Նիկոլ Փաշինյանը հաջորդ ասուլիսին կրկին 100 փաստ կներկայացնի

11-09-2019 18:32

2019 թվականի հունվար-հունիս ամիսներին զինծառայողների ապահովագրության հիմնադրամին իրականացրած պարտադիր վճարումները 2018 թվականի նույն ժամանահատվածի ցուցանիշը գերազանցել են 347.8մլն դրամով կամ 9.6 տոկոսով: Աճը պայմանավորված է վարձու աշխատողների թվաքանակի ավելացմամբ: Այս մասին այսօր ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով աշխատատեղերի ավելացման վերաբերյալ հարցին: Ըստ Փաշինյանի՝ այս տարվա հունվար-հունիս ամսիներին պաշտոնապես գրանցված գործազուրկների միջին ամսական թվաքանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 6.4 տոկոսով: «Ուզում եմ նաև տեղեկացնել ձեզ, որ ՀՀ պատմության մեջ առաջին անգամ ՀՀ-ում գրանցված աշխատողների թիվը գերազանցել է 600 հազարը և վերջին տվյալի համաձայն` այդ թիվը հասնում է մոտավորապես 604 հազարի: Սա շատ լավ ցուցանիշ է՝ իրենից բխող հարկային հետևանքներով: Նախորդ տարվա մայիսից ի վեր պաշտոնապես գրանցված աշխատողների թիվն ավելացել է 62 հազարով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ այս տվյալները որևէ կասկածի ենթակա չեն: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ առաջիկայում կայանալիք ասուլիսի համար, ինչպես նախկինում, ևս պատրաստում է տեղեկանք՝ 100 փաստ նոր Հայաստանի մասին:

Lragir.am,
11-09-2019 18:32