Բաղրամյան համայնքում տեղի ունեցած առերևույթ չարաշահումների առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 3 անձի

11-09-2019 13:23

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Բաղրամյան համայնքում տեղի ունեցած առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 3 անձի: Քրեական գործի նախաքննությամբ իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի ղեկավարը, զբաղեցնելով նշված պաշտոնը 2016թ.-ից, հանդիսանալով պաշտոնատար անձ, իր պաշտոնավարման ընթացքում պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ կատարել է գումարների յուրացումներ և վատնումներ, ինչպես նաև կեղծել է պաշտոնեական փաստաթղթեր: Մասնավորապես՝ Բաղրամյան համայնքի ղեկավարը, 2017 և 2018թթ. ավագանու նիստի քննարկմանն ու հաստատմանը ներկայացնելով 2017թ. և 2018թ. բյուջեներով նախատեսված ծախսային մասով գումարներ հատկացնելու և պայմանագրեր կնքելու հարցը՝ համայնքի համար տնկիներ ձեռք բերելու, համայնքի ճանապարհների վերանորոգման, ինչպես նաև՝ ոռոգման ջրագծերի վերանորոգման համար, պայմանագրեր է կնքել համապատասխան անհատ ձեռներեցների հետ: Նշված պայմանագրերի հիման վրա  համայնքապետարանի հաշվեհամարից անհատ ձեռներեցների հաշվեհամարներին փոխանցված գումարներից վերջիններս, համայնքի ղեկավարի խնդրանքով, որոշակի մասը պահել են որպես հարկային վճարումների գումար, իսկ մնացած մասը՝ կանխիկացրել և տվել համայնքի ղեկավարին: Վերջինս նշված համայնքի ճանապարհների բարեկարգման, ինչպես նաև՝ տնկիներ ձեռք բերելու համար ծախսել է նշված գումարների մի մասը, իսկ մնացած խոշոր և զգալի չափերի գումարները՝ յուրացման եղանակով հափշտակել: Այնուհետև, վերը նշված գործարքների արդյունքում կատարված յուրացման փաստերը թաքցնելու շահադիտական դրդումներից ելնելով՝ իր ստորագրությամբ և կնիքով հաստատել ու անհատ ձեռներեցների ստորագրմանն է ներկայացրել պայմանագրերով նախատեսված աշխատանքներ կատարելու մասին  կեղծ տվյալներ պարունակող՝ պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող կատարողական ակտերը և արձանագրությունները, որից հետո նշված փաստաթղթերը հանձնել է համայնքապետարանի հաշվապահություն: Բացի այդ, համայնքի ղեկավարը, պաշտոնեական դիրքն օգտագործելով վատնման եղանակով գույք հափշտակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու հարցի շուրջ նախնական համաձայնության է եկել Արմավիրի մարզի Բաղրամյան  համայնքի երաժշտական դպրոցի տնօրենի և նույն համայնքի հաշվապահի հետ: Արդյունքում, երաժշտական դպրոցի տնօրենի կողմից 2017թ. դեկտեմբերից 2018թ օգոստոսը, ինչպես նաև՝ նույն դպրոցի հաշվապահի կողմից՝ 2018թ. հունվարից 2018թ. օգոստոսը աշխատանքի չհաճախելու պայմաններում, նշված ժամանակահատվածներում համայնքի հաշվապահի կողմից կազմվել է կեղծ տվյալներ պարունակող աշխատավարձի ցուցակ, որի արդյունքում որպես աշխատավարձ փոխանցված ընդհանուր՝ խոշոր և զգալի չափի գումարները հափշտակվել են: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Բաղրամյան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 314-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: Անհատ ձեռներեցներից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի  38-314-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), իսկ համայնքի հաշվապահին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Երկու անհատ ձեռներեցների և երաժշտական դպրոցի տնօրենի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ գործուն զղջալու հիմքով: Վերը նշված առերևույթ հանցագործությունների արդյունքում պետությանը պատճառված վնասը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան: ՀՀ քննչական կոմիտե

Lragir.am,
11-09-2019 13:23