Նախարարն ասել է, թե որ դեպքում Ամուլսարի գործով նոր ՇՄԱԳ կիրականացվի

11-09-2019 17:12

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ամուլսարի հանքավայրի շուրջ ստեղծված իրավիճակին: Ըստ նրա՝ վարչապետի հայտարարությունը ենթադրում է, որ Ամուլսարում շինարարությունը կարող է մեկնարկել 2020 թվականի մայիսից հետո միայն, իսկ հանքաբացման աշխատանքները 2020 թվականի վերջին են նախատեսված: Այսինքն, ըստ նրա, այս պահին խոսք չի գնում որևէ շինարարական աշխատանքի մասին: «Վարչապետը նշեց, որ այն տեղեկատվությունը, որն  Էլարդի կողմից տրամադրվել է և մեր նախարարության կողմից վերլուծվել է, այդ ամբողջը գրությամբ մենք ներկայացրել ենք կառավարություն և առաջարկել ենք, որպեսզի ստուգումներ իրականացվեն»,- ասաց նա: Ըստ Էրիկ Գրիգորյանի՝ տեսչական մարմինը պետք է ուսումնասիրություններ կատարի: «Մենք ասում ենք՝ այս կետերը, որը ՇՄԱԳ-ն ուժը կորցրած ճանաչելու ենթակա կետեր են, առաջին և երկրորդ մասով տվել ենք, որ պետք է ստուգումներ արվեն: Դա ենթադրում է, որ ստուգումների արդյունքում այն հիմքերը, որոնք մենք տրամադրել ենք, կպարզվի, որ դա ճիշտ է, ապա կան խախտումներ, որոնք վերացվում են: Եթե վերացվում է, ապա նոր ՇՄԱԳ, եթե վերացման ենթակա չէ, կրկին նոր ՇՄԱԳ»,- ասաց նախարարը: Նա նշեց, որ այն տեղեկատվությունը, որն իրենք տրամադրել են քննչական մարմնին, հիմք է, որպեսզի լրացուցիչ հանգամանք դիտարկվի: Եվ քննչական մարմինը և պետք է ուսումնասիրի՝ դիտավորության հատկանիշներ կան, թե ոչ: Նա ասաց նաև, որ իրենք ոչինչ չեն թաքցրել, ստացել են հանձնարարական վարչապետից, այն կատարել են, արդյունքները տրամադրել վարչապետի աշխատակազմ: Էրիկ Գրիգորյանն անդրադարձավ նաև բնապահպանների այն պնդումներին, որ ՇՄԱԳ-ը պետք է ուժը կորցված ճանաչվի, քանի որ այն ստանալու մեկ տարվա ընթացքում Լիդիան ընկերությունը  որևէ աշխատանք չի կատարել: «Դա սխալ ձևակերպում է, թյուրիմացություն է: Օրենքի մեջ գրված է՝ եզրակացությունն ստանալուց հետո մեկ տարվա ընթացքում գործունեություն չիրականացնելու դեպքում ուժը կորցված է ճանաչվում օրենքի ուժով: Բայց գործունեությունը՝  շինարարություն, հանքարդյունաբերություն և փակում: Այսինքն՝ եթե իրենք երկու փոս են փորել այնտեղ, դա նույնպես գործունեության մաս է»,- ասաց նախարարը:

Lragir.am,
11-09-2019 17:12