Առողջապահության նախարարին հորդորում ենք ականջալուր լինել իր ընդդիմախոսներին

11-09-2019 18:21

«Ուլտրաիմիջինգ» ռադիոլոգիայի գիտամեթոդական բժշկական կենտրոնի բուժանձնակազմը, հետևելով տեղեկատվական դաշտում առողջապահության նախարարի և բժշկական հանրության միջև ծավալվող գործընթացներին, փաստում է. Մինչ այսօր հրապարակումները հեռու են քաղաքակիրթ բանավեճ կոչվելուց և հատել են անձնական վիրավորանքներ չհասցնելու սահմանը: Նախարարի շարունակական հաղորդագրություններն առաջացնում են միայն զայրույթ գործերի իրական վիճակից լավատեղյակ բուժաշխատողների շրջանում: Ինչպես առողջապահության նախարարը, այնպես էլ մեր գործընկեր պրակտիկ բժիշկները ընդունել են ծայրահեղական կեցվածք, իսկ արտահայտած մտքերը ձեռք են բերում քաղաքական աստառ: Մինչդեռ խնդիրները հեռու են այդպիսին լինելուց, և առողջապահության ոլորտում առկա պրոբլեմները թողած ստեղծվում է կեղծ օրակարգ՝ ներքաշելով նորանոր դերակատարների: Առողջապահության նախարարը հրաժարվում է ընդունել իրականում գոյություն ունեցող և օրեցօր խորացող խնդիրները, իսկ բժիշկները լուծումները փնտրում են մի դաշտում, որտեղ դրանք կարող են ուշանալ: Հաշվի առնելով վերը շարադրվածը, մենք հայտնում ենք մեր խորը մտահոգությունը առողջապահության ոլորտում ստեղծված իրավիճակից և զգուշացնում ենք բոլոր կողմերին.  այս ամենը շարունակվելու դեպքում՝ է՛լ ավելի է խորանալու բժիշկների և բուժառուների (պացիենտների) միջև առաջացած անջրպետը: Մեր գնահատմամբ խնդիրները գտնվում են ոչ թե առողջապահության նախարար և բուժհիմնարկի ղեկավար/սեփականատեր տիրույթում, այլ գալիս են հիմքերից ու տեղակայված են պրակտիկ բժիշկ/անվանի մասնագետ և առողջապահության նախարարության քաղաքականության շահերի բախման կիզակետում: Ուստի խնդրում ենք երկրի բարձրագույն մարմնի՝ ԱԺ համապատասխան հանձնաժողովին անհապաղ վերցնել գործընթացները վերահսկողության տակ և հանդես գալ նախաձեռնությամբ, որն ուղղված կլինի հարթակ ստեղծելու` մատնանշված կողմերի միջև ծագած խնդիրներին լուծումներ տալու նպատակին: Մինչ այդ կոչ ենք անում մեր գործընկերներին վերադառնալ իրենց վայել արժանապատիվ կեցվածքին և լծվել ամենօրյա կյանք ու առողջություն փրկելու գործին: Առողջապահության նախարարին հորդորում ենք ականջալուր լինել իր ընդդիմախոսներին, որոշումներ կայացնելուց առաջ քննարկել ծրագրվող փոփոխությունները շահագրգիռ կողմերի հետ, կատարել սեփական՝ № 713-L հրամանի դրույթները, որոնք վերաբերվում են Պետպատվերի նվազագույն փոխհատուցման հաշվարկներին: Օր առաջ վերանայել Պետպատվերի երբեմն նվաստացուցիչ գները, որոնք շատ հեռու են ոչ միայն ներդրումներ խրախուսելուց, այլև հարցականի տակ են դնում թանկարժեք բուժտեխնիկայի սպասարկումը, իջեցնում են ցուցաբերվող բուժօգնության որակը և բուժանձնակազմի արժանապատիվ վաստակը՝ դրդելով կոռուպցիոն գործարքների: Հ.Գ. 1.Ստեղծված պայմանները վարկաբեկում են նախատեսվող առողջապահական ապահովագրության ամբողջ գաղափարը: Հ.Գ.  2. Ոլորտում նման անհանդուրժողական մթնոլորտի ձևավորումը մենք կանխատեսել էինք նախկինում հրապարակված հոդվածներում․ https://www.lragir.am/2018/11/12/394616/ https://www.lragir.am/2019/02/01/414352/ https://armtimes.com/hy/article/151138 Հարգանքներով՝  ՀՀ-ում ՄՌՏ-մեթոդի հիմնադիր, «Ուլտրաիմիջինգ» ԲԿ-ի բժիշկ-ռադիոլոգ, բ.գ.թ.՝ Արամ Քոչարյան

Lragir.am,
11-09-2019 18:21