Մոսկվան՝ պատրաստ պատերազմի. Պուտինի երեւանյան ակնկալիքները 

(շարունակություն, սկիզբ՝ lragir.am սեպտ. 6) «Հինգ տարով ուշացած հեղափոխության» հայտնի նախատինքը, որ Նիկոլ Փաշինյանին է ուղղել հայաստանյան ուղղության ռուս հայտնի վերլուծաբաններից մեկը, նշանակում է, որ Թուրքիան, այլ ոչ Հայաստանն է ներդաշնակ Ռուսաստանի ներկա ստրատեգիական դիրքավորմանը: Ի՞նչ կարելի է ասել այդ դիրքավորման ուրվագծերի մասին Խոսքը «168 ժամ» պարբերականի հարցազրույցում հնչած կշտամբանքի մասին է [168.am հուլիս 25]. «… Փաշինյանը (…) ուշացել է հինգ տարով, մենք արդեն Թուրքիայի հետ ենք»: Օրերս այդ թեզը հաստատվեց եւ զարգացավ: Իրոք, երբ ՆԱՏՕ անդամ Թուրքիան արժանանում է ռազմական հակադիր ճամբարի առաջատարի ջերմ ուշադրությանը, եւ տեղի է ունենում մարտական եւ տեխնոլոգոական համագործակցություն, կարելի է խոսել միայն մեկ բանի մասին՝ Ռուսաստանի ռազմավարության հիմնական փոփոխության: Թուրքիայի ուղղությամբ ռուսական ստրատեգիայի փոփոխությունները բնավ տակտիկական չեն, ինչպես տարակուսանքով պնդում էին դեռեւս 3-4 տարի առաջ գրեթե բոլոր ռուս վերլուծաբանները: Դրանք ընդհանուրի էական մասն են: 2014-ին բյուրաղացած արտաքին քաղաքական ընդհանուր վերաձեւումը ենթադրում էր կտրուկ, սպեցիֆիկ փոփոխություններ նաեւ Ռուսաստանի ներքին կյանքում: Դրանց մեջ կարեւորները պետական ռեզերվների կառուցվածքի վերանայումն է, արտադրական ոլորտի ռազմականացումը, բնակչության որոշ շերտերի կենսամակարդակի միտումնավոր նվազեցումը եւ 24-ժամյա ռազմատենչ քարոզչությունը: Առաջին հայացքից անտրամաբանական թվացող մարգարիտսիմոնյանական հակահայ պրոպագանդան ընդհանուր քարոզարշավի ներդաշնակ մասն է: Դա ակնհայտ է դառնում, եթե ենթադրել, որ Հայաստանը եւ հայությունը, որին ռուսական վերլուծական միտքը միասնական է դիտում, գտնվում են պատերազմական պլանավորման հավանական ուղղության վրա: Թե ինչ դերակատարությամբ՝ մատաղացուի, կրակից շագանակներ քաշողի, թե թեփով լեցված հակաթյուրք բոբոյի, այլ հարց է: 1921թ. Մոսկովյան պայմանագրից հետո հայկական վարկը սպառած Մոսկվայում զարմանալիորեն տենչում են տեսնել նաեւ հայերի սեփական տարբերակները «հայը ռուսական պիեսում» թեմայով: Հենց այս դերակատարությունների շուրջ էլ ծավալվում են հայ ընթերցողին ուղղվող մոսկովյան ինտերվյուները՝ բարի եւ ահել ոստիկանը ընդդեմ չար եւ ջահելի ձեւաչափով: Հայտնի մեթոդի պատճառները կռահելի են «խաշած բողkից էլ պարզ» (ռուս այլաբ. -խմբ.): Բանն այն է, որ հեղափոխությունը էապես խորացրել է Մոսկվայի համար առանց այդ էլ սարսափելի դարձած՝ «քաղաքական մշուշի ասպետ» Սերժ Սարգսյանի կոշմարը: Ֆոտ Պատրիարքի եւ Կոնստանտին Ծիրանածին կայսեր՝ սլավոն հոգեզավակների շփոթը հասկանալուց հետո հարկավոր է հավատացյալի ողջ կրքով ներել նրանց: Նոր «Ոսկե Օրդան» երբեմնի հայ հովիվների «մշուշից» էլ դառն է: Մինչդեռ, 2007-ին Մյունխենում ամերիկյան հեգեմոնիային ընդդիմացած երկրի հենարանը հենց ՆԱՏՕ անդամ էրդողանական Թուրքիան է: Եվրոպական ուղղությունը հազիվ թե փրկի. մեկը լինի նրանց օգնի: Մակրոն-Պուտին ներդաշնակություն կառուցելու ռուսական փորացավը ընդամենը տակտիկական է: Այն կոչված է ապահովագրել Ռուսաստանի պետպահուստի ապադոլարացումը: Մոսկվայի չինական հույսերը հասկանալի պատճառներով բոլորովին սին են: Նախորդ նյութով [lragir.am սեպտ. 6] անդրադարձել էինք ՌԴ տնտեսության պետական սեկտորի կողմից՝ շրջանառու միջոցների նվազման հաշվին աննախադեպ մեծ բանկային հաշիվների գոյացմանը: Դեպոզիտների աճը 2018-ին կազմել է $56 միլիարդ եւ գերազանցել 2017-ի ցուցանիշը 10 անգամ: Պարզ լեզվով ասած, փողերը հանվում են տնտեսությունից եւ դիզվում: Միաժամանակ պետբանկի միջազգային բարձր լիկվիդ ռեզերվները դոլարային նոմինացիայից փոխակերպվում են յուանների եւ եվրոների: $120 միլիարդի մետաղական ոսկի է կուտակվել: Երկիրը բառի ժամանակակից իմաստով պատերազմի նախապատրաստելու նշանները առկա են 2014-ից ի վեր: Սակայն, կարելի է ասել, դրանք վերջնական հաստատում գտան հենց այս տնտեսական տվյալներով: Ռաատ, Ֆինլանդիա, 1940 հունվար: Ջախջախված 44-րդ խորհրդային հրաձգային դիվիզիան: Մոտ 8000 սպանված ու անհայտ կորած, 1300 գերի   Ավագ սերնդի մարդիկ, երբ մնում-մնում վերհիշում էին անցած տարիները, զգուշացնում էին ուշադիր լինել կենսամակարդակի կտրուկ անկման նկատմամբ: Ասում էին. դա գալիք պատերազմի նշան է: ԽՍՀՄ բնակչության 1937-1939թթ. տնտեսական սղություններին շատ շուտով, 1939-1940 ձմռանը հաջորդեց սովետների ագրեսիան այժմ ռուսական Վիբորգ քաղաքի եւ Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիի ուղղությամբ: Համեմատական հաջողությունը նվաճվեց հարյուր հազարավոր զինվորների կորստի գնով: Ֆինները Մոսկվային տարածքներ զիջեցին հետագայում գերմանացիների օգնությամբ հետ բերելու՝ ռայխսնախարար Հերման Գյորինգի տված խոստումի դիմաց: Նկատենք, որ ԽՍՀՄ դեմ պատերազմելու խոստումը ֆին դեսպանորդ Կիվիմյակիին տրվել էր հակառակ Բեռլինի ու Մոսկվայի միջեւ ստորագրված Չհարձակվելու մասին 1939թ. պայմանագրի՝ Մոլոտով-Ռիբբենտրոպ պակտի: Մոսկվա 1939: Ստալինը, Մոլոտովը եւ Ռիբբենտրոպը տոնում են Լեհաստանը, Բեսարաբիան (Մոլդովան) եւ երեք բալթյան երկրները «տնօրինելու» մասին պակտի ստորագրումը   Մինչ Ֆինլանդիան խորհրդային զորքերը արդեն օկուպացրել էին լեհական եւ ռումինական տարածքները Քիշնեւ-Լվով-Բրեստ գծով: Օդային բանակների թիրախի մեջ էր նաեւ ռումինական նավթարդյունաբերութան կենտրոն եւ հիտլերյան տնտեսության հիմնական մատակարար Պլոեշտին: Ուշագրավ է, որ Իոսիֆ Ստալինը մերժեց ի հավելումն այս տարածքային ձեռքբերումներին 1914թ. Կարս-Արդահան գիծը խաղաղ կերպով զբաղեցնելու Ադոլֆ Հիտլերի առաջարկը, որն արվել էր արտգործնախարար Վյաչեսլավ Մոլոտովին 1940 նոյեմբեր 13-ին Բեռլինում: Մոսկվան գերադասեց թուրքերի չեզոքությունը, ինչի դիմաց, ամենայն հավանականությամբ, այնուհետեւ վճարվեց նաեւ 330,000 հայ տղամարդկանց արյունով՝ համաձայն 1921թ. Մոսկովյան պայմանագրի չհրապարակված հոդվածների դրույթների կամ առանձին գաղտնի արձանագրության: Մոլոտով-Ռիբբենտրոպ պակտին կից նման արձանագրության առկայությունը կտրականապես ժխտվում էր Մոսկվայում մինչեւ 1989թ., իսկ փաստաթղթի խորհրդային օրինակի բնագիրը հրապարակվել է միայն այս տարի՝ 2019-ին. [historyfoundation.ru 31 մայիս]: Բեռլին 1940: Հիտլերը պատրաստ է վերադարձնել Կարսը, Արդահանը եւ Մասիս լեռը: Մոսկվայից առարկում են, թե Սեւծովյան նեղուցները ավելի կարեւոր են   1941-ի ամռանը պատերազմական գործողությունները, հակառակ ստալինյան դոկտրինին, ծավալվեցին արդեն խորհրդային տարածքի խորքում՝ Լենինգրադ-Մոսկվա-Ստալինգրադ-Ռոստով գծով: Իրադարձությունները, սակայն, պատրաստ էին բոլորովին այլ ուղով ընթանալ: Բավական է նշել, որ միայն գերմանա-իտալա-հունգարա-խորվաթական առանցքի գրոհը Բելգրադի վրա 1941-ի ապրիլին խանգարեց Ուինսթոն Չերչիլին գերարդիական DH.98 Մոսկիտո ռմբակոծիչներով վառել դեռեւս 1918-ից «դարդ» մնացած Բաքուն եւ Մոսկվային սպառնալ Անդրկովկասից: Ռուսական ՌՈՒՍ-1 ռադարների եւ հնացած Ի-16 կործանիչների համար անհասանելի բրիտանական օդային բռունցքը կախված էր նաեւ Գրոզնու ու Ստալինգրադի վրա: Ի պատասխան ֆրանսիական եւ բրիտանական նենգ ծրագրերի, ԽՍՀՄ պատրաստվում էր Խորհրդային Հայաստանից օդանավեր բարձրացնել եւ դաշնակից Հիտլերի բալկանյան առաջխաղացմանը զուգահեռ գրոհել Էրզրում, Վան, Թավրիզ ուղղություններով՝ հայկական հողերը ասպատակող անգլիացիների դեմ: Հատկանշական է, որ Երկրորդ Աշխարհամարտի հնարավոր կիզակետեր Ֆինլանդիայում եւ Հայաստանում չկայացած խորհրդա-բրիտանական բախումից արդեն ընդամենը 4 ամիս անց՝ 1941-ի օգոստոս-սեպտեմբերին, ճիշտ հայելային «տրամաբանությամբ» ձեւավորվեց ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, այնուհետեւ նաեւ ԽՍՀՄ, հակահիտլերյան կոալիցիան: Մոսկվա 1942: Մոլի հակակոմունիստ Չերչիլն ու բոլշեւիկ Ստալինը հրաժեշտի աղմկոտ գինարբուքից առաջ Այս համառոտ պատմական էքսկուրսն արվում է, որպեսի պարզ երեւա թշնամի-դաշնակից բաժանման պայմանականությունը նախապատերազմական շրջանում: Սա ունիվերսալ, համընդհանուր երեւույթ է բոլոր նման հանգամանքների համար, երբ պատերազմը սաղմի մեջ է, իսկ կողմերը շոշափում են խաղի մեջ մտնելու լավագույն կոնֆիգուրացիան: Որեւէ գաղափարական, բարոյական եւ քաղաքակրթական նկատառում մի կողմ է դրվում: Սա բնավ չի նշանակում, որ պետությունների գաղափարական, քաղաքակրթական, մշակութային կամ հոգեւոր-կրոնական համակարգերը անբան են մնում: Ընդհակառակը, դրանցով, իբրեւ զենք, ողջ ուժով թիրախավորում են հավանական հակառակորդին, անհամբեր նաեւ «տաք» զենքը հարմար պահի գործադրելուն: Սառը զինանոցն օգտագործվում է, բնականաբար, նաեւ սեփական հանրությունը համախմբելու նպատակով: Առավել ընդգծված է սառը կամ փափուկ զինանոցի դերը «պատերազմ» հասկացության հիբրիդային ընդլայնման ներկայիս փուլում: Ահա այսպիսին է անշուք թվացող ներկայի գեղազարդ պատմական դեկորը: Մեր շրջանում պատմություն տակավին կերտող Ռուսաստանի նախապատրաստությունների եւ դրանցում հավանական հայկական դերի մասին շարադրանքը կեզրափակենք հաջորդիվ: Ոչ թե 5, այլ 10 տարով ուշացած հեղափոխության մասին ռուսական դատողությունները [1in.am սեպտ. 8] որոշ լույս են սփռում այդ ենթադրյալ դերի եւ վերջինիս աշխարհագրության վրա: Վարչապետ Փաշինյանի ուղերձը հայ դեսպաններին [Մատենադարան, Երեւան, օգոստոս 27] հույս է ներշնչում, որ անկառավարելի նավակի լերմոնտովյան փոխաբերությունը հետզհետե խորթ է դառնալու մեր  քաղաքականությանը: (շարունակելի)

ՊԱՎԵԼ ԴԱԼԼԱՔՅԱՆ, Քաղաքական մեկնաբան, Մոսկվա
11-09-2019 20:53