Մեղրիի առեղծվածը. ինչ են արել տարածքները

Մեղրիի ազատ տնտեսական գոտու գործունեության համար չկա բավարար տարածք, խորհրդարանում ի պատասխան ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցի հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ասել է, որ հարակից տարածքները սեփականաշնորհված են եւ ազատ տնտեսական գոտին, որ բացվել է 2017-ի դեկտեմբերին, ունի միայն շենք եւ կայանատեղի, իսկ գործունեության ծավալման համար անհրաժեշտ այլ տարածք չկա: Խորհրդանշական է, որ Նիկոլ Փաշինյանն այդ մասին խորհրդարանում խոսել է հենց Ծառուկյան դաշինքի պատգամավորի հարցին պատասխանելիս: Վարչապետը հայտարարել է, որ այդ տարածքների քրգործը գտնվում է դատարանում: Բանն այն է, որ հարուցված է անօրինական սեփականաշնորհման վերաբերյալ քրգործ: Նախատեսվում էր, որ տնտեսական գոտին պիտի ստեղծվեր փուլերով․ առաջին փուլում կառուցապատելու էին Մեղրիի մաքսային կետը՝ հարակից տարածքը, ինչն արդեն արվել է: Երկրոդ փուլում 70 հեկտարով պետք է ավելացվեին ազատ տնտեսական գոտու տարածքները՝ բիզնեսին տրամադրելու համար: Այս տեղեկությունը սակյան դեռ 2014 թվականին հայտնի է եղել Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախկին նախագահին՝ Մարտին Սարգսյանին, ով, ըստ ոստիկանության նյութերի, այն ժամանակվա վարչապետ Հովիկ Աբարհամյանի անունից դիմել էր հայ-իրանական սահմանին գտնվող Կարճևան համայնքի ղեկավարին: Ոստիկանությունը, մասնավորապես, հայտնել է, որ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախկին նախագահն իր տեղակալի հետ այցելել է Կարճևան համայնք, համայնքի ղեկավարին ցույց տվել ապագայում ստեղծվելիք «Մեղրի ազատ տնտեսական գոտու» հարակից տարածքները և վարչապետի անունից համայնքի ղեկավարին հանձնարարել նշված տարածքները օտարել «Էյ-Սի-Էյ» ՓԲԸ-ին՝ կեղծ աճուրդով: Խորհրդանշականն այն է, որ 2014-ին հենց ԲՀԿ առաջնորդությամբ տեղի ունեցավ վարչապետի փոփոխություն՝ ապրիլին վարչապետ նշանակվեց Հովիկ Աբրահամյանը, Գագիկ Ծառուկյանի խնամին: Փաստացի, խոսքը վերաբերում է Աբրահամյանի վարչապետության շրջանում ծավալված զարգացումներին: Ազատ գոտին բացվեց արդեն վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման շրջանում, սակայն այդ բացումը փաստորեն կրում է ձեւական բնույթ, քանի որ գոտին չունի գործունեության համար բավարար տարածք: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կա Իրանի հետ մաքսակետի արդիականացման խոշոր ծրագիր, որն ակնկալում են իրականացնել 2023 թվականին: Ըստ նրա, մինչ այդ էլ իհարկե պետք է լուծեն այնտեղ գործունեության համար բարենպաստ պայմանների, եւ այդ թվում ազատ տնտեսական գոտու տարածքների վերադարձի հարցը: Ինչպես հայտնի է, Հայաստանի խորհրդարանը մշակում է օրենքի նախագիծ, որը թույլ կտա առանց դատարանի որոշման բռնագանձել անօրինական ձեռք բերած գույքը: Եթե դատարանում գտնվող գործով կայացվի վճիռ, որ հողատարածքները ձեռք են բերվել ապօրինի, ապա օրենքի ընդունման դեպքում դրանք կարող են լինել այդ մեխանիզմով Հայաստանում պետությանը վերադարձված այսպես ասած նախադեպային գույք: Մինչ այդ, հոկտեմբերից մեկնարկում է Իրան-ԵՏՄ ազատ առեւտրի ժամանակավոր համաձայնագիրը, որից լիարժեք շահելու Հայաստանի հնարավորությունը փաստորեն սահմանափակված է դեռեւս 2014 թվականից:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
12-09-2019 09:22