Եթե մենք ապօրինի ձևով փակենք հանքը, վաղը ապօրինի ձևով կփակենք լրատվամիջոցը, մյուս օրը՝ արտադրամասը. Նիկոլ Փաշինյան

11-09-2019 17:24

Ամուլսարի հանքավայրի հետ կապված կան հարցեր, որոնց պատասխանը պետք է ստանանք բնապահպանական տեսչության կողմից իրականացվող ստուգումների արդյունքում: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Եվ իմ դիրքորոշումը հետևյալն է՝ դիրքորոշումը պետք է լինի իրավական: Դա շատ կարևոր է, որովհետև մենք խոսում ենք իրավական պետության մասին: Եվ եթե որոշ դեպքերում հարցին կա էմոցիոնալ մոտեցում, բնապահպանական մոտեցում, տնտեսական մոտեցում, ես կարծում եմ, որ այդ բոլոր մոտեցումների հանգուցալուծումը պետք է լինի իրավական հանգուցալուծում: Եվ ընդհանուր առմամբ իմ դիրքորոշումն այն է, որ ցանկացած դեպքում մենք պետք է հետամուտ լինենք ճշմարտությանը և առաջնորդվենք ճշմարտությամբ՝ առանց կանխավարկածի, թե ինչպիսին պիտի լինի ճշմարտությունը: Ես  կարծում եմ, որ չկա մեկը ՀՀ-ում, ով կարող է մեզ մեղադրել, որ մեր կառավարությունը, ինչպես Ամուլսարի, այնպես էլ որևէ հարցում մինչև վերջ հետամուտ չէ և հետամուտ չի լինելու ճշմարտությանը: Ինձ համար ճշմարտությունը, Հայաստանի պետական և ազգային շահը եղել է առաջնահերթություն, շարունակում է և շարունակելու է: Եվ ես համարում եմ, որ ՀՀ վարչապետի կարգավիճակից բխող միակ դիրքորոշումը, որը կարող է լինել արդարացված ու լեգիտիմ, հենց սա է: Եթե մենք ապօրինի ձևով փակենք հանքը, վաղը ապօրինի ձևով կփակենք լրատվամիջոցը, մյուս օրը՝ արտադրամասը, և այդպես շարունակ: Էլ չեմ ասում, որ փակելուց հետո կվերցնենք մեզ: Իհարկե, մենք չենք պատրաստվում այդ ճանապարհով գնալ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Lragir.am,
11-09-2019 17:24