Ով չէր հասցրել տեսնել. նա նորից գալիս է Հայաստան

Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի կազմկոմիտեն նախօրեին տարածել էր տեղեկություն, որ հոկտեմբերին Երեւան կայցելի հանրահռչակ հայուհին՝ Քիմ Քարդաշյանը: ՏՏ Համաշխարհային կոնգրեսը հոկտեմբերի 6-9-ն անցկացվելու է Երեւանում, եւ Քիմ Քարդաշյանը լինելու է կոնգրեսի հատուկ զեկուցողների շարքում, խոսելու է ժամանակակից աշխարհում սոցիալական մեդիայի հնարավորությունների մասին: Քարդաշյանը հայտնի հեռուստաաստղ է, նաեւ գործարար՝ ունի ներքնազգեստի սեփական արտադրություն: Ըստ տեղեկության, սոցցանցերում նրա հետեւորդների թիվը հասնում է մոտ 240 միլիոնի: Քիմ Քարդաշյանը Հայաստան կգա երկրորդ անգամ: Առաջինը 2015 թվականի ապրիլին էր: Նա եկել էր ոչ պակաս հայտնի ամուսնու՝ Քանյե Վեսթի, քրոջ՝ Քլոյի եւ իր առաջնեկի հետ: Քարդաշյանները Հայաստանում էին խորհրդանշական շրջանում՝ հայերի ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով: Ժամանակը խորհրդանշական էր ոչ միայն այդ իմաստով: 100-րդ տարելիցն ուղեկցվում էր այսպես ասած վերածննդի, զոհի կերպարից, բարդույթից դուրս եկած, վերածնված, համաշխարհային դերի հավակնող, համաշխարհային ասելիք ունեցող ազգ, ժողովուրդ եւ պետություն ներկայանալու գաղափարով: Այդ տրամաբանությամբ էր փորձ արվում կառուցել տարելիցի կազմակերպումը, թե պետական-պաշտոնական, թե հարակից մակարդակներում, որտեղ կազմակերպվում էր Սիսթեմ օվ ը Դաուն խմբի ապրիլի 23-ի երեկոյան խելահեղ համերգը Երեւանի հրապարակում, նախաձեռնվում եւ մեկնարկում էր Ավրորա համաշխարհային մարդասիրական նախաձեռնությունը: Քիմ Քարդաշյանի այցը թերեւս կարող էր լիովին տեղավորվել այդ շարքում: Որովհետեւ Քարդաշյանն իր էպոտաժով, իր հակասականությամբ հանդերձ խորհրդանշում է հենց հայկական համաշխարհայնությունը, այդ թվում Քանյե Վեսթին «լողացնելով» հայկական Կարապի «ջրերում»: Վեսթի այդ «ջրային շոուն» փաստացի նախերգանքն էր նաեւ Սիսթեմի խելահեղ համերգի, որը մի քանի օր անց տեղի էր ունենում հորդառատ անձրեւից թրջվող մի քանի տասնյակ հանդիսատեսի կլանված ներկայությամբ: Քարդաշյանի «առաջին գալուստը» դարձավ Հայաստանի համաշխարհային «նյուզմեյքերության» առիթ եւ պատճառ: Նրա բազմամիլիոն հետեւորդները հետեւում էին Հայաստանին, որոնք այլ դեպքում թերեւս չէին հետաքրքրվի մեր երկրով: Սակայն, մյուս կողմից, Քարդաշյանից հետո անշուշտ մնաց հարցը, թե՝ ի՞նչ մնաց նրանից հետո: Որովհետեւ երեւի թե փաստ չէ, որ նրա այստեղ գտնվելու ընթացքում Հայաստանին հետեւողները շարունակում են հետեւել ու հետաքրքրվել եւ ոչ թե «հեռացել» են Քիմի հետ: Նորաձեւ տերմինաբանությամբ ասած՝ ինչպե՞ս է «կապիտալիզացվել» Քիմի առաջին այցը Հայաստան, արդյոք կարեւորագույն այդ ռեսուրսը դրվել է երկարաժամկետ փոխգործակցության հիմքի վրա, թե՞ եկավ, տեսանք, գնաց ու երբեմն պարզապես կարող էր հիշել, ու գալ երկրորդ անգամ: Երկրորդ այցն այդ իմաստով կարո՞ղ է լինել որեւէ բացթողում լրացնելու հնարավորություն: Որովհետեւ Քիմ Քարդաշյանն այն համահայկական ռեսուրսի մի կարեւորագույն մաս է, որի վերաբերյալ խոսում են գործնականում բոլորը եւ օգոստոսի 5-ի իր ելույթում էլ Ստեփանակերտից հնչեցրել է վարչապետ Փաշինյանը: Ընդ որում, առաջին եւ երկրորդ այցերի «արանքում» Քիմը հասցրել է աշխատել նաեւ ԱՄՆ նախագահ Թրամփի հետ: Իհարկե ոչ թե հայերի կամ հայկական հարցով, այլ ԱՄՆ ազատազրկվածների: Բայց, կարեւորը, որ նա ունի նաեւ Թրամփի հետ շփման ու աշխատանքի փորձը: Արժե՞ փորձել Քարդաշյանի «կապիտալիզացիան» եւս մեկ անգամ, օգտագործելով նրա երկրորդ գալստյան հանգամանքը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
11-09-2019 22:31