Հովիկ Աղազարյանն Ամուլսարի հարցի լուծման տարբերակ է առաջարկել

11-09-2019 00:39

ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ Ամուլսարի հանքավայրի հարցը կարող է լուծվել իշխանության նկատմամբ վստահության հանրաքվեի միջոցով: «Եթե ջերմուկցիների համար մեր բացատրությունները կլինեն անընդունելի կամ հասարակության լայն շրջանակների համար լինեն անընդունելի, ապա դա ունի շատ հասարակ լուծում: Կարելի է նախաձեռնել անվստահություն իշխանությունների նկատմամբ, անցկացնել հանրաքվե՝ իշխանությունների նկատմամբ վստահության կամ անվստահության և ըստ այդմ անել հաջորդ քայլերը: Եթե, ենթադրենք, հանրաքվեի արդյունքով հասարակության մեծամասնությունը չի վստահում իշխանություններին, ապա կանցկացվեն ԱԺ արտահերթ ընտրություններ, որտեղ մեր թիմը նորից հանդես կգա այն տեսակետներով, որոնք ունեցել է: Եվ կհայնտվեն թիմեր, որոնք կասեն՝ մենք կգանք և Ամուլսարը կփակենք: Եվ այդ ժամանակ ժողովուրդն իր ընտրությունը կկայացնի»,- ասաց Հովիկ Աղազարյանը: Հարցին, թե իր կարծիքով՝ հասարակության մեծամասնությունը շարունակո՞ւմ է վստահել գործող իշխանություններին, Աղազարյանը պատասխանեց, որ իշխանության նկատմամբ վստահության աստիճանը դեռևս բավական բարձր է: «Ժողովուրդը կարող է անվստահությամբ լցվել իմ նկատմամբ, որևէ մարզպետի կամ նախարարի նկատմամբ, բայց վարչապետի վարկանիշը շարունակում է մնալ բարձր: Եվ, հետևաբար, ես չեմ կարծում, որ հանրաքվեի դեպքում մեր թիմը պարտություն կրի: Բայց դա քաղաքակիրթ լուծումն է, որպեսզի բոլորը՝ կապանցին, նոյեմբերյանցին, ջերմուկցին ընդունի, որ իշխանության նկատմամբ վստահությունն ունի ամենաբարձր աստիճան»,- հավելեց նա:

Lragir.am,
11-09-2019 00:39