Բոլթոնին հեռացրել են Պատրուշեւի Մինսկ այցից հետո. Լուկաշենկոն հանձնվե՞լ է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռացրել է ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին, եւ վերլուծաբանները դա կապում են  Հյուսիսային Կորեայի, Իրանի, Վենեսուելայի, թալիբների, Ռուսաստանի խնդիրների հետ: Ինչ վերաբերում է Ռուսաստանին,  ինչպես նշում են փորձագետները, Ռուսաստանին փորձում են «զսպել» բելառուսական ուղղությամբ: Բոլթոնի Բելառուս այցը վկայում է, որ ԱՄՆ-ն կարեւոր նշանակություն է տալիս այդ ուղղությանը: «Ակնհայտ է, որ Բելառուսը սերտ հարաբերություններ է ունենալու Ռուսաստանի հետ, եւ ոչ ոք չի ասում, որ այդ հարաբերությունները չլինեն: Մտահոգություններ են առաջացնում Կրեմլի տարածքային նկրտումները, որոնք վերջին տասնամյակում, ինչպես տեսել ենք, վերաճել են հակամարտությունների հրահրման՝ լինի Մերձդնեստրը, Վրաստանը, Ղրիմը կամ Ուկրաինայի արեւելքը», նշում է ամերիկացի փորձագետ Ջոնաթան Կացը: Դեռ մարտին Բլումբերգ գործակալությունը, հղում անելով իր աղբյուրին, գրել էր, որ Կրեմլում մշակվում է սցենար, որով Պուտինն իշխանության կմնա Բելառուսի հետ միավորման ճանապարհով: Օգոստոսի վերջին օրերին Ջոն Բոլթոնը այցելեց Բելառուս եւ այդ մասին զրուցեց Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Բոլթոնը Մինսկի հանդիպումից առաջ ասել էր. «Մոսկվայից լսած հայտարարությունների լույսի ներքո կարեւոր է այցելել Բելառուս ու խոսել նրա ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության մասին»: «Երբ ԽՍՀՄ-ը փլուզվեց եւ անկախ պետություններ հիմնվեցին, մենք հայտարարեցինք ու շարունակում ենք հայտարարել անկախությանն ու ինքնիշխանությանն աջակցելու մասին: Բելառուս ժողովուրդը պետք է որոշի՝ ցանկանում է ինքնիշխան մնալ, թե ոչ: Իմ կարծիքն է, որ դեռ ցանկանում է ինքնիշխան պետություն մնալ», – ասել է Բոլթոնը Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո: Այդուհանդերձ, բանակցությունների արդյունքներով Թրամփի խորհրդականն ասել է, որ շատ կարեւոր հանդիպում էր, բայց կոնկրետ որոշումների չեն հանգել: Դա նշանակու՞մ է, որ Բոլթոնը ԱՄՆ-ի համար տհաճ պատասխաններ է լսել Լուկաշենկոյից, Բատկան հանձնվել է, եւ Բելառուսի ու Ռուսաստանի միավորումն իրականություն է դառնում: Դրանից մեկ շաբաթ անց Մինսկ մեկնեց Ռուսաստանի Ազգայի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը, ում հետ Լուկաշենկոն խոսել է նաեւ «Ռուսաստանի ու Բելառուսի ինտեգրացիայի սխեմայի» մասին: «Կարծում եմ, որ խոսելու թեմա ունենք, առավել եւս, որ վերջերս վարչապետները Մոսկվայում հանդիպել ու քննարկել են Դաշնային պետության մասին պայմանագրի մշակման ու իրականացման հարցը: Մենք փորձում ենք հասնել նրան, ինչին կարող ենք այս փուլում», – Պատրուշեւին ասել է Լուկաշենկոն: Զրուցակիցները հաստատել են Դաշնային պետության ամրապնդման նպատակը՝ ի շահ ռուս եւ բելառուս ժողովուրդների: Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպմանը հիշարժան նվեր է մատուցել Նիկոլայ Պատրուշեւին՝ կապված Խորհդային Միության տարիներին Բելառուսի տարածքում վերջինիս ծառայության հետ: «Որոշել եմ ձեզ նվիրել ժամանակին Բելառուսի ձեր ծառայության ու աշխատանքի դոսյեն: Հասկանում եմ, որ գնահատում եք այդ տարիները: Հասցեներ, գաղտնաբառեր, ամենն այստեղ է: Զարմանալի է, այդ տարիներին ոչ մի թերություն չի հայտնաբերվել, այդ պատճառով էլ մեծ մարդ եք դարձել: Կարծում եմ, հաճելի կլինի հիշել այդ տարիները»: Հատկանշական է, որ Լուկաշենկոն Բոլթոնին նվիրել է շոկոլադ ու բելառուսական «Պրեզիդենտ» օղի, «որից գլուխը չի ցավում»: Թրամփին էլ Բոլթոնի միջոցով նվիրել է դանակ, իսկ Մելանյային՝ սփռոց:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
11-09-2019 23:22