Իջևանը նոր մանկապարտեզ ունի

11-09-2019 14:57

Սեպտեմբեր  11, 2019  – Երկու տարի տևած շինարարական աշխատանքներն արդեն ավարտված են, և այս սեպտեմբերին Իջևանի թիվ ութ մանկապարտեզն իր հյուրընկալ դռներն է բացում առաջին սաների համար: Ծրագրի շահառուներն են Իջևանի, ինչպես նաև հարակից Գետահովիտ, Ակնաղբյուր և Գանձասար համայնքների երեխաները: Նախապես պլանավորված էր վերանորոգել մանկապարտեզը, սակայն վերջինս գտնվում էր այնպիսի անմխիթար վիճակում, որ Հիմնադրամի բարերարներ  Ռեյ և Անի Հարությունյանները, Գրիշա Սուքիասյանը և Սոնիկ Արթունյանը որոշեցին կառուցել նոր, ժամանակակից ցուցանիշներին համապատասխանող նախակրթարան: Նախատեսված էր, որ մանկապարտեզում  պետք է ուսանեին 120 սան, բայց այժմ մանկապարտեզ հաճախում է 126 երեխա: «Ես և իմ ընտանիքն ուրախ ենք տեղեկանալ, որ Իջևանի թիվ 8 մանկապարտեզն արդեն նոր շենք ունի: Երեխայի ձևավորման կենսական հիմնասյուներից մեկը նախադպրոցական կրթությունն է: Հավասարապես կարևոր է նաև, որ մեր երեխաները հաճախեն ամուր հիմքի վրա կառուցված մանկապարտեզ:  Մենք մեծապես գնահատում ենք «Հայաստան» համահայկական հիմնադրամի և «Focus on Children Now» /FCN/ բարեգործական կազմակերպության ջանքերը: Այն, որ Իջևանի  մանկապարտեզի սաները կլինեն առողջ և երջանիկ միջավայրում, ջերմացնում է մեր սրտերը:  Հուսով ենք, որ երեխաները հարատև հիշողություններ կստեղծեն, որոնք հետագա տարիներին կուղեկցեն նրանց»,– ասաց Սոնիկ Արթունյանը: Մանկապարտեզի տնօրեն Նաիրա Կազումյանը հիշում է. «Մանկապարտեզը հիմնադրվել է 2014 թվականին:  Քանի որ մենք աշխատում էինք շատ անմխիթար պայմաններում, մանկապարտեզի տնօրինությունը անընդհատ քայլեր է ձեռնարկել թե՛ տեղական, թե՛ միջազգային կազմակերպությունների օգնությամբ մանկապարտեզ հաճախող երեխաների առօրյան բարելավելու: Ես իմ խորին երախտիքն եմ հայտնում Հիմնադրամին՝ ի դեմս հրաշալի բարերար Սոնիկ Արթունյանի, որ չմերժեց մեր խնդրանքը, և այսօր արդեն մեր երեխաները հաճախում են այս նոր և հարմարավետ պարտեզը»: Մանկապարտեզն իր տեսակի մեջ ամենամեծ կառույցն է, որ Հիմնադրամը երբևէ կառուցել է իր քսանութամյա պատմության ընթացքում: Ծրագիրն իրականացվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով, որը հնարավոր է դարձել բարերարների ֆինանսական աջակցությամբ, Հայաստան հիմնադրամ ԱՄՆ–ի, «Focus on Children Now» կազմակերպության և Իջևանի քաղաքապետարանի համատեղ ջանքերով: *** «Հայաստան» համահայկական հիմնադրամի առաքելությունը համահայկական ցանցային համակարգի ձևավորումն է, որի նպատակը Հայաստանի, Արցախի, ինչպես նաև աշխարհասփյուռ հայկական համայնքների համաչափ, կայուն և փոխկապակցված զարգացման ապահովումն է՝ հիմնվելով ընդհանուր ինքնության վրա:

Lragir.am,
11-09-2019 14:57