաժեշտ է եղել առաջին հերթին մի հանգամանքի ազդեցությամբ՝ հաշվի առնելով ՌԴ քաղաքական «դիրքը» Հայաստանի հանդեպ, ռուսական մասշտաբային սպառազինությունը ենթադրել է նաեւ այն Հայաստանի դեմ կիրառելու իրավունք: Ադրբեջանը փաստացի ձեռք է բերել այդ իրավունքը, հաշվի առնելով այն, որ «պատերազմի իրավունքի» իրացումը Բաքվի համար հնարավոր էր Մինսկի խմբի առնվազն երկու համանախագահներից մեկի՝ Վաշինգտոնի կամ Մոսկվայի հավանությունն ունենալու դեպքում: Գնելով սպառազինությունը Ռուսաստանից, Բաքուն ձեռք էր բերում նաեւ այդ հավանությունը: Ապրիլյան քառօրյայից հետո ստեղծված իրավիճակում առաջացել է հենց այդ հավանության խնդիր, ըստ այդմ նաեւ նվազել է ռուսական սպառազինության մասշտաբային գնման Բաքվի մոտիվացիան: Ըստ այդմ ռուս-ադրբեջանական ռազմա-տեխնիկական գործակցության ծավալն ու մասշտաբը կախված է այն հանգամանքից, թե արդյոք Մոսկվան Բաքվին կտրամադրի նաեւ նոր հավանություն: Այդ իմաստով, Հայաստանում իրավիճակը հարստացել է նոր հանգամանքներով: Մասնավորապես, Երեւանը հայտարարել է, որ պատերազմի դեպքում պատասխանատուն Ռուսաստանն է, որն ունակ է զսպել Ադրբեջանի այդ նկրտումը, հետեւաբար այն դրսեւորվելու պարագայում պետք է եզրակացնել, որ Ռուսաստանը չի ցանկացել զսպել: Դրանից հետո Երեւանը պարբերաբար հայտարարում է հայ-ռուսական ռազմա-տեխնիկական պայմանավորվածությունների մասին, սկսած Սու 30 բազմաֆունկցիոնալ կործանիչների գնումից, մինչեւ ռազմական անակնկալ, որն իր հարցազրույցներից մեկում խոստացել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը եւ որի մասին խոսել է նաեւ Շավարշ Քոչարյանը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
10-09-2019 21:10