Ռոբերտ Քոչարյանի արագ արձագանքը. ինչ կատարվեց

Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը «Երեւան թըդեյ» կայքին տված հարցազրույցում հայտարարել է, որ վաղաժամ է ընդդիմության լիդերի փնտրտուքը: Նա այդպես արձագանքել է օրերս Ադեկվատ նորաստեղծ կուսակցության հիմնադիր համագումարում հնչած մտքին, թե ընդդիմության լավագույն, ամենապատրաստված առաջնորդը կարող է լինել Միքայել Մինասյանը՝ Վատիկանում Հայաստանի նախկին դեսպանը: Վիկտոր Սողոմոնյանը հայտարարել է, որ ընդդիմության լիդերի վերաբերյալ չկա միասնական կարծիք: Միաժամանակ նա ասել է, թե այժմ ձեւավորվում են ընդդիմության տարբեր կենտրոններ, որոնց խնդիրը պետք է լինի ոչ թե լիդեր գտնելը կամ որոշելը, այլ թույլ չտալը, որ իշխանությունը վնասի պետությանը: Վիկտոր Սողոմոնյանի մեկնաբանությունը փաստացի Ռոբերտ Քոչարյանի եւ նրա թիմի ընդվզումն է Միքայել Մինասյանի քաղաքական հայտի դեմ: Մինասյանի քաղաքական հայտը բավականին նկատելի է, եւ էր՝ դեռեւս մի քանի ամիս առաջ նրա հրապարակած մի քանի ծրագրային հոդվածներից, որոնք առնչվում էին պետության հեռանկարին, արտաքին քաղաքականությանը, համահայկական կառուցվածքին: Այն բանից հետո, երբ Ադեկվատ կուսակցությունը խոսեց Մինասյանի առաջնորդության մասին, տարածվեց նաեւ Հայաստանում ներքին իրավիճակի մասին Միքայել Մինասյանի մեկնաբանությունը՝ տեսանյութով: Դրանում նա նշում էր, որ Հայաստանում չկա ընդդիմություն, իսկ եղածում էլ գերիշխում է «ռեւանշիզմը»: Դրան էլ անմիջապես հաջորդում է Ռոբերտ Քոչարյանի ընդվզումը՝ նրա գրասենյակի ղեկավարի մեկնաբանությամբ: Ընդ որում, այստեղ խնդիրը թերեւս ավելի խորն է, քան զուտ պայքարը ընդդիմության լիդերի կամ այսպես ասած համակարգողի համար: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանի նախագահության տասնամյա շրջանի գրեթե ամբողջ ընթացքում Միքայել Մինասյանը Ռոբերտ Քոչարյանի թիմի առանցքային թիրախներից էր, եթե ոչ ամենաառանցքայինը: Հեղափոխությունից հետո իրավիճակում թվում է, որ նրանց կարող է միավորել իշխանությունը՝ որպես ընդհանուր թիրախ: Սակայն դա կլինի քաղաքական իրողությունների եւ գործընթացների անադեկվատ պարզունակացում: Առավել եւս, որ Միքայել Մինասյանի ելույթին հաջորդել է մեկ այլ հետաքրքիր արձագանք՝ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից ոչ պակաս կարեւոր: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն է հրապարակել հոդված, որում դարձյալ գնահատել է ներքաղաքական իրադրությունը եւ արել երկու առանցքային արձանագրում՝ մեկը Ռոբերտ Քոչարյանի դերի, մյուսը՝ ՀՀԿ դերակատարման: «Ինչպես տեսանք, քաղաքական իրականության ախտորոշումը պտտվում է կամ Նիկոլ Փաշինյանի, կամ Սերժ Սարգսյանի անունների շուրջ: «Կա երրորդ ճանապարհ» թեզի հետևորդները, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, կամ չափից ավելի անձնակենտրոն են, կամ Հայրենիքի պղտորված ջրերում ձուկ բռնելու ցանկություն ունեն: Ռոբերտ Քոչարյանի գործոնն այս համատեքստում բոլորովին այլ՝ քաղաքական հետապնդման և անարդարության դեմ պայքարի առաջամարտիկի իմաստն ունի», գրում է ՀՀԿ փոխնախագահը, երկրորդ նախագահին փաստացի դնելով քաղաքական գործընթացից դուրս, անգամ «երրորդ ճանապարհի» իմաստով: Միաժամանակ, Արմեն Աշոտյանը անում է երկրորդ արձանագրումը, որ առանց Հանրապետականի չի կարող ձեավորվել ընդհանուր ընդդիմադիր բեւեռ, Ռոբերտ Քոչարյանին քաղաքական գործընթացից դուրս դնելուց բացի, ՀՀԿ-ն էլ դնելով Միքայել Մինասյանից առաջ:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
11-09-2019 11:24