Գործարկվեց «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների նոր պաշտոնական կայքը

11-09-2019 00:33

Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15:00-ին, Deworkacy AOKS-ի դահլիճում տեղի ունեցավ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների նոր պաշտոնական կայքի գործարկման շնորհանդեսը: Վերջինիս ներկա էին ՀՀ ԿԳՆ նախարարի խորհրդական Արթուր Հովսեփյանը, Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանը, ՏՀՏ համայնքի ներկայացուցիչներ, «Արմաթի» սաներ ու խմբավարներ: Ի դեմս նոր կայքի, որը մշակվել է «eWorks» ընկերության կողմից, ստեղծվել է մի հարթակ, որը միավորում է «Արմաթ» լաբորատորիաների՝ աշխարհի ցանկացած ծայրում ապրող սաներին, տալիս է նրանց հաղորդակցվելու, գիտելիքով ու հմտություններով փոխանակվելու հնարավորություն: Դրանում յուրաքանչյուր լաբորատորիա և «Արմաթի» յուրաքանչյուր սան կունենան իրենց անհատական էջերը, ուր հավաքագրվելու են բոլոր այն նախագծերը, որոնք իրականացվել են տվյալ լաբում, կամ որոնց հեղինակը սույն երեխան է: Այսպիսով, ֆիքսվում են երեխաների գիտելիքները, հմտությունները և ստեղծվում է ամեն սովորողի անհատական պորտֆոլիո: «ԱՏՁՄ հետ համագործակցության արդյունքում մշակվեց սոցիալական կայք, որի միջոցով   ՏՏ ոլորտում առաջին քայլերն էլ ավելի հասանելի են դառնում ոլորտով հետաքրքրված անձանց՝ հատկապես վաղ տարիքից ինժեներական կրթությունը նախընտրող երեխաների համար: Վստահ եմ, որ մոտ ապագայում նախագիծը խթան կհանդիսանա ՏՏ աշխատաշուկան որակյալ կադրերով ապահովելու հարցում», – նշեց «eWorks» ընկերության գործադիր տնօրեն Խաչատուր Բադալյանը: Կայքի մյուս առանձնահատկությունն էլեկտրոնային ուսուցման միասնական հարթակի ստեղծումն է, որտեղ տեղադրվում են «Արմաթ» ծրագրի ուսումնական մեթոդաբանությունը, ձեռնարկները, տեսադասերը, համակարգչային ծրագրերը, որոնք գերազանցապես մշակվել են «Instigate» ընկերության կողմից: Հարթակում ինտեգրված է նաև խմբակավարների և մարզային համակարգողների գնահատման և մոնիտորինգի համակարգ: Բոլոր հաշվետվություններն այսուհետ մուտքագրվում են կայք, որը լրացված դաշտերի հիման վրա գեներացնում է փաստաթուղթ, ինչպես նաև ստատիստիկ տվյալների աղյուսակ: Հիշեցնենք, որ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների հիմնման ծրագիրը նախաձեռնել եւ իրականացնում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ): Այժմ Հայաստանի, Արցախի և Վրաստանի տարածքում գործում են 250-ից ավելի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ, որտեղ ավելի քան 6500 երեխա ստանում է անվճար ինժեներական կրթություն:

Lragir.am,
11-09-2019 00:33