Ոստիկանության օրինագիծը՝ քայլ ընդդեմ ռուսական խտրականության

11-09-2019 19:23

Սեպտեմբերի 10-ին ՀՀ Ազգային ժողովում ներկայացվեց մի օրինագիծ, որով փոխադարձաբար արգելվում է Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա վարորդական իրավունքով վարորդ աշխատելը: Ինչի՞ մասին է խոսքը Այլ կերպ ասած, համաձայն այս օրինագծի, Հայաստանում չեն կարողանա վարորդ աշխատել, օրինակ՝ տաքսի վարել, այն երկրների վարորդական իրավունք ունեցող անձինք, որտեղ նման արգելք է գործում հայկական վարորդական իրավունքների համար: Այս հարցը առանձնապես կարևոր է Ռուսաստանի դեպքում: ՌԴ-ում բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ հայկական վարորդական իրավունքներով աշխատում են որպես վարորդներ, և 2017 թվականից Ռուսաստանում ընդունված օրենքը, փաստացի, զրկում է նրանց այդ հնարավորությունից: Ինչու՞ են արգելված հայկական վարորդական իրավունքները Ռուսաստանում ընդունված օրենքը վերաբերում է օտարերկրյա վարորդական իրավունքներին ընդհանրապես, սակայն բացառություն է արված ԵԱՏՄ անդամ այն երկրների համար, որտեղ ռուսերենն ունի պետական կամ պաշտոնական լեզվի կարգավիճակ: Հայաստանին, ընդ որում, առաջարկվել է ռուսերենին հատուկ կարգավիճակ տալ՝ փոխարենը ստանալով վարորդական իրավունքի առավելություն: Նման առաջարկությամբ ՀՀ ԱԺ այն ժամանակվա նախագահ Արա Բաբլոյանին դիմել է ՌԴ պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը: Առաջարկը, բնականաբար, մերժվել է այն հիմնավորմամբ, որ ՀՀ Սահմանադրության համաձայն Հայաստանի պետական լեզուն հայերենն է: Ի՞նչ են անում վարորդները Չնայած Ռուսաստանում ընդունված օրենսդրական արգելքին, հայկական վարորդական իրավունք ունեցող անձինք ՌԴ-ում շարունակում են վարորդ աշխատել, քանի որ Հայաստանի և Ռուսաստանի միջև կա այդպիսի ներքին պայմանավորվածություն: Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է ՌԴ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը: Վերջինիս խոսքով, նման պայմանավորվածություններ ձեռք են բերվում ՀՀ ոստիկանապետի և ՌԴ ներքին գործերի նախարարի միջև: Ինչպե՞ս է արձագանքում Հայաստանը ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի խոսքով, Ռուսաստանում ընդունված օրենքը խտրական է Հայաստանի համար և հակասում է Եվրասիական տնտեսական միության մասին օրենքին, որով նման սահմանափակումները, ըստ էության, պետք է վերացվեն: Քոչարյանի խոսքով, ներկայում Հայաստանի և Ռուսաստանի միջև աշխատանքներ են ընթանում խնդիրը լուծելու ուղղությամբ, սակայն կան որոշակի դժվարություններ: Նախ, ըստ Քոչարյանի, կա խնդրի լուծման երկու եղանակ՝ բազմակողմ և երկկողմ: Բազմակողմանիի դեպքում պետք է հատուկ կարգավորում ընդունվի ԵԱՏՄ երկրների համար, որպեսզի ազգային վարորդական իրավունքների նկատմամբ սահմանափակումները վերանան: Այս ճանապարհը, սակայն, խրթին է ու ժամանակատար: Երկրորդ տարբերակը ռուսական օրենսդրության փոփոխությունն է, որը բացառություն կսահմանի ոչ միայն ԵԱՏՄ մյուս անդամներ Բելառուսի, Ղազախստանի ու Ղրղզստանի, այլև Հայաստանի համար: Այստեղ հարկ է նշել, որ ռուսական օրենքն ընդունվել է ավելի ուշ, քան ԵԱՏՄ մասին պայմանագիրը, այսինքն, Ռուսաստանը, փաստացի, խախտել է ԵԱՏՄ պայմանագիրը, ինչի հետևանքով խտրական իրավիճակում է հայտնվել Հայաստանը: Դատելով նրանից, որ խնդիրն արդեն բավական երկար ժամանակ չի լուծվում, կարելի է եզրակացնել, որ Ռուսաստանում հակված չեն գնալ ընդառաջ  և կատարել օրենսդրական փոփոխություն՝ բացառություն սահմանելով նաև հայկական վարորդական իրավունքների համար: Հայաստանը, ի պատասխան, Շավարշ Քոչարյանի՝ փոխարտգործնախարարի միջոցով ահազանգում է խտրական վերաբերմունքի մասին, որից հետո ԱԺ-ում ներկայացվում է Հայաստանում օտարերկրյա վարորդական իրավունքով վարորդ աշխատելը փոխադարձաբար արգելելու մասին օրինագիծը: Ուշագրավ է, որ ԱԺ-ում օրինագիծը ներկայացնող փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանի խոսքով, ռուսական կողմը նախապես տեղյակ է եղել առաջարկվող օրինագծի մասին և համաձայնել է, որ եթե Ռուսաստանում կա արգելք հայկական վարորդական իրավունքների համար, ապա թող Հայաստանում էլ լինի արգելք ռուսական վարորդական իրավունքների համար: Իսկ հետո՞ Իհարկե, Ռուսաստանի համար ՌԴ վարորդական իրավունքներով Հայաստանում աշխատելու արգելքը լուրջ սահմանափակում չէ, առավել ևս, որ եթե կան նման անձինք, ապա դրանք, ամենայն հավանականությամբ, հենց ազգությամբ հայեր են: Այս խնդիրն առանցքային կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար, որը, սակայն, ոչ երկկողմանի շփումների, ոչ ԵԱՏՄ շրջանակներում այս ընթացքում չի կարողացել հասնել նրան, որ դաշնակից երկիրը պարզապես հետևի ԵԱՏՄ օրենքին և «զիջի»: Այս խնդիրը, իրականում, վկայում է այն մասին, որ թե՛ ԵԱՏՄ-ում, թե՛ հայ-ռուսական երկկողմ հարաբերություններում կան խնդիրներ, իսկ ՀՀ ԱԺ-ում ներկայացված օրինագիծը ավելի շատ դիվանագիտական քայլ է ընդդեմ խտրականության, որի արդյունավետությունը դեռ հարցականի տակ է: Վահե Ղուկասյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում»

Lragir.am,
11-09-2019 19:23