Հանրությունը պետք է իմանա, թե որ կուսակցությանը ով է ֆինանսավորում

Մեր զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը Պարոն Դանիելյան, սկսվել է Ընտրական օրենսգրքի, «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխությունների քննարկումների փուլը: Ընդհանրապես, որքանո՞վ են քաղաքական ուժերն ակտիվություն ցուցաբերում, և ի՞նչ առանցքային փոփոխություններ կնշեք, որ նախնական տարբերակում արդեն կա: Ես չեմ ուզում հիմա փոփոխություններ նշեմ, որովհետև մենք նաև մյուս խմբակցությունների հետ համաձայնել ենք, որ թեմա-թեմա քննարկելու ենք: Այսինքն եթե հիմա ասեմ՝ այսպես ենք անելու, կարծում եմ՝ ճիշտ չի լինի, որովհետև կարող է իրենք առաջարկներ անեն, որից հետո փոխենք մեր դիրքորոշումը: Փոխարենը կարող եմ նշել այն խնդիրները, որոնց մենք պետք է անդրադառնանք: Խնդիրների ամբողջ փաթեթը, բոլոր այն կարգավորումները, որ կան «Կուսակցությունների մասին» օրենքում, դրանցից յուրաքանչյուրի մասով աշխատանք տարվելու է՝ սկսած կուսակցության սահմանումից, գրանցումից, ներքին ժողովրդավարության կանոնակարգումից: Այսօր էլ ֆիքսված է, թե ինչպիսին պետք է լինի կուսակցությունը, բայց դրանց մի մասին որևէ մեկը չի հետևում: Կանդրադառնանք կուսակցությունների ֆինանսավորմանը, քարոզարշավի ֆինանսավորմանը և այլն: Կա նաև մոտեցում, որ եթե ասենք գրված է, որ կուսակցությունը պետք է ունենա 2 հազար անդամ, բայց որևէ մեխանիզմ չկա հավաստիանալու այդ 2 հազար հոգու անդամ լինել-չլինելու մեջ, կարող է ընդհանրապես հանվի այդ դրույթը: Եթե կան կուսակցություններ, որ միայն իրենք են իրենց կուսակցություն համարում, ոչ մասնակցում են ընտրությունների, ոչ անդամներ ունեն, ոչ ֆինանսական մուտքեր-ելքեր ունեն, ոչ գրասենյակ ունեն, այդ հարցերը պետք է կարգավորվեն: Նոր փոփոխություններում կամրագրվի, որ ընտրություններին մասնակցելը պարտադի՞ր է: Ընտրություններին մասնակցելն այսօրվա գործող օրենքով ևս ամրագրված է, որ եթե երկու անգամ համապետական ընտրությունների չի մասնակցում կուսակցությունը, գրանցումից զրկվում է: Սա էլ է քննարկման առարկա, որովհետև կա մտահոգություն, որ կուսակցությունների թիվը չափազանց մեծ է և կան կառույցներ, որոնք իրականում կուսակցություն չեն հանդիսանում: Կուսակցությունը կառույց է, որը հավակնում է իշխանություն ձևավորել կամ պայքարել դրա համար: Եթե կուսակցությունն անգամ ընտրությունների չի մասնակցում, որքանո՞վ այն կարող է համարվել կուսակցություն: Մյուս մոտեցումն այն է, որ ովքեր իրենց ուզում են համարել կուսակցություն, թող համարեն, որովհետև, ի վերջո, մարդկանց իրավունքն է՝ միավորվել այս կամ այն միավորումներում: Մինչդեռ երբ այդ իրավունքից զրկում ես, դա խնդրահարույց է դառնում: Ամենակարևոր ուղղություններից մեկը թափանցիկության բարձրացումն է, հաշվետվողականության մեծացումը ֆինանսական մասով, սանկցիաների բազմազանության հնարավորություն տալը, որովհետև այսօր օրենքը ի վերջո այդ ճկունությունը չունի: Այսօրվա օրենքով սահմանված է կուսակցությունների կասեցում, արգելում, բայց կան նաև այլ տեսակի գործիքներ, որոնք կարող են ազդել կուսակցության վարքի վրա՝ ֆինանսական տույժեր, պետական ֆինանսավորումից զրկում, խրախուսական գործիքներ: Այս ամիս ՏԻՄ ընտրություններ են, բայց կուսակցությունները գրեթե մասնակցություն չունեն: Ինչո՞վ եք սա բացատրում և ինչ պետք է անել, որ քաղաքական ուժերը ակտիվ լինեն նաև ՏԻՄ ընտրություններում: Այս հարցում երեք շերտ կա. նախ, բոլոր երկրներում ՏԻՄ ընտրությունները պակաս հետաքրքիր են, քան համապետական ընտրությունները, և Հայաստանն այս առումով բացառություն չէ: Երկրորդ, եթե այդ ընտրությունների մեջ լինեին Երևանը, Վանաձորը, Գյումրին, ապա կուսակցություններն ավելի ակտիվ կլինեին, և երրորդ. Եթե խոսում ենք փոքր համայնքների մասին, մեծ բանավեճ է, թե որքանով է կարևոր, որ փոքր համայնքներում բավական սահմանափակ հարցեր լուծելու լիազորություն ունեցող մարմինները ձևավորվեն բացառապես կուսակցությունների կողմից: Փաստորեն փոփոխությունների այս փուլում կարևորվում է կուսակցությունների մասին օրենքի փոփոխությունը: Այո, գումարած Ընտրական օրենսգրքի այն մասը, որը առնչվում է քարոզարշավի ֆինանսավորմանը, որովհետև դա նույն մարմնի երկու ոտքերն են՝ կուսակցությունների ֆինանսավորման շարունակությունն է հանդիսանում քարոզարշավի ֆինանսավորումը: Կամ այլ կերպ ասած, քարոզարշավի ֆինանսավորումը կուսակցության ֆինանսների ամբողջ ցիկլի մի հատվածն է, հետևաբար չենք կարող առաձնացնել: Այստեղ խնդիր չկա՞, որ կուսակցությունները թափանցիկ կլինեն միայն այն մասով, որ մասով իրենց ձեռնտու կլինի, իսկ թե որ օլիգարխը կամ որ գործարարն է ֆինանսավորել, այդ հարցը պատասխան չի ստանա: Հիմա բացեր կան, և մենք ուզում ենք, որ այդ բացերը կարգավորվեն, որպեսզի հանրությունն իմանա, թե որ կուսակցությանը ով է ֆինանսավորում: Ես կարծում եմ, որ համակողմանի բարեփոխումներից հետո մենք կունենանք էապես բարեփոխված «Կուսակցությունների մասին» օրենք, որն իր մեջ ունենալու է լուծումներ, այդ թվում նաև բազմաթիվ այն հարցերի, որոնք տարիներ շարունակ խնդրահարույց են եղել:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
10-09-2019 21:51