Անսպասելի հրաժարական. ինչպիսի՞ «անակնկալը» Հայաստանին

Սեպտեմբերի 10-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ջոն Բոլթոնին պաշտոնանկ անելու մասին: Թրամփը հայտարարել է, որ կտրականապես համաձայն չէ նրա մի շարք մոտեցումների հետ, ընդ որում ոչ միայն ինքը, այլ նաեւ աշխատակազմի զգալի մասը: Հատկանշական է, որ Թրամփի այդ թվիթերյան գրառմանը զուգահեռ, հրաժարականի վերաբերյալ գրառում է արել Բոլթոնը, փաստացի խոսելով այն մասին, որ հրաժարականի մասին Թրամփին հայտնել է ինքը: «Երեկ ես հայտնեցի իմ հրաժարականի մասին, եւ նախագահ Թրամփը ասաց՝ եկ այդ մասին խոսենք վաղը», սեպտեմբերի 10-ին իր թվիթերյան էջում գրառում է արել Ջոն Բոլթոնը: Բոլոր դեպքերում, նախաձեռնությունը եկել է Թրամփից, թե Բոլթոնից, ակնառու է, որ հրաժարականի հիմքը անհամաձայնությունն է, ամենայն հավանականությամբ իրանյան թեմայի շուրջ: Բոլթոնը, որ ընդհանրապես դիտվում էր Թրամփի վարչակազմի եւ ամերիկյան քաղաքականության «բազեներից», Թրամփի արտաքին քաղաքականության համատեքստում համարվում էր Իրանի հանդեպ կոշտ դիրքորոշումների «կնքահայր»: Ի դեպ, հատկանշական է, որ Բոլթոնի հրաժարականի մասին է հայտարարվում մի շրջափուլում, երբ հնչել են ամերիկա-իրանյան հնարավոր բանակցության վերաբերյալ հայտարարություններ, թե իրանցի, թե ամերիկացի դիվանագետների շուրթերից: Ավելին, Բոլթոնի հրաժարականի մասին տեղեկությունից կարճ ժամանակ առաջ տեղեկություն տարածվեց այն մասին, որ խոսվում է Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի շրջանակում Թրամփ-Ռոհանի հանդիպման հնարավորության մասին: Օրինակ, այդ մասին գրառում էր արել արեւելագետ Արմեն Պետրոսյանը. «Ասում են՝ ԱՄՆ և ԻԻՀ նախագահների հանդիպման նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են․ դրանք իրականացվել են ստվերային պայմաններում՝ Սպիտակ տան նախաձեռնությամբ: Ենթադրվում է, որ Դոնալդ Թրամփն ու Հասան Ռուհանին դեմ առ դեմ հանդիպելու են սեպտեմբերի վերջին Նյու-Յորքում՝ ՄԱԿ-ի ԳԱ հերթական նստաշրջանի շրջանակներում», գրել էր նա: Եթե տեղեկությունները եւ խոսակցությունները հավաստի են, ապա այդ ֆոնին առավել քան հետաքրքիր է ստացվում Բոլթոնի պաշտոնանկությունը: Չի բացառվում, որ «մավրն արել է իր գործը եւ մավրը կարող է հեռանալ»: Այսինքն, Բոլթոնի քաղաքական կոշտ գիծը Իրանի ուղղությամբ դիտարկվել է փակուղային, բերևելով պաշտոնանկության, կամ էլ Բոլթոնի կոշտ գիծը տվել է իր արդյունքը, եւ Թեհրանն ի վերջո սեղմվող օղակի պայմաններում համաձայնել է գնալ բանակցության ԱՄՆ համար նախընտրելի միջավայրի շրջանակում: Ի վերջո, Դոնալդ Թրամփն էլ նախագահի պաշտոնը ստանձնելուց եւ միջուկային համաձայնագրից դուրս գալուց հետո հայտարարում էր, որ իր նպատակը նոր բանակցությունն է, արդեն այլ պայմանով: Թրամփը Բոլթոնի կոշտ գծով հասե՞լ է իր նպատակին: Այդ կանխավարկածի դեպքում Բոլթոնի հրաժարականը կարող է լինել ժեստ Իրանի քաղաքական ղեկավարությանը, դա իրանական հանրության համար ներկայացնելով որպես դիվանագիտական հաջողություն: Միաժամանակ հնարավոր է, որ ԱՄՆ նախագահը այդ գործընթացը փաթեթով կփորձի մատուցել ամերիկյան հանրությանը՝ արդեն 2020 թվականի նախագահի ընտրությանն իր վերընտրության նպատակի համատեքստում: Եթե Բոլթոնի հրաժարականը բերի ամերիկա-իրանյան լարվածության թուլացման, ապա դա անշուշտ կհանգեցնի թե մերձավորարեւելյան, թե կովկասյան ռեգիոնալ նոր իրավիճակի: Մյուս կողմից, հայ-ամերիկյան երկխոսության տեսանկյունից Երեւանը կարծես թե լավ հաղորդակցություն էր հաստատել հենց Բոլթոնի հետ, եւ այդ իմաստով հետաքրքիր է, արդյոք նրա պաշտոնանկությունն անակնկալ էր Հայաստանի համար, եւ ինչպիսի՞ անակնկալ: Հատկապես որ սեպտեմբերի վերջին սպասվում է նաեւ Հայաստանի վարչապետի այցը ԱՄՆ՝ ՄԱԿ ԳԱ նստաշրջանի առիթով:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
11-09-2019 14:18