Ռուսաստանը կարող է Թուրքիային տրամադրել միջուկային զենքի տեխնոլոգիաներ։ Ինչու է դա պետք Ռուսաստանին

Մեր զրուցակիցն է ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, թուրքագետ Հայկ Գաբրիելյանը  Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ չի ընդունում միջուկային զենք ստեղծելու առիթով իր երկրի վրա դրված արգելքը: Նա անտրամաբանական է համարել այն, որ աշխարհի մի շարք երկրներ ունեն միջուկային մարտագլխիկով հրթիռներ, սակայն իր երկիրը չի կարող ունենալ: Որքանո՞վ է հավանական Թուրքիայի նկրտումների կյանքի կոչումը: Ընդհանուր առմամբ՝ Թուրքիայի միջուկային նկրտումները հայտնի էին դեռևս տարիներ առաջ: Հստակ տեսնում ենք, որ Թուրքիան գնում է այնպիսի ճանապարհով, որ ժամանակին ունենա միջուկային զենք, որ կարողանա անհրաժեշտ պահի արտադրել այդ զենքը: Ատոմակայան կառուցելը օգնության է հասնում այդ հարցում: Առաջին ատոմակայանը Թուրքիայում կառուցում է Ռուսաստանը, և մեծ մտավախություններ կան, որ հենց Ռուսաստանը կարող է Թուրքիային տրամադրել միջուկային տեխնոլոգիաներ: Ինչու է դա պետք Ռուսաստանին. նախ նրա համար, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ամեն կերպ շահագրգռված է Էրդողանի վարչակարգի պահպանմամբ, երկրորդ՝ Պուտինը ցանկանում է սկսել ՆԱՏՕ-ն մասնատելու գործընթաց, իսկ այդ առումով ամենահարմար երկիրը համարվում է Թուրքիան: Այսինքն գործարք կարող է տեղի ունենալ, որպեսզի Ռուսաստանը միջուկային զենքի տեխնոլոգիաները տա Թուրքիային, պայմանով, որ Թուրքիան լքի ՆԱՏՕ-ն: Ըստ էության, Թուրքիան ՆԱՏՕ-ի կարիքն այնքան էլ չի զգա, և Թուրքիան հմտորեն օգտագործում է այդ հանգամանքը՝ ասելով, թե «ինչու Իսրայելը պետք է միջուկային զենք ունենա, իսկ ես ոչ: Ո՞վ է ասել, որ ինձ արգելված է»: Այս պայմաններում ինչպիսի՞ն պետք է լինի մեր դիրքորոշումը: Շատ բարդ հարց է. ակնհայտորեն միջուկային Թուրքիան որոշ առումով ավելի վտանգավոր է: Համարժեքը կլիներ այն, որ մենք նույնպես ունենայինք միջուկային զենք, բայց դա դժվար իրականանալի է: Կարծում եմ՝ պետք է շարունակել աշխատել գերտերությունների հետ, մասնավորապես, օրինակ, Գերմանիայի հետ, որպեսզի վերջինս վերջապես զբաղվի Հայաստանի անվտանգության ապահովմամբ: Ինչու հենց Գերմանիան, որովհետև հիշում եք, որ 2012 թվականին Գերմանիան ընդունեց Հայոց ցեղասպանության հարցում իր հանցակցությունը, այսինքն պատասխանատվության իր մասը: Հիմա կարելի է պատասխանատվության այդ մասի չափով Գերմանիայից պահանջել համապատասխան փոխհատուցում, այսինքն զբաղվել նաև մեր անվտանգության ապահովմամբ: Իր հանցակցության չափով Գերմանիան պետք է մասնակցի մեր անվտանգության ապահովմանը: Դա կլինի տարբեր տիպի տեխնոլոգիաների տեսքով, թե այլ նախագծերի ֆինանսավորմամբ, դա արդեն այլ հարց է: Այսպիսի պահանջով առաջին հերթին պետք է հանդես գան Սփյուռքում, հետո երկրորդ փուլում կարող է խաղի մեջ մտնել Հայաստանը: Այսինքն` Հայաստանը պետք է բազմավեկտոր անվտանգության քաղաքականությո՞ւն վարի: Ընդհանրապես, բազմավեկտոր քաղաքականությունը ավելի նախընտրելի է, քան մեկ բևեռից կախված լինելը: Թուրքիայի օրինակը ապացուցում է դա, երբ անհրաժեշտության դեպքում Թուրքիան շատ հմտորեն օգտագործում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև առաջացած խնդիրները: Իհարկե, մեր հնարավորությունները դա թույլ չեն տալիս, բայց կարելի է փորձել հասկանալ, թե Ռուսաստանում ինչ են մտածում, արդյոք իսկապես կա նման վտանգ, որ Մոսկվան կարող է միջուկային զենքի տեխնոլոգիաներ տրամադրել Թուրքիային: Որքանո՞վ են իրական այդ վտանգները: Իմ անձնական կարծիքն այնպիսին է, որ շատ հարցերում չեն համընկնում Վլադիմիր Պուտինի և Ռուսաստանի շահերը, ինչպես չեն համընկնում Թուրքիայի և Էրդողանի անձնական շահերը: Կան փորձագետներ, որ պնդում են, որ այսօր չկան Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններ, կան Պուտին-Էրդողան հարաբերություններ, և հենց դրանք են պայմանավորում կողմերի դիրքերը: Էրդողանը գիտի, որ Պուտինն ամեն կերպ աջակցելու է իր վարչակարգի պահպանմանը, մինչդեռ ԱՄՆ-ի դերպքում վստահ չէ, որ այդպես կլինի: Պուտինն էլ օգտագործում է Էրդողանին, փորձում է ամեն կերպ հաճոյանալ նրան, բավարարել նրա պահանջները և հասնել նրան, որ ի վերջո, Թուրքիան դուրս գա ՆԱՏՕ-ից: Պուտինի համար իդեա-ֆիքս է դարձել Թուրքիային ՆԱՏՕ-ից պոկելը, և դա հնարավոր է բացառապես այն դեպքում, եթե Թուրքիան ունենա միջուկային զենք: Այլ դեպքում չեմ պատկերացնում, որ Թուրքիան համաձայնի դուրս գալ ՆԱՏՕ-ից, որքան էլ Մոսկվան իրեն սիրաշահի: Թուրքիայում ՏԻՄ ընտրություններից, մասնավորապես Ստամբուլի քաղաքապետի ընտրություններից հետո խոսվում էր Էրդողանի իշխանության դիրքերի թուլացման մասին: Որքանո՞վ են իրական կանխատեսումները, որ Էրդողանը կարող է պարտվել հաջորդ ընտրություններում: Էրդողանը նորից նախագահ ընտրվելու, ըստ էության, ցմահ նախագահ մնալու մեծ շանսեր ունի, եթե ֆորսմաժորներ չլինեն: Նա կարող է անընդհատ վերընտրվել մինչև 2033 թվականը: Ճիշտ է, վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ Էրդողանի և նրա կուսակցության հեղինակությունը նվազել է, բայց ամեն դեպքում Թուրքիայում բոլորը պատրաստվում են 2023 թվականին կայանալիք խորհրդարանական և նախագահական ընտրություններին: Այդ տարի լրանում է Թուրքիայի Հանրապետության 100-ամյակը, և Էրդողանը, ըստ ամենայնի, կցանկանար, որ 2023 թվականին Թուրքիան արդեն լինի որպես միջուկային զենք ունեցող երկիր: Էրդողանը բազմիցս հայտարարել է, որ առաջիկայում կունենան նոր Թուրքիա: Ըստ ամենայնի, նա նկատի ունի միջուկային զենք ունենալը:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
11-09-2019 00:16