Թող բոլորը սա իրենց ականջներին օղ անեն. Նիկոլ Փաշինյանը՝ Արման Բաբաջանյանին

11-09-2019 17:36

ԱԺ հարց ու պատասխանի ժամանակ պատգամավոր  Արման Բաբաջանյանը հարցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին․ «Ինչո՞ւ եք պատասխանատվություն ստանձնում նախորդ հանցավոր ռեժիմի կողմից տրված լիցենզիայի համար՝ առանց դրա օրինականությունը քննության առնելու: Չեք կարծո՞ւմ, որ դրանով դեմ եք գնում հեղափոխությամբ այդ նույն հանցավոր ռեժիմի կառուցակարգերը վերացնելու ձեր իսկ տված խոստմանը»: Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը նրան հարցրեց․ «Ես մի հատված վերադարձնեմ ձեր հարցից, ինչո՞ւ եք օրինակ դուք ստանձնում նախորդ հանցավոր ռեժիմի քաղաքական պատասխանատվությունը՝ համաձայնելով նրա ընդունած կասկածելի հանրաքվեով Սահմանադրությամբ և Ընտրական օրենսգրքով ձևավորված Ազգային ժողովում լինել պատգամավոր»: Արման Բաբաջանյանն ի պատասխան Փաշինյանին հարցրեց՝ ինչո՞ւ նա իրավաքաղաքական գնահատական չի տալիս նախկին հացավոր ռեժիմին: «Դիրքորոշումը պետք է լինի իրավական, որովհետև ձեր նշած ռեժիմի պայմաններում ՀՀ-ում շատ իրադարձություններ են տեղի ունեցել: Նշանակում է ամեն ինչ, ինչ տեղի է ունեցել նախկին իշխանության պայմաններում, մենք պետք է արմատախի՞լ անենք: Ասենք՝ նախկին իշխանության օրոք բաժանվել են կենսաթոշակներ, հիմա մենք պետք է գնանք կենսաթոշակառուների ձեռքից հավաքե՞նք: Խոսքը նրա մասին է, որ պետք է դիրքորոշումը լինի իրավական: Հիմա մենք գնահատական տալիս ենք նախորդ իշխանությանը, թե՞ չենք տալիս, տասնյակ քրեական գործեր են հարուցված, որոնցով տասնյակ մարդիկ ներգրավված են որպես մեղադրյալ: Քրեական գործեր կան, որոնցով, ինչքան ես եմ տեղյակ, դեռ տասնյակ մարդիկ պետք է ներգրավվեն որպես մեղադրյալ, բա գնահատականը պոզով պոչո՞վ ա լինում: Այս պահին նաև գործընթաց է ընթանում, իհարկե, ոչ այն արագությամբ, ինչպես ես կուզեի, ՀՀ-ին հասցված վնասը քայլ առ քայլ վերականգվում է: Եվ ես շարունակում եմ պնդել, որ կոպեկ առ կոպեկ պետք է վերականգնվի, բայց դա պետք է լինի իրավական գործընթաց, եթե մենք չենք ուզում հռչակել, որ ՀՀ-ն այնքան էլ պետություն չէ: Ես թույլ չեմ տա որևէ մեկին հռչակել, որ ՀՀ-ն պետություն չէ: ՀՀ-ն պետություն է, ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետություն է՝ իրենից բխող բոլոր հետևանքերով: Եվ թող բոլորը սա իրենց ականջներին օղ անեն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Lragir.am,
11-09-2019 17:36