Հայաստանի կառավարությունն անցել է ռուբիկոնը. Ամուլսարի հարցում վստահություն չկա

Մեր զրուցակիցն է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը Այսօրվանից մեկնարկում են Ամուլսարի հանքի շահագործման դեմ ակցիաները: Ինչպիսի՞ մասնակցություն է ունենալու ձեր կուսակցությունը և այս փուլում դեռ տեսնո՞ւմ եք փոխզիջումային տարբերակ կառավարության հետ: Այսօր նախատեսված էր առաջին գործողությունը: Սա մեկնարկային, նախազգուշական փոքրիկ ակցիա է: Հայկական բնապահպանական ճակատ նախաձեռնությունն է իրականացնում այդ գործողությունը, սա մեզ համար ընդունելի նախաձեռնություն է, և կա լիարժեք փոխըմբռնում այն հարցի շուրջ, որ Ամուլսարը պետք է սար մնա, և մենք՝ ակտիվ քաղաքացիներս, երկար տարիներ բարձրացրել ենք սեփական միջավայրի ճակատագիրը որոշելու, Հայաստանում այլ որակի տնտեսություն, այլ որակի էկոլոգիական քաղաքականություն ունենալու հարցը, պետք է շարունակենք մնալ այն նույն սկզբունքների մեջ, որ եղել ենք: Եվ եթե չի փոխվել այն քաղաքականությունը, որը կար տարիներ առաջ, ապա չպետք է փոխվեն նաև մեր գործողությունները, որոնք կային տարիներ առաջ: Եթե կա խնդիր, մենք դրան մոտենալու ենք նույն կերպ, և մեզ համար կապ չունի, թե ովքեր են մեր դիմաց կանգնում, որովհետև լավագույն ցանկություններով կարելի է ամենավատ քայլերն անել: Ինչ վերաբերում է փոխզիջմանը, ապա, այո, հնարավոր է փոխզիջում հետևյալ կերպ. կառավարությունը չեղարկում է Ամուլսարի հանքի ՇՄԱԳ փորձաքննության դրական եզրակացությունը, և հանրությունը սկսում է քննարկել՝ արդյոք կառավարությունն այն կազմով, որով կա, ունակ է լուծել մեր առջև ծառացած խնդիրները, թե այդ կազմը պետք է փոփոխության ենթարկվի: Տեղի է ունեցել մեծագույն կեղծիք, մարդիկ հայտարարել են սկզբունք, գնացել է գործընթաց, գործընթացն ի վերջո հանգեցրել է նրան, որ տրամաբանորեն պետք է իրենց հռչակած սկզբունքների բերումով այդ հանքը փակվեր, սակայն իրենք սկսել են մանիպուլացնել պրոցեսը: Այս ամենից հետո, ենթադրում եմ, որպես փոխզիջում կլինի այն, որ հանրությունը պատրաստ կլինի քննարկել իրենց վստահության հարցը: Եվ գուցե այդ հնարավորությունը կա, որ նրանք փորձեն ուղղել այդ սխալները: Կարծում եք՝ վստահության կորստի առա՞ջ է կանգնելու իշխանությունը Ամուլսարի խնդրի հետ կապված: Ամուլսարի հարցի շուրջ ՀՀ կառավարությունը չունի վստահություն: Հայաստանի կառավարությունն անցել է ռուբիկոնն այն պահից, երբ հայտարարել է, որ եթե հանքը ունենա բնապահպանական ռիսկեր, չի շահագործվելու, և ԷԼԱՐԴ-ի հետ տեսակոնֆերանսում պարզելով, որ ունի բնապահպանական ռիսկեր, եկել ասել է՝ բացեք ճանապարհները, գնում ենք դեպի շահագործում: Սա հայտարարած սկզբունքներից հետ կանգնելու դրսևորում է, որը չի ներվել որևէ քաղաքական ուժի կամ գործչի, և ես վստահ եմ, որ չի ներվելու կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում: Այո, այս պահին խոսքը չի գնում այն մասին, որ կառավարությունը տոտալ կորցրել է իր վստահությունը և վաղը պետք է հրաժարական տա: Պարզապես սասանված է վստահության մթնոլորտը, և կառավարությունը մեծագույն անելիք ունի այդ վստահությունը վերականգնելու ճանապարհին, որովհետև կառավարությանը տրվել էր մեկուկես տարի ժամանակ, որպեսզի իրենք այդ գործընթացը տանեին տրամաբանական ուղղությամբ և հանգեին հանրության պահանջներից բխող լուծումների, իրենք այդ պրոցեսն անընդհատ փորձել են մանիպուլացնել: Եկել է բացասական եզրակացություն, մինչդեռ գոռգոռացել են, թե դրական է, հետո ԷԼԱՐԴ-ի հետ տեսակոնֆերանսից հետո հայտարարել են, որ պետք է հետևություններ անել, հետո հայտարարել են, որ մեր հետևությունը նույնն է, ինչ դրանից առաջ էր, հետո հայտարարվել է, որ պետք է շահագործվի, որովհետև մենք օրինական մեխանիզմներ չունենք այն դեպքում, երբ վերջին ութ ամսում պառլամենտում պարզ չի, թե ինչով են զբաղված եղել, եթե չեն փոխել այն օրենքները, որոնք խանգարում են մեզ մեր շահերը սպասարակելու: Դանակը հասել է մարդկանց ոսկորին: Եվ սպասելու արդյունքն այն է եղել, որ գործընթացը տեղից չի շարժվել: Հիմա մարդիկ հարցեր են բարձրացնում, որոնք վստահության մթնոլորտը խաթարում են: Եվ կոնկրետ Ամուլսարի խնդրի շուրջ չկա այդ վստահության մթնոլորտը: Եվ այս վստահության ճգնաժամն էլ ավելի կխորանա, եթե հանկարծ հետագա քայլերում իրենք որոշեն արկածախնդրության գնալ Ամուլսարի հարցի լուծման ճանապարհից: Կա վստահության ճգնաժամ, և կառավարությունը դրանից մեծագույն հետևություններ ունի անելու: Վարչապետը խոստացավ, որ հանքը չի շահագործվի մինչև ապրիլ, միայն կոչ է անում ապաշրջափակել հանք տանող ճանապարհը: Եկեք մի քիչ հետ գնանք: Վարչապետը գնացել է Ջերմուկ, իրեն ասել են, որ մեր լսված լինելու  իրավունքը խախտվել է, մենք չենք կարողացել մեր շրջակա միջավայրի, մեր տնտեսական գործունեության հետագա փուլի վերաբերյալ որոշում կայացնել: Վարչապետը հայտարարել է, որ այս ամենը մի կողմ, միջազգային անհերքելի հեղինակություն ունեցող ԷԼԱՐԴ-ն ինչպես ասաց, այդպես է: Եվ եթե պարզվեց՝ կան ռիսկեր, մեզ ոչինչ չի հետաքրքրում, հանքը չի շահագործվելու, եթե պարզվեց՝ չկան ռիսկեր, հանքը շահագործվելու է: Շատ պարզ է խնդիրը դրվել, բայց վարչապետը ամսի տասնիննին հայտարարել է, որ ռիսկեր չեն առաջանում, հանքը պետք է շահագործվի: Հետևաբար, մենք ինչ պետք է անենք, մենք պետք է մեր հռչակած սկզբունքին հավատարիմ մնանք: Ֆենոմենալ է, երբ մարդը գոստոսի 19-ին ասում է, որ եթե մենք հընթացս սկսենք պայմանները խմբագրել, անլուրջ կընկալվենք, քսան օր հետո գալիս է և սկսում հընթացս պայմանները խմբագրել: Երբ հայտարարվում է մինչև ապրիլ, սա ժամանակ ձգելու դրսևորում է, ինքը շատ հստակ է ասել, որ եթե ռիսկեր կան` չի շահագործվելու, հիմա մարդիկ այդ հստակությունն են պահանջում իրենից: Մարդիկ այդ ծուղակի մեջ չեն հայտնվելու, և որևէ մեկը իրավունք չունի պահանջելու այդ վստահությունը, որովհետև մենք հիշում ենք նույն կուտակային կենսաթոշակային համակարգի հետ կապված հայտարարել են, որ եկեք հետաձգենք, երեք տարուց նոր ուժի մեջ կմտնի, կարող է չեղարկում ենք, և մենք տեսել ենք, թե ինչպես ամենաթունդ ընդդիմախոս մարդը եկել հայտարարել է, որ իրավիճակի փոփոխության բերումով ես արդեն կողմ եմ, մեկ տարի էլ ես եմ իմ կողմից հետաձգում, սուբսիդավորում, բայց միևնույն է, դա լինելու է: Վարչապետը բնապահպանական տեսչությանը հանձնարարել է ստուգումներ սկսել Ամուլսարում: Տեսչությունը մեկ անգամ արդեն եղել է տարածքում, և եթե խնդիրներ լիներ այնտեղ, Արթուր Գրիգորյանի գլխավորությամբ դրանք մաքսիմալ արձանագրվելու էին: Այս հարցերի պատասխանը չի տրվել, քանի որ տեսչությունը մի մարմին է, որը ստուգում է առկա իրավիճակի համապատասխանությունը ՇՄԱԳ-ին, իսկ առկա իրավիճակը շինարարություն է, այնտեղ հանք չկա, որ տեսչությունը գնա հասկանա, թթվային դրենաժ ունի, թե ոչ, այդ հանքը այս կամ այն ուղղությամբ  փոշի տարածում է, թե ոչ: Պարզ է, որ ինքը գնալու է ստուգի այն, ինչ այդ պահին կա: Եվ այս թեզի շահարկումը կարող է խոսել մեկ բանի մասին, որ կամ հանրությանը մոլորեցնում են, կամ այդ մարդիկ ընդհանրապես չեն տիրապետում՝ ինչ բան է կառավարական ապարատ, և որ մարմինն ինչի համար է: Երկուսն էլ սարսափելի վտանգավոր են, որովհետև մի դեպքում գործ ունենք մարդկանց հետ, որոնք հանրությանը «գցելու» մտայնություն ունեն, մյուս դեպքում՝ նրանց, հետ, որոնք այնքան վտանգավոր են, քանի որ չգիտեն՝ իրենց ձեռքի գործիքն ինչի համար է: Եվ այդ մարդկանցից ամեն ինչ կարելի է սպասել: Սա մոտավորապես նման է նրան, որ չորս տարեկան երեխայի ձեռքին տալիս են էլեկտրական սղոց: Սարսափելի վտանգավոր են երկու տարբերակն էլ, եթե դու ունես այդ որակի աշխատող կառավարություն:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
11-09-2019 21:54