ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկել է Հայաստանի Անձավագիտական կենտրոնի 35-ամյակին նվիրված գիտաժողով

11-09-2019 20:27

Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում սեպտեմբերի 11-ին մեկնարկել է «Քարանձավները որպես բնական և մշակույթային հուշարձաններ» խորագրով միջազգային գիտաժողովը՝ նվիրված Հայաստանի Անձավագիտական կենտրոնի 35-ամյակին: Գիտաժողովը կտևի մինչև սեպտեմբերի 13-ը: Գիտաժողովի սեկցիոն աշխատանքները տեղի կունենան Հայաստանի Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանում (ՃՇՀԱՀ): «Քարանձավները որպես բնական և մշակույթային հուշարձաններ» խորագրով միջազգային գիտաժողովին  մասնակցում են ավելի քան 100 անվանի գիտնականներ՝ ՌԴ-ից, ԱՄՆ-ից, Գերմանիայի Դաշնությունից, Իտալիաից, Իսրաելից  Միացյալ  Թագավորությունից, Ճապոնիայից, Հայաստանից և այլ երկրներից: Ինչպես տեղեկացրեց ՃՇՀԱՀ-ի մամուլի քարտուղար Ժասմեն Վիլյանը, զեկուցումներով հանդես կգան մեծ թվով երիտասարդ գիտնականներ: «Քարանձնավները, որպես բնական զանազան գործոնների ազդեծությամբ ձևավորված երկրաբանական միավորներ, որոշիչ դեր են ունեցել մարդկության պատմության մեջ: Գործնականում, արդի պատկերացումների համաձայն, մարդկային հասարակության և քաղաքակրթական արժեհամակարգի բաղկացուցիչների մի մասի ծագումը կապվում է հենց քարանձավների հետ: Հայկական լեռնաշխարհը և Հայաստանի Հանրապետությունը բավականին հարուստ են քարանձավներով և դատարկություններով, որոնց ուսումնասիրությունը և գիտական արժևորումը սկսվել է դեռևս 19-րդ դարի կեսերից: Դրանում իրենց մեծ ներդրումն են ունեցել ինչպես եվրոպական և խորհրդային գիտնականները, այնպես էլ Հայաստանի անձավագիտական կենտրոնի անդամներն ու աշխատակիցները, որոնք ոչ միայն իրականացրել են մեր երկրի տարածքի «քարանձավային աշխարհի» գաղտնիքների բացահայտումը, այլև դրանք ենթարկել են մանրամասն ուսումնասիրության և հանրահռչակման՝ դարձնելով համաշխարհային անձեռագիտական ժառանգության մի մասը»,- ասված էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի ուղերձում, որը գիտաժողովին ներկայացրեց փոխնախարար Նարինե Խաչատուրյանը՝ շնորհավորելով Հայաստանի Անձավագիտական կենտրոնի 35-ամյակը: Միջազգային գիտական արշավախմբերը Հայաստանի Հանրապետության և պատմական Հայաստանի տարածքների քարանձավներում կատարել են հայտնագործություններ, որոնց արդյունքները հաստատագրվել են Nature  և Sience պարբերականներում ՝ հեղաշրջելով մարդու ծագման, քաղաքակրթության հնագույն օջախների, աշխարհագրության վերաբերյալ մինչ այժմ եղած գիտական պատկերացումները: «Հայաստանի քարանձավները, որպես երկրաբանական և մշակույթային միջավայրի ուսումնասիրության ինքնատիպ օբյեկտներ, մշտապես գրավել են օտարերկրյա անձավագետների, երկրաբանների կենսաբանների, հնագետների ուշադրությունը: Հայաստանյան քարայրների ուսումնասիրության արդյուքները կարևոր տեղ են զբաղեցնում տարածաշրջանի երկրաբանական և պատմական միջավայրի ձևավորման պատմության վերհանման բնագավառում: Հայաստանի անձավագիտական կենտրոնը, որի հիմնադրման 35 ամյակին է նվիրված սյուն գիտաժողովը, տպավորիչ ճանապարհ է անցել»,- ողջունելով գիտաժողովի մասնակիցներին, իր ելույթում ասաց ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը: ««Քարանձավները որպես բնական և մշակույթային հուշարձաններ» խորագրով միջազգային գիտաժողովին աջակցություն է ցուցաբերել Հայաստանի Անձավագիտական կենտրոնը, ՃՇՀԱՀ-ը, «Գֆոելլեռ Ռենեսանս Ֆաունդեյշն»-ը, ԱՄՆ-ն, «Արենի-1 քարայր» կոնցորցիումը, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը, Գորիսի քաղաքապետարանը, ՀՀ Սյունիքի մարզ, Հայաստանի նկարիչների միությունը, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան – Գեոէկոլոգիայի և կենսաանվտանգության ամբիոնի վարիչ, Հայաստանի անձավագիտական կենտրոն-նախագահ Սամվել Շահինյանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց գիտաժողովի մասնակիցներին մինչ օրս ակտիվ համագործակցության համար և պատմական էքսկուրս կատարեց Հայաստանի անձավագիտական կենտրոնի ձևավորման պատմությանն ու կատարած աշխատանքներին: Մինչ գիտաժողովի մեկնարկը՝ մասնակիցները սեպտեմբերի 6-ից մինչև 10-ը ուսումնասիրություններ են իրականացվել Գորիսի Հին Գորիս ժայռափոր թաղամասերում (այժմ անբնակ)»,- նշված է հաղորդագրության մեջ:

Lragir.am,
11-09-2019 20:27