Արցախի ԱԳ նախարարը և ֆրանսիացի խորհրդարանականները կարևորել են Արցախի միջազգային կապերի զարգացումը

11-09-2019 20:31

Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը սեպտեմբերի 11-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի և Սենատի պատգամավորների պատվիրակությանը` Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Գի Տեսիեի գլխավորությամբ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ԱԳՆ ղեկավարը ողջունել է ֆրանսիացի խորհրդարանականներին և կարևորել նրանց այցը՝  Արցախում առկա իրավիճակին ծանոթանալու, ինչպես նաև երկու ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացման տեսանկյունից: Մասիս Մայիլյանն անդրադարձ է կատարել Արցախում պետականաշինության գործընթացին և տեղի ունեցող ժողովրդավարական զարգացումներին, մասնավորապես, վերջերս կայացած ՏԻՄ ընտրություններին: ԱԳ նախարարն ընդգծել է, որ դրանք Արցախում ժողովրդավարական արժեքների հիման վրա հանրային կյանքի կազմակերպման գործընթացի հերթական դրսևորումն են: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերություններում ունեցած ձեռքբերումներին, մարտահրավերներին և դրանց դիմակայելու հնարավորություններին: Կողմերը նշել են Արցախի միջազգային կապերի զարգացման անհրաժեշտությունը և նրա բնակիչների հիմնարար իրավունքների և ազատությունների անխոչընդոտ իրացման կարևորությունը: Մասիս Մայիլյանն ընդգծել է երկու երկրների միջև խորհրդարանական դիվանագիտության և ապակենտրոնացված համագործակցության զարգացման ուղղությամբ ջանքերը կրկնապատկելու անհրաժեշտությունը: Այս համատեքստում ԱԳՆ ղեկավարը կարևորել է Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի առանցքային դերը:

Lragir.am,
11-09-2019 20:31