Արարատի ոստիկանները բերման են ենթարկել Խոր վիրապի տարածքում կրակոցներ արձակած երիտասարդին

11-09-2019 18:35

Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16-ի սահմաններում, Խոր վիրապ վանքի մոտակայքում կրակոցներ են հնչել: Մի երիտասարդ ատրճանակով երեք անգամ օդ է կրակել: Տարածքում ծառայություն իրականացրած ոստիկանության Արարատի բաժնի պարեկայինները, արագ արձագանքելով, կանգնեցրել են երիտասարդի մեքենան ու տեղեկությունը փոխանցել բաժին: Դեպքի վայր եկած օպերատիվ խումբը Այնթապ գյուղում ապրող 28-ամյա տղային, ավտոմեքենայով հանդերձ, բերման ենթարկեց ոստիկանության Արարատի բաժին: Հատուկ պահպանվող տարածքում ընթերակաների ներկայությամբ «Նիսսանը» զննվեց: Այդ ընթացքում բերման ենթարկվածը ոստիկաններին ներկայացրեց գործարանային համարով 9մմ տրամաչափի գազային ատրճանակ՝ հայտնելով, որ այն իրենն է: Զննվեց նաև դեպքի վայրը, որտեղ հայտնաբերվեց 9մմ տրամաչափի երեք պարկուճ: Դրանք վերցվեցին ու փաթեթավորվեցին՝ հետագա գործողությունների համար: Դեպքի առթիվ ոստիկանության Արարատի բաժնում նյութեր են նախապատրաստվում: Հանգամանքները պարզվում են:

Lragir.am,
11-09-2019 18:35