Տոկիոյում Թումո կենտրոն հիմնելու առաջ քայլը արված է

11-09-2019 19:13

2019 թվականի սեպտեմբերի 9-ին Թումո ստեղծարար տենոլոգիաների կենտրոնի և ճապոնական հրատարակչական և կրթական առաջատար ընկերություններից մեկի` Gakken Publishing-ի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր: Ըստ հուշագրի` Gakken Publishing-ը կիրականացնի շուկայի և Թումոյի կրթական ծրագրի հնարավորությունների հետազոտություն` բացահայտելու Տոկիոյում կառուցվելիք Թումո կենտրոնի չափը, տեղը և հնարավոր առանձնահատկությունները: Փոխըմբռնման հուշագիրը ստորագրել են Թումոյի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը և Gakken հոլդինգի գլխավոր տնօրեն Հիդեյուկի Իկարին: Gakken Publishing-ի մայր ընկերությունը` Gakken հոլդինգը, ստեղծվել է 1947 թվականին և զբաղվում է հրատարակչությամբ, կրթական ծրագրերով, ինչպես նաև արտադրում է դպրոցական պարագաներ և խաղալիքներ: Այս խոշոր ընկերությունը գործունեություն է ծավալում նաև հեռուստատեսության և խաղերի ստեղծման ոլորտներում: Այս պահին Հայաստանից դուրս գործում են 2 Թումո կենտրոններ` Փարիզում և Բեյրութում: Բացի այդ, արդեն իսկ պայմանավորություններ են ձեռք բերվել կենտրոններ հիմնել նաև Կալիֆոռնիայում, Մոսկվայում, Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում և Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում: Հավելյալ հարցերի դեպքում խնդրում ենք կապվել Թումոյի հաղորդակցման բաժնի ղեկավար Լիլիթ Թովմասյանի հետ 095 256 100 հեռախոսահամարով կամ [email protected] էլ. հասցեով:

Lragir.am,
11-09-2019 19:13