Հույս ունեմ, որ իրավիճակը չի հասնի այն կետին, որ ոստիկանությունը ստիպված լինի միջամտություն ցուցաբերել. Մակունց

12-09-2019 08:13

Հրապարակ թերթը գրում է. Ամուլսարն ապաշրջափակված չէ, Փաշինյանի խնդրանքին ի պատասխան՝ հանքի ճանապարհը չբացվեց, ինչպե՞ս եք լուծելու հարցը՝  «տանկե՞ր եք մտցնելու»․ հարցրինք իշխող ֆրակցիայի ղեկավար Լիլիթ Մակունցին: «Բացարձակ անընդունելի եմ համարում նման ձեւակերպումը, այդ գործիքակազմը երբեք ու երբեք չի կարող հարիր լինել ներկա կառավարությանը: Դա ընդհանրապես չի կարող քննարկվել, սա պարզապես սադրիչ արտահայտություն է, որի կարիքը չկա»: Իսկ ի՞նչ եք անելու: «Հույս ունեմ՝ վարչապետի խոսքը բավականին համոզիչ էր, փաստարկված ե՛ւ բնակիչների համար, ե՛ւ բնապահպանների, ովքեր, իմանալով ճանապարհային քարտեզն ինչպես է լինելու, պիտի որ վստահ լինեն, որ բնությանն ու բնակչությանը չի կարող այս ճանապարհով վնաս կամ վտանգ սպառնալ: Հույս ունեմ, որ իրավիճակը չի հասնի այն կետին, որ ոստիկանությունը ստիպված լինի միջամտություն ցուցաբերել»: Իսկ եթե շարունակեն պաշարել, միջամտությո՞ւն է լինելու: «Ես չգիտեմ, որոշումներ կայացնելը մեր տիրույթում չէ»:

Lragir.am,
12-09-2019 08:13