Միհրան Պողոսյանի նշանակությունը. ՌԴ դեսպանը բացում է փակագծերը

Խոսելով այն մասին, թե արդյոք թավշյա հեղափոխությունից հետո հայաստանյան որոշ պաշտոնյաների Ռուսաստանում պատսպարելը Մոսկվայի որոշակի դժգոհության ուղերձ է Հայաստանի նոր իշխանությանը, Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը ասել է. «Միակ «մեսիջը», որ կա մեր կողմից, այն է, որ ՌԴ-ն ու Հայաստանը ռազմավարական դաշնակիցներ են, մենք եղբայրական ժողովուրդներ ենք»: Անդրադառնալով ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի թեմային, նա ասել է, որ նրա ՌԴ-ում գտնվելը չի նշանակում քաղաքական ապաստան, կան փաստաթղթային խնդիրներ: Իսկ մարտիմեկյան գործով նախկին քննիչ, այժմ հետախուզվող Վահագն Հարությունյանի առումով նա ասել է, թե գուցե կա քաղաքացիության հետ կապված արգելք: Նրա խոսքով, պետք է դիմել համապատասխան մարմիններին: Նպաստու՞մ է Հայաստանում իրավական հետապնդման ենթարկվող պաշտոնյաներին Ռուսաստանում պատսպարելը դաշնակցային հարաբերությանը: Մի կողմից այդ հարցի պատասխանը շատ պարզ է՝ չի նպաստում, չի կարող նպաստել: Մյուս կողմից, հայ-ռուսական դաշնակցային հարաբերություն ասվածը ամենեւին պարզ բան չէ, ինչպես ասենք բնականոն դաշնակցային հարաբերությունն այլ պետությունների միջեւ: Հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունը եղել է գործնականում անսուբյեկտ կամ առավելագույնը միասուբյեկտ հարաբերություն: Այսինքն, կան ընդհանուր բազմաթիվ շահեր, նկատելի, շոշափելի, հեռանկարային: Բայց, առնվազն հայկական կողմում չի եղել այդ շահերը պաշտպանող կամ սպասարկող սուբյեկտություն, առնվազն այդ շահերի ընդգրկմանը համարժեք սուբյեկտություն: Այդպիսով, հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունը մի կողմից եղել է երկկողմ, ռեգիոնալ, ընդհուպ միջազգային անվտանգության համակարգի տեսանկյունից որոշակի անհրաժեշտություն, մյուս կողմից չի եղել այդ անհրաժեշտությունը սպասարկող սուբյեկտություն: Հայաստանը դիտարկվել է որպես կցորդ, ֆորպոստ, վասալ, ենթակա, ստորադաս, բայց երբեք ոչ համարժեք դաշնակից: Այդ իմաստով ՌԴ դեսպան Կոպիրկինն իր բազմիմաստ խոսքով կամա թե ակամա բացում է որոշակի փակագծեր: Միհրան Պողոսյանին եւ այլոց պատսպարելը լիովին համարժեք է եղած իրադրությանը եւ համարժեք չէ դաշնակցային անհրաժեշտություն ենթադրող ընդհանուր շահերին եւ աշխատանքի ընդհանուր դաշտին: Մյուս կողմից, ելնելով հենց այդ աղավաղվածության հանգամանքից, «պատսպարելով» որոշ անհատների, Ռուսաստանը գործնականում ավելի բացում է խնդիրը, ըստ այդմ ստեղծում Հայաստանի սուբյեկտության ձեւավորման նորանոր եւ ծանրակշիռ փաստարկային հիմքեր: Ավելանալով թավշյա հեղափոխությամբ ձեւավորված լեգիտիմ իշխանության իրողության վրա, այդ հիմքերը կարող են ունենալ հայկական սուբյեկտությունն ամբողջացնող դեր, ըստ այդմ ձեւավորելով հայ-ռուսական դաշնակցային հարաբերության սուբյեկտային ամբողջացման միջավայր: Մոսկվան գնում է դիմադրության «խթանման» ճանապարհով հայկական սուբյեկտության գիտակցվա՞ծ, թե՞ ակամա ուղով՝ քայլելով պարզապես «վերադասի» ավանդական տրամաբանությամբ: Որովհետեւ, հայ-ռուսական դաշնակցության «բուտաֆորիկ» բնույթը էական խնդիրներ է պարունակում ոչ միայն Հայաստանի, այլեւս Ռուսաստանի համար: Միաժամանակ, հնարավոր չէ իրական դաշնակցություն կազմակերպել: Այն ձեւավորվում է քաղաքական գործընթացների արդյունքում, կամ շարունակում է մնալ ռազմա-քաղաքական բուտաֆորիա: Մոսկվայի գիտակցված կամ ակամա մոտիվի հարցն իհարկե չունի միարժեք պատասխան, դա սակայն սկզբունքորեն չի փոխում սուբյեկտության եւ ինքնիշխանության բարձրացման ճանապարհով քայլելու Հայաստանի խնդիրը: Իսկ այդ մասշտաբում խոշոր հաշվով Միհրան Պողոսյանը կամ Վահագն Հարությունյանը «կորուստ» չեն, այլ գուցե նույնիսկ խաղաքարտ:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
11-09-2019 17:26