Գյումրեցի ևս մեկ ընտանիք կլքի վագոն-տնակը

12-09-2019 08:57

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կամավորական խմբերը դարձյալ մեկնել են Գյումրի: Նպատակը եղել է նույնը. բնակարան կառուցելով՝ փոխել մարդկանց կյանքն ու մտածելակերպը: Գործակցող կողմերը վստահ են, որ ցանկացած աջակցություն կարող է նպաստել Գյումրի քաղաքի շենացմանը: Եվ որ «աղետի գոտի» բառակապակցությունը կդադարի լինել այս քաղաքը բնութագրող արտահայտություն: Սողոյան-Թադևոսյանները, շատերի նման՝ իրենց տունը կորցրել են 1988 թ.-ի երկրաշարժի ժամանակ: Դրան հաջորդել են մետաղական տնակում ապրելու երկար ու ձիգ տարիները: 2012 թ.-ին ընտանիքին հաջողվել է գնել կիսակառույց շինություն, սակայն շինարարական աշխատանքներն ավարտին հասցնել այսպես էլ չեն կարողացել: Ամուսնությունից հետո, մինչև օրս վագոն-տնակում ապրող  Քրիստինան, տարբեր  փորձությունների միջով է անցել: Նրա երազանքների տունը մնացել է կիսակառույց շինություն՝ ամուսնու առողջական լուրջ խնդրի պատճառով: Երիտասարդ կինը ստանձնել է իրավիճակից դուրս գալու պատասխանատվությունը՝ արտերկրում բուժվող ամուսնուն թիկունք լինելու համար: Քրիստինայի նախաձեռնությանն սկսել են աջակցել բնակարանաշինության գործում տարիների հաջողված փորձ ունեցող կազմակերպությունները՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը և «Ֆուլեր տնաշինական կենտրոնը»: «Տնակում ձմեռը շատ ցուրտ է: Ամենադժվարը առավոտներն են… Փորձում ենք մի փոքր տաքացնել, սակայն՝ անօգուտ: Իսկ ամռանն  անտանելի տոթ է: Մեր երազանքն է ՝ որքան հնարավոր է շուտ ազատվել մետաղական տնակից: Շնորհակալ եմ կամավորներին՝  օգնության ձեռք մեկնելու և շինարարական աշխատանքները ևս մեկ քայլով ավարտին մոտեցնելու համար»,- ասել է Քրիստինան: «Դարձյալ Գյումրիում ենք՝ իր փոքրիկ  «անկախությունը» ստեղծող այս ընտանիքին աջակցելու համար: Հետաքրքիր ու խորհրդանշական  է, որ ընդամենը 10 օր հետո, մենք նշելու ենք մեր երկրի Անկախության տոնը: Առաջին հայացքից, դա որևէ կապ չունի թեմայի հետ: Գուցե այդպես է, բայց շատ լավ առիթ է իրականացվող շինարարության ընթացքում սրտանց ուրախանալու համար:  Հատկապես Գյումրիում, բնակարան չունեցող ամեն ընտանիք դեռևս հիշում է երկրաշարժն ու ավերիչ հետևանքները: Ժամանակն է մեկընդմիշտ մոռանալ անցած կյանքի դժվարին ճանապարհը, չխուսափել խնդիրներից, գնալ դրանց ընդառաջ, փորձել լուծել  և յուրաքանչյուր տոնի հետ՝ ամրանալ ու առաջ շարժվել: Մեծ հաջողությունը ստեղծվում է փոքրիկ քայլերից: Մենք այստեղ ենք՝ մեր գործով այդ ամենը փոխանցելու համար»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «Կորցնել սեփական տունն իրապես ցավալի է: Չնայած այս ընտանիքը հայտնվել է առողջական և ֆինանսական խնդիրների առջև ՝ չի հուսահատվել և շարունակել է հավատալ, որ իրենց երեխաները կմեծանան բարեկեցիկ պայմաններով ապահովված տանը: Շինարարական աշխատանքներին կամավոր մասնակցությունը մեծ օգնություն էր ընտանիքի համար: Գյումրիում այս տարի բնակարանաշինության ծրագրով կլուծվի հինգ ընտանիքի բնակարանային խնդիր»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը: Մինչև տարեվերջ կավարտվի երկար սպասված տան շինարարությունը: Կամավորների օգնությամբ իրականացվել են  հատակի բետոնացման աշխատանքները:

Lragir.am,
12-09-2019 08:57