ԱԱԾ-ից թղթապանակները պետք է դրվի ՍԴ անդամների առաջ ու առաջարկվի հեռանալ. Արման Բաբաջանյան

11-09-2019 16:53

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը փորձում է ԱԺ ուշադրությունը հրավիրել Սահմանադրական դատարանի ճգնաժամի խնդրին և առաջարկում է քննարկումներ սկսել: Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում Արման Բաբաջանյանն ասաց, որ պետք է ուշադրություն դարձնել խնդրին՝ արդյոք մենք ճանաչում ենք ՍԴ այս կազմի կողմից ԱԺ բերված փաստաթղթերը: «Այն գործընթացները, որոնք տեղի են ունեցել վերջին ամիսներին և որոնք դարձել են ճգնաժամի պատճառ, առնվազն այս պահին կարող ենք համոզված ասել, որ այն անձինք, ովքեր ՍԴ-ում են, այդ մարմնի անդամներ են, շատ կասկածելի է, որ նրանք իրենց որոշումներով երաշխավորեն մեր երկրի ինքնիշխանությունը և իրենց որոշումներում առաջնորդվեն ՀՀ պետական շահով»,- ասաց նա: Պատգամավորի խոսքով՝ պետք է շատ արագ գտնել մեխանիզմներ՝ հարցը լուծելու համար: «Ես մոտավորապես պատկերացնում եմ, թե ինչ լուծումներ կարելի է գտնել: Առնվազն առաջարկում եմ, որպեսզի լյուստրացիայի ենթարկվեն այն անդամները, որոնք այսօր շարունակում են գործել: Պետք է բացահայտել նրանց կապերը նախկին իշխանությունների հետ, և դրանով, կարծում եմ, հանրայնացման էլ չի հասնի, մարդիկ հրաժարական կտան, կգնան: Այնպիսի հանցավոր կապերով են նրանք կապված նախկին ռեժիմի հետ, որ վստահ եմ՝ այս ճգնաժամը հնարավոր է լուծել: Դուք չեք պատկերացնում, թե ինչպիսի ռումբ է դրված Հայաստանի այս վերափոխումների ընդերքում, եթե մենք չենք մոտենում ՍԴ հարցը լուծելու խնդրին և եթե մենք այսպիսի վախվորած խորհրդարան ունենք, որը չի փորձում թևերը քշտել ու իսկապես ստանձնել այդ կարևոր գործը»,- ասաց նա: Պատգամավորն ասաց, որ այս խորհրդարանը ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հայտնի նամակն ստանալու հետո պետք է անմիջապես քննարկումներ ու գործողություններ աներ: Բայց այսօր Վահե Գրիգորյանի նամակին պատասխան չունենք, ԱԺ մեծամասնությունն ու կառավարությունը շարունակում են անտարբեր մնալ այս հարցին: Ձգձգում են, քանի որ, ըստ Բաբաջանյանի, այս իշխանությունը չունի խիզախություն, որպեսզի հեղափոխական գործողությունների տրամաբանության մեջ լուծումներ գտնի այս խնդրին: «Ճգնաժամը դա սովորական բառ չէ, ճգնաժամը ենթադրում է շատ կոնկրետ իրավիճակ, և պետությունն արագ իր հնարավոր բոլոր գործիքակազմով պետք է ձեռնամուխ լինի խնդրի լուծմանը: Պետք է բացահայտել Հրայր Թովմասյանի, Ալվինա Գյուլումյանի, մյուս անդամների կապերը, նրանց առնչությունները նախկին իշխանությունների հետ: Այդ թղթապանակները ԱԱԾ-ից պետք է ուղղակի վերցնել ու տանել իրենց առաջ դնել և ասել՝ հանրայնացումից առաջ ուղղակի ձեզ ուզում ենք հորդորել՝ դիմում եք գրում, թե՞ շարունակում եք պաշտոնավարել ու թույլ տալ, որ մեր ժողովուրդն իմանա, թե դուք ով եք և ինչ կապերով եք արատավորել Սահմանադրական դատարանը»,- հավելեց նա:

Lragir.am,
11-09-2019 16:53